Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել»

Հոկտեմբեր 22,2018 14:36

Հարցին, թե ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին եւ լինի ընդդիմություն ՔՊ-ի համար այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է եղել ՀՀԿ-ի համար, այսօր «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ, ի պատասխան պարոն Փաշինյանն ասաց. «Ես չէ, որ պետք է որեւէ մեկին պատկերացնեմ ընդդիմության դերում, դա պետք է անեն ընտրողները։ Ես ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել, որին նրանք ուզում են նմանվել։ Սա, իհարկե, հումոր է»։

Փաշինյանն ասաց, որ ակնկալում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն միանշանակ հաղթանակ է տանելու: Նրա խոսքով,
ժողովուրդը վստահության քվեն իրենց կտա, բայց իրենց կենտրոնացվածությունը ոչ թե սեփական իշխանության վրա է, այլ ժողովրդի իշխանության վրա. «Մենք ասել եւ ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ քննադատություններին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այն հնարավորինս պարզեցված է եւ չի կարծում, թե այդ քննադատություններն արտահայտում են իրականությունը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուրախ է, որ Շանթ Հարությունյանի որդին հայտնել է, որ Հունան Պողոսյանը Շանթ Հարությունյանին չի հարվածել: Ըստ նրա, նշանակում է, որ այս թեման օրակարգից դուրս եկավ, մյուս հարցերը պետք է հերթով նայել:

Նիկոլ Փաշինյանից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյանները ներկայացված լինեն նաեւ համամասնական ցուցակում, համալրեն այս՝ նոր իշխանության շարքերը, ինչին ի պատասխան, պարոն Փաշինյանը չբացառեց, որ ցուցակում կլինեն ուժեր, անձինք, որոնք ՀՀԿ-ի հետ առնչվել են. «Օրինակ՝ Ֆելիքս Ցոլակյանն էլ նախարար է նշանակվել, հնարավոր է, բայց էլի եմ ասում` ես հույս ունեմ, որ այս պրոցեսը, էն, ինչ որ մենք անում ենք, ընդ որում, մեծ հավանականությամբ չենք անում իդեալական, բայց կարեւոր է հասկանալ, որ մենք խնդիր ունենք իսկապես համախմբվելու, կոնսոլիդացիա իրականացնելու եւ փորձ անելու պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակելու: Հիմա եկեք նայենք, թե Սերժ Սարգսյանն ինչպես է երկար տարիներ պահպանել իշխանությունը, կառուցվածքը նայենք, հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով, ընդ որում, ներգրավելիս հո չեն ասել՝ եկեք գնանք երկիրը թալանենք, ասել են հանուն ազգի, պետության պետք է, որ այս ծառայությունը ստանձնեք: Ստանձնել են մարդիկ, հետո ասել են հանուն ազգի, պետության այս մի բանն այնքան էլ մի նկատեք, անցնենք առաջ: Հետո 2-րդ, 3-րդ անգամ, մինչեւ որ մարդիկ ֆիքսել են, որ մինչեւ գոտկատեղը խրված են պրոբլեմի մեջ»:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ով էլ լինի՝ եթե պարզվի, որ քրեորեն պատժելի արարք է կատարել, կկանգնի դատարանի առաջ. «Ես կլինեմ, կլինի որեւէ պաշտոնյա, կլինի Հունան Պողոսյանը, կլինի մեկ այլ անձ, եթե կպարզվի, որ նա քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել՝ կկանգնի դատարանի առաջ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031