Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետնին ընկած տղամարդու քթից արյունահոսում էր». Նուբարաշենի խճուղում սպանության գործով վկա

Հոկտեմբեր 22,2018 14:20

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր: Եղիշե Խաչատրյանին 2016թ.-ին Նուբարաշենի խճուղում դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու համար մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը: Ըստ քրեական գործի նյութերի՝ միջադեպի հարեւանությամբ գտնվող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներից մեկի հայրը՝ Սանասար Բադալյանը, որը եկել էր որդուն տուն տանելու, նկատողություն է արել տղաներին, եւ «արա»-ով դիմելու պատճառով նրանցից մեկը՝ Արարատ Նիկողոսյանը, գնացել է Բադալյանի հետեւից, Արտաշես Չիչոյանն էլ՝ վերջինիս հետեւից, որ հետ պահի բախումից: Հենց այս դրվագի մասին էլ այսօր դատարանում որպես վկա ցուցմունք տվեց ավտոտեխսպասարկման կետի մեկ այլ աշխատակից՝ Դավիթ Գրիգորյանը:

Նա դատարանին պատմեց, որ հիմա նշյալ տեխսպասարկման կետում չի աշխատում, գործով տուժողներից եւ մեղադրյալներից որեւէ մեկին չի ճանաչում եւ շփումներ չի ունեցել նրանց հետ. «Երեկոյան ավտոյի տակ պառկած գործ էինք անում, ձայներ լսեցինք՝ վիճաբանության ձայներ էին: Նրանց բաժանել ենք ու անցել գործի: Որեւէ մեկը որեւէ մեկին չի հարվածել, հայհոյանքներ չեմ հիշում, ես եւ տնօրենս կանգնել ենք նրանց մեջտեղում, որ բրբրդոց չլինի: Նուբարաշենի խճուղի դուրս չեմ եկել, տեխսպասարկան կետի դարպասների մոտ է դա եղել»:

Վկան վստահեցրեց, որ խճուղում տեղի ունեցած բուն միջադեպը չի տեսել, միայն լսել է, որ մարդ է վատացել եւ մի դրվագի ականատես եղել. «Ես դարձա տեխսպասարկման կետ, հեռախոսս վերցրի ու զանգեցի շտապօգնություն, որովհետեւ գոռում էին, որ շտապօգնություն է անհրաժեշտ: Տեսել եմ տարեց կնոջ(նկատի ունի սպանված խաչատրյանի մորը՝ Էմմա Աբրահամյանին), մի աղջկա եւ շատ մարդկանց: Տարեց կինը եւ աղջիկը օգնություն էին կանչում: Մի պահ տեսել եմ, որ աղջիկը գետնին ընկած տղամարդու(նկատի ունի Եղիշե Խաչատրյանին) մոտ էր չոքել, հետո ինչ-որ տղայի ձեռքից քաշում էր»: Հարցին՝ «գետնին պառկած տղամարդու մոտ արյուն նկատե՞լ է», Դավիթ Գրիգորյանը պատասխանեց. «Որքան հիշում եմ՝ քթից էր արյուն գալիս»:

Հիշեցնենք՝ երիտասարդներն իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ մահացած Եղիշե Խաչատրյանի մայր Էմմա Աբրահամյանը պնդում է՝ որդին արգելակել է եւ այդ կերպ խուսափել տղաներից մեկի մեքենային բախվելուց, սակայն վիճաբանության ժամանակ երիտասարդները ծեծելով սպանել են Եղիշե Խաչատրյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031