Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են, որ ԱԺ չանցած ուժը իր ձայները փոխանցի ում ուզում է, կառավարությունը դեմ է՝ կոռուպցիոն ռիսկ կա

Հոկտեմբեր 22,2018 14:41

«Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումը ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է:

ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ լավ է, որ հեռուստաբանավեճի ինստիտուտ է մտնում, բայց մտավախություն ունի՝ եթե հեռուստաբանավեճերը կազմակերպվելու են զուտ տուրք տալու համար քաղաքական մոդային կամ այդ մի տարրն էլ ապահովել ժողովրդավարական ընտրությունների մեջ, դա մի խնդիր է, բայց այն ձեւաչափը, որով կազմակերպվում են հիմա հեռուստաբանավեճերը, դրանք շոուից բացի, որեւէ բովանդակային խնդիր չեն պարունակում. «Հեռուստաընկերությունն ինքը չպետք է որոշի բանավեճի թեման, այլ՝ բանավեճին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերը կամ այլ մասնակիցներն իրենք պետք է որոշեն, թե ինչ թեմայի շուրջ են իրենք բանավիճելու: Հետո այն ժամանակը, որը տրամադրվում է այդ բանավեճերին, ենթադրվում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ 2-3 նախադասությամբ կամ ռեպլիկների միջոցով է փորձելու հանրությանը ներկայացնել պետության, հասարակության զարգացման իր գաղափարները, տեսլականը»: Նա առաջարկեց, որ կա՛մ հեռուստաբանավեճին առաջին դեմքերը որոշեն, կա՛մ ձեւաչափը որոշեն մասնակիցները:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ այդ առաջարկը քննարկման առարկա է, կարող են քննարկել՝ արդյո՞ք դա անել ԸՕ-ով, թե՞ դրա իրավակարգավորումները վերապահեն կառավարությանը կամ ԿԸՀ-ին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց, որ ԸՕ-ում այնպիսի կարգավորումներ ամրագրեն, որ որեւէ քաղաքական ուժի ձայները չփոշիանան. «Դրանք վերաբերում են այն ձայներին, որ երբ որոշ քաղաքական ուժեր վստահության իրավունք են ստացել, բայց չեն անցել խորհրդարան, արդյոք հնարավորություն չպե՞տք է տրվի այդ ուժերին, որոնք, օրինակ, 10-20 հազար ձայն ունեն, որոշակի վստահություն են ստացել, իրենց ձայները փոխանցեն համախոհ ուժի, որպեսզի հանրային այդ խմբի կարծիքը կարողանան արտահայտել տվյալ քաղաքական ուժի միջոցով, ում փոխանցելու են իրենց քվեները: Այլեւս քաղաքացին վստահ կլինի, որ իր ձայները չեն կորելու»;

Զեյնալյանը պատասխանեց, որ դա հնարավոր չէ, կհակասի ընտրական իրավունքին, նաեւ իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Տվյալ պահին դա տեսական խնդիր է, որ բարձրացնում եք, բայց գործնական առումով այս ԸՕ-ում հնարավոր չի կիրառել»:

Բագրատյանը արձագանքեց, որ անմեղության կանխավարկածով են առաջնորդվում եւ պետք չի տասնյակ հազարավոր քաղաքացիների ձայները կոռուպցիա դիտարկել, երբ ուզում են այդ ձայները փոխանցել մեկ այլ քաղաքական ուժի: Ըստ Բագրատյանի, սա նոր Հայաստանն է ու այստեղ քիչ հավանական է, որ որեւէ մեկը կհամարձակվի այդպիսի կոռուպցիոն սխեմաներով առաջնորդվել: Նախարարն էլ պատասխանեց, որ խոսքը ոչ թե 10 հազար քաղաքացիների կոռուպցիայի մասին է, այլ՝ այն ուժի, որը կորոշի փոխանցել իր ձայները այլ կուսակցության ու գործարքի մեջ կմտնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031