Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողովին մասնակցել է 22 աշխարհահռչակ գիտնական, այդ թվում` Նոբելյան 2 մրցանակակիր

Հոկտեմբեր 22,2018 13:47

Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը, և այդ բնագավառում բավականին լուրջ ավանդույթներ կան: Անկախությունից հետո տնտեսական կապերի քայքայման արդյունքում Հայաստանում քիմիայի բնագավառը էապես տուժել է: Վերջին տարիներին, օրինակ, մեր երկրի երկու խոշոր բուհերում՝ ԵՊՀ-ում և Պոլիտեխնիկում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետի դիմորդները, որը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա իրավիճակով»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ պետք է նոր զարկ տրվի քիմիայի բնագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում: «ՀՀ նոր կառավարությունը բավականին հավակնոտ ծրագրեր ունի կրթության և գիտության ոլորտում: Այս ամիսների ընթացքում փորձել ենք տարբեր ծրագրեր մշակել, իսկ որոշ տեղերում արդեն անցել ենք դրանց իրականացմանը: Միջին մասնագիտական կրթության ոլորտում, օրինակ, մենք բավականին կարևորում ենք գործատուների հետ կապը և վերջերս մի քանի համաձայնագրեր ենք ստորագրել՝ այդ ոլորտն ակտիվացնելու և զարգացնելու համար: Նման հեղինակավոր գիտաժողովների անցկացումը հատկապես քիմիայի բնագավառում կենսական կարևորություն ունի Հայաստանի համար»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առանց միջազգային համագործակցության, առանց գիտական ժամանակակից աշխարհի փորձը և նվաճումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ որևէ ոլորտի, հատկապես քիմիայի զարգացումը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորել մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն ու նորարարական պրակտիկաներ կիրառեն:

Գիտաժողովին մասնակցել է 22 աշխարհահռչակ գիտնական, այդ թվում` Նոբելյան 2 մրցանակակիր: Գիտաժողովին ներկա են գտնվել նաև ավելի քան 100 գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից (ԱՄՆ, Շվեյցարիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Իսրայել, Իտալիա, Գերմանիա և այլն)` ունկնդրելու վերոնշյալ բանախոսների ելույթները և ներկայացնելու սեփական աշխատանքները: Կազմակերպիչները համոզված են, որ գիտաժողովը նոր շունչ կհաղորդի Հայաստանում քիմիայի ոլորտին և ուրույն հարթակ կծառայի հայ գիտնականների և ուսանողների համար՝ ծանոթանալու վերջին գիտական զարգացումներին և ձևավորելու նոր կապեր: Նշենք, որ գիտաժողովն ընթանալու է հոկտեմբերի 21-25-ը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031