Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատության վերաբերյալ հարցում». պարզվելու է դատաիրավական համակարգի արդյունավետությունը, մատչելիությունը, արդարության որակը

Հոկտեմբեր 22,2018 13:39

Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակցության հնարավոր եզրերը, ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս:

Հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ աշխատակազմի ղեկավար Կարեն Փոլադյանը, Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Ջորջիա Հարլին, կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչը և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին:

«Արդարադատության վերաբերյալ հարցումն» իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ, Արևելյան գործընկերության 2020 թվականի 20 արդյունքների 10-րդ արդյունքի համատեքստում: Ընդգրկված է Արևելյան գործընկերության և Բալկանյան 12 երկիր:

Հարցման նպատակն է պարզել դատաիրավական համակարգի արդյունավետությունը, մատչելիությունը, արդարության որակը, բարեվարքությունը և մի շարք այլ հարցադրումներ: Թիրախային խմբում դատավորներն են, դատախազները, դատարանի և դատախազության աշխատակիցները, փաստաբանները, քաղաքացիներ, ովքեր երբևէ առնչություն են ունեցել դատաիրավական համակարգի հետ և նաև այդպիսի առնչություն չունեցող քաղաքացիներ, իրավաբանական անձինք: Ծրագրի պատասխանատուների համոզմամբ՝ այս տարբերակումը շատ կարևոր է: Այն թույլ կտա համեմատական տանել արդարադատության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումների միջև, քանզի շատ հաճախ դատաիրավական համակարգի մասին մարդիկ պատկերացում են կազմում լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության միջոցով, ինչը ոչ միշտ է ձևավորում օբյեկտիվ պատկերացում:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Յան Փեթրիի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանը և Եվրամիությունը երկարամյա գործընկերներ են, և ծրագրի նկատմամբ կա երկկողմանի հետաքրքրվածություն՝ ընդլայնելու դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում համագործակցությունը: Եվ այսօր Հայաստանում քաղաքական միջավայրն այնպիսին է, որ հասունացել է պահը նման հարցում իրականացնելու համար:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին նկատեց, որ համամիտ է իր գործընկերոջ այն դիտարկման հետ, որ քաղաքական մթնոլորտն ավելի բարենպաստ է այդպիսի սոցիոլոգիական հետազոտական աշխատանք իրականացնելու առումով: Միևնույն ժամանակ սակայն պետք է նկատել, որ այսօր քաղաքական մթնոլորտում կան կարծիքների և ակնկալիքների բևեռացումներ, որոնք կարող են ազդել հարցման մասնակիցների կամահայտնության վրա: Չի բացառվում, որ այդպիսի ազդակ ընկալվի  նաև  անցումային արդարադատության գաղափարը: Այլ կերպ ասած՝ քաղաքական մթնոլորտը միանշանակ գնահատել հնարավոր չէ: Գևորգ Դանիելյանը նաև ներկայացրեց, որ Եվրոխորհրդի հայաստանյան գրասենյակը նախկինում նման սոցիոլոգիական հարցում իրականացրել է: Այդ տվյալները դրվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակված դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի հիմքում, իսկ ծրագրի պատասխանատուներին խորհուրդ տվեց այս փուլում առկա որոշ առանձնահատկությունները հաշվի առնել հետազոտության մեթոդաբանությունը մշակելիս և ճիշտ հարցաշար ընտրել: Նա նաև հույս հայտնեց, որ աշխատանքները հաջող կընթանան, և Խորհրդի կողմից կլինի հնարավոր աջակցություն՝ տեխնիկական կամ խորհրդատվական բնույթի:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին ևս անդրադարձավ անցումային արդարադատության հետ կապված խնդրին: Ըստ նրա՝ այս հարցում կա երկու ուղղություն: Մեկն արդարադատության ոլորտի բարեփոխումների քայլ առ քայլ, աստիճանական բարեփոխումներն են, որոնք բավական տևական ժամանակ են պահանջում և ավելի արդյունավետ են, մյուսը՝ կտրուկ փոփոխությունների տարբերակն է: Հաճախ կարծիք կա, որ երկրորդ տարբերակը դրական առաջընթաց ապահովելու ճիշտ ճանապարհն է, մինչդեռ բազմաթիվ երկրներում այդ փորձը ձախողվել է: Վերջինիս կարծիքով՝ դատաիրավական համակարգի կտրուկ փոփոխությունների տարբերակի ընտրության պարագայում պետք է առավել զգուշավորություն ցուցաբերել:

Հանդիպման ավարտին՝ Համաշխարհային բանկի թիմի անունից Ջորջիա Հարլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ դատական իշխանության հետ կլինի կառուցողական համագործակցություն, և այս հետազոտությունն ընդամենը քայլերից մեկն է՝ հետագա փոխգործակցության ճանապարհին:

«Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի 2019 թվականի գարնանը, և բարեփոխումների շարժողունակությունը պարզելու համար Համաշխարհային բանկի թիմը նախատեսում է այն իրականացնել պարբերաբար՝ 3 տարին մեկ:

 

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031