ՀՀԿ փոխնախագահ անդամ Արմեն Աշոտյանը հորդորում է չշտապել`ՀՀԿ-ի, արտահերթ ընտրություններին մասնակցության որոշման առնչությամբ: «ՀՀԿ-ն ամեն ինչ իր ժամանակին կբացահայտի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը`հավելելով, որ ի վերջո, արտահերթ ընտրությունների նշանակման մասին որոշում էլ դեռ չկա։
«Կտեսնենք՝ ինչպե՞ս է ավարտվում Ընտրական օրենսգրքի նախագծի՝ Հայաստանի ժողովրդավարությանը պատիվ չբերող գործելաոճով քննարկումը, հետո կորոշենք մնացածի մասին», – ասաց Արմեն Աշոտյանը`հորդորելով իշխանություններին արագ չընդօրինակել ՀՀԿ-ի սխալները:
Ի դեպ, նա նկատեց, որ ՀՀԿ-ականները արդեն վեց ամիս իրենք իրենց չեն կեղծում. «Մենք մեզ չենք կեղծել, գոնե վերջին վեց ամսվա մեջ: Ես ցավում եմ, որ իմ որոշ գործընկերներ`ելնելով քաղաքական իրավիճակից, բաներ են ասում, որին, վստահ եմ, իրենք չեն հավատում: Գուցե, մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները։ Ժողովուրդ, մի արեք այդպես, մի կեղծեք ձեզ»,- ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ՀՀԿ-ի սխալներից եւ իշխանության տապալման պատճառներից մեկն էլ դա էր, որ իրենք երբեմն կեղծում էին իրենց եւ ասում էին բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ