Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղեքս ո՛չ խուժան են, ո՛չ բանակից փախած, շառը եկել, փաթաթվել է, ախր ինչի՞ տանեն, փակեն»․ մղկտում է գյումրեցի երկվորյակների հայրը

Հոկտեմբեր 22,2018 13:52

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 17-ին Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում՝ «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ծեծելով բերման էին ենթարկել երկու երկվորյակ եղբայրների՝ 1995 թվականին ծնված Կառլեն և Գառնիկ Առաքելյաններին։

Տեսանյութը հայտնվել էր համացանցում, թեև մինչ այդ 5 ոստիկաններ դատարանում ցուցմունք էին տվել, որ տղաները իրենք են փորձել ծեծել ոստիկաններին, դիմադրություն են ցույց տվել ու նրանց ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով երկամսյա կալանքի էին վերցրել։ Համացանցում մեծ աղմուկ էր հանել ոստիկանների գործելակերպը՝ ծեծով, գոռոցներով բերման ենթարկելը, օգտատերերից մեկը նշել էր «Ինչ էլ առաջընթաց ունենք, իհարկե՝ վատ առումով»։

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում երկվորյակների հայրը՝ Սմբատ Առաքելյանը խնդրում էր վերանայել, լուրջ ուսումնասիրել գործը, քանի որ իր տղաները երբևէ ոստիկանությունում ո՛չ հաշվառված են եղել, ո՛չ էլ խուլիգանական վարքագծով են աչքի ընկել։

«Շառ է, եկել փաթաթվել է, նորմալ տղերք են, ո՛չ ոստիկանությունում գրանցված են, ո՛չ դատված են եղել, ո՛չ խուժան են, ո՛չ էլ բանակից փախած են։ Կարող են գալ մեր թաղամաս՝ Քութայիսյան, հետաքրքրվեն, ուզում են թող գնան մեր գյուղ՝ Աշոցքի Կաքավասար ու հարցնեն, թե մենք ինչպիսի մարդիկ ենք ու ինչ որդիներ ենք մեծացրել, ինչ մակարդակի երեխաներ են։

Մի տղաս բանակից նոր էր զորացրվել, Եղնիկներում էր ծառայում, աշխատող, թասիբով երեխաներ են, մեկը սպորտսմեն է՝ մեծ հաջողություններ ունի, դրսերից մեդալներ է բերել, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է, մյուսը՝ «Պետրովիչ» խանութում վաճառող է աշխատում։ Սպորտսմեն տղաս գնաց Երևան օլիմպիական վարպետության դպրոց, ստացավ մարզիչի կոչում ու իրեն բանակ տարան, չհասցրեց այլ մրցումների մասնակցել։ Ես երեք տղա եմ դաստիարակել, երեքն էլ նորմալ, թասիբով տղաներ են։ Մեկն էլ Ռուսաստանի Դաշնությունում է։ Տեսա տեսանյութը, շատ վատ զգացի, էդ ինչ գեշ են հարվածում տղաներիս, բայց չգիտե՞ք ինչպիսի դրվածք է․ինչքան ուզում է ոստիկանները սխալ լինեն, մեկ է իրենք իրենցն են առաջ տանում։ Մեր փաստաբանն ասում է, ոստիկանների տված վերջին ցուցմունքները ոնց որ մեկը մյուսից արտագրած լինեն, ոչ մի տառի փոփոխություն չկա։ Ջահել տղերք են և էն խուժանը չեն, որ տանեն գաղութ, պատահական բան է ստացվել, վերջը մարդկային գործոն գոյություն ունի, էդ պատահական բանի համար էսօր երեխեքին տանել, փակել, դարձնել հանցագործ, դա ճիշտ չէ․․․։ Գոնե տուգանքով բաց թողնեն, ես՝ որպես հայր, երաշխավորում եմ, որ նման դեպք էլ երբեք չի կրկնվի։ Եթե էդ կարգի տղաներ լինեն, կասեի դատեք, թող գնան․․․»։

Հայրը պատմեց, որ ըստ իր տեղեկությունների, տղաները մեքենայով գնացել են Վարդանանց հրապարակ, իրենց ընկերներից մեկը մեքենան ճռռացրել է, լեզվակռիվ է սկսվել ոստիկանների հետ, տղաները ներողություն են խնդրել նրանից, բայց հետո նորից լեզվակռիվը ծավալվել է, ոստիկաններից մեկը հրել է իր տղաներից մեկին, խփել, իր տղան էլ ոստիկանին է հրել ու խփել։

Երկվորյակների մայրն էլ պնդում է, որ իր որդիները ծանրակշիռ տղաներ են, ոստիկանն է հրահրել միջադեպը։ Մայրն ասաց, որ տղաները շատ ձգտող են, աշխատասեր, նրանցից մեկը՝ Գառնիկը, ուզում էր օդաչու դառնալ, սակայն պատճառաբանել են, որ սրտի արատ ունի, գործերը չեն վերցրել, ու նա բանակ է զորակոչվել։ Կառլենն էլ ավարտել է Գագիկ Ծառուկյանի անվան օլիմպիական քոլեջը, մարզիչի դիպլոմ ստանալով՝ զորակոչվել է բանակ։ Մինչ այդ նա ողնաշարի տրավմա է ստացել, կրծքի վիրահատություն է տարել։ Բանակից վերադառնալով՝ շարունակել է պարապմունքները։

Հիշեցնենք, որ երեկ մեզ պարզաբանումներ էր ներկայացրել նաև ոստիկանությունը, Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանը ծառայողական քննություն է նշանակել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031