Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. ՀՀԿ-ն անակնկալներ չի մատուցի

Հոկտեմբեր 22,2018 13:42

«Ես չեմ ցանկանում, որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ իմ արտահայտած դիրքորոշմամբ կանխորոշեմ ինչ-որ դիրքորոշում, բայց իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է առաջին փուլից հետո վարչապետի քվեարկության եզրույթի մեկնաբանությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը`անդրադառնալով վարչապետի ընտրության հարցին:

Հիշեցնենք, հոկտեմբերի 23-ի երեկոյան լրանում է վարչապետի հրաժարականի մեկ շաբաթը: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովն օրենքի ուժով պետք է արտահերթ նիստ գումարի`քննարկելու վարչապետի թեկնածության հարցը:

«Ի վերջո, սրա մասին տեղեկացված են կառավարության տարբեր ներկայացուցիչներ, ասել են, որ կհանգեն եզրակացության: Եթե եզրակացության կհանգեն եւ այդ եզրակացության համապատասխան տարբերակ առաջինը կլինի այն, որ որոշեն Նիկոլ Փաշինյանի թեկնածություն առաջադրել ու հետո ակնկալել, որ կլինի քվեարկություն, նա չի ընտրվի, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, երբ պարզապես որեւէ մեկը թեկնածու չի առաջադրի եւ Սահմանադրության համապատասխան նորմը կմեկնաբանեն այդ կերպ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին`այսինքն՝ երկու դեպքում էլ ՀՀԿ-ն կանի այնպես, ինչպես կառավարությո՞ւնը կակնկալի, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց` իրենք չեն անի այնպես, ինչպես կառավարությունն է ակնկալում, այլ կհետեւեն կուսակցության դիրքորոշմանը. «Եվ ինչպես նշեցի, անակնկալներ այս տեսանկյունից, այսինքն՝ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում»:

Խոսելով ԸՕ-ի փոփոխությունների մասին էլ, ՀՀԿ-ական փոխխոսնակն ասաց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ չէ այդ փոփոխություններին: Դրա հիմնական պատճառներից մեկն այն հապճեպությունն է, որոնցով այս փոփոխությունները իշխանությունները ներկայացրել են խորհրդարանին. «Թե Վենետիկի հանձնաժողովի, թե ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ»:

«Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են եւ կան այնպիսիք, որոնք ոչ էական են։ Խոշոր փոփոխությունների հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է։ Անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես չէի ակնկալում, որ որեւէ մեկի կամ որեւէ երկրի կամ անձի կամ որեւէ քաղաքական ուժի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար տարիներ շարունակ ընտրությունների համար մշակած մոտեցումը։ Սա նորմալ է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանն`անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը ԸՕ-ի վերաբերյալ։

Արփինե Հովհաննիսյանն առայժմ ձեռնպահ մնաց իր դիրքորոշումը հրապարակայնացնել`ՀՀԿ-ի`ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասով: Կուսակցական քննարկումներում դա արել է, դա կախված է մի շարք հանգամանքներից եւ գործոններից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031