Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. նման փոփոխություններով «Ընտրական օրենսգիրքը» եթե ընդունվի, այն կընդունվի քաղաքական կոնսենսուսի բացակայությամբ

Հոկտեմբեր 22,2018 13:01

«Բոլոր նախկին ընտրությունները քըխ էին, այս ընտրությունները լավն են լինելու: Օքեյ. ո՞նց, այս ձեւո՞վ: Կներեք, մարդիկ կոմպոտ զակատ անելու համար տանը ավելի երկար են պատրաստվում, այստեղ 24 ժամում ուզում են երկրորդ ընթերցմամբ Ընտրական օրենսգիրք անցկացնել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ Ազգային ժողովի այսօրվա նիստը կայացավ հենց ՀՀԿ-ական պատգամավորների ներկայության շնորհիվ. «Մեր այսօրվա իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում` իրենք ի՞նչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգիրք»:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ նման փոփոխություններով ԸՕ-ն եթե ընդունվի, այն կընդունվի քաղաքական կոնսենսուսի բացակայությամբ: Մինչդեռ ԸՕ-ն բոլոր ուժերի կողմից քաղաքական կոնսենսուսով ընդունելու մասին խոսել էր նաեւ Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը: Հակառակը հակասելու է ժողովրդավարության դասական կանոններին։

«Այսօր մենք, երեւի թե, դա չենք զգում, բոլորս ուրախ ենք, հետհեղափոխական ենք, էյֆորիա ենք, վարչապետը լայվ կմտնի, նորից մի բան դզի կանցնի` կգնա. բայց դա հարցն ուղղելո՞ւ է»,-հարցադրում Արեց Արմեն Աշոտյանը` նկատելով, որ ոչ մի թավշյա իշխանափոխություն չի կարող փոխել եվրոպական դասական ժողովրդավարության կանոնը. «Ինչքան ուզում է իմ գործընկեր Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտնի լայվ, ինչքան ուզում եք մարդ բերեք պատուհանի տակ ինձ հիշատակեք, դա չի փոխվելու, դա դասական քաղաքագիտական կանոն է: Կարող եք քվեարկել տալ, կարող եք էլի ճնշել պատգամավորներին, համոզել, բերել, նստեցնել, խնդրել, բայց դա չի լինելու այն, ինչի մասին դուք խոստանում էիք հայ հասարակությանը»:

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի խորհրդարանում խմբակցությունների ելույթների ժամանակ:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ կառավարության անդամները խաղում են Վենետիկի հանձնաժողովի նախագահի տարածած տեքստի ձեւակերպումների ու փաստերի հետ:

«Իրականում, Վենետիկյան հանձնաժողովի հայտարարությունում շատ պարզ ու լավ անգլերենով գրված է՝ գովում է ընթացիկ բարեփոխումների քաղաքական կամքը, մինչ այդ եղած բոլոր մանր ու միջին կարգի խնդիրների լուծման փորձը, բայց վերջում տալիս է ամենահստակ քաղաքական գնահատականն առ այն, որ հիմնարար փոփոխություններ չի կարելի անել ընտրություններին այդքան մոտիկ ժամանակահատվածում: Սա նշանակում է, որ նախկինում թվարկած բոլոր փոփոխությունները հիմնարար չեն, էական չեն»,- ասաց բանախոսը`հավելելով, որ այսպիսով ակնհայտ է դառնում այն, ինչի մասին ինքը ասում էր դեռ շաբաթներ առաջ. «Պետք չէր հասնել Վենետիկ, որպեսզի նորից լսեին նույն կարծիքը: Կարելի էր Հայաստանում ստեղծել քաղաքական երկխոսության հարթակը, որտեղ քաղաքական ուժերի հետ համաձայնության գային, ոչ թե մեր սկզբունքների, այլ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031