Կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու «Ընտրական օրենսգրքի» նախագիծը:
ՀՀԿ պատգամավորները, նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դժգոհեցին, որ սահմանադրական օրենքն այսպես հապշտապ է քննարկվում եւ կուսակցություններին ժամանակ չի տրվում պատրաստվելու:
Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում պատասխանեց մտահոգվողներին: Նա վստահեցրեց, որ եթե նույնիսկ ընտրությունները վաղը լինեն, մարդիկ հաշվի են առնելու, թե ինչ գործունեություն են ծավալել թեկնածուները, նախկին պատգամավորներն իրենց ինչպես են դրսեւորել, հաշվի են առնելու, որ ընտրությունները լինեն ազատ, թափանցիկ, որ գումարներ չբաժանվեն, չկեղծվեն արդյունքները, որ իր իրական քվեն չդառնա փողի պարկեր բացվողների քամահրանքի դրսեւորում. «Ի՞նչ է խանգարում, որ հենց վաղը անցկացնենք ընտրություններ, տեխնիկակա՞ն խնդիրները, 45 օրը լրիվ բավարար է դրա համար: Ովքեր ժողովրդին են ծառայել, կարժանան քվեի, ովքեր չեն ծառայել, այլ բաների են ծառայել՝ չեն արժանանա այդ քվեին: Եթե ձգում ենք, ի՞նչ ենք անում, փորձ ենք անում ռեյտինգային խայտառակությունը պահպանե՞լ, սրանո՞վ եք ուզում մորթել ազատ, արդար թափանցիկ ընտրությունների իրականացման հնարավորությունը»:
Նա ասաց, որ «Ալյանսը» կողմ է օր առաջ ընտրություններ անցկացնելուն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ