Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի քվեարկությունը հարցականի տակ դրեց նոր ԸՕ-ի ճակատագիրը, Նաիրա Զոհրաբյանը հորդորեց չգնալ սաբոտաժի ճանապարհով

Հոկտեմբեր 22,2018 12:55

ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքիր» նախագիծն է քննարկվում: Իրադարձությունները նիստերի դահլիճում այնպես զարգացան, որ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի քվեարկությունը հարցականի տակ դրեց նոր «Ընտրական օրենսգրքով» արտահերթն անցկացնելու հարցը:

Նախ կառավարությունն առաջարկեց երկրորդ ընթերցման քվեարկությունը կազմակերպել 24 ժամվա ընթացքում: Որոշ պատգամավորներ՝ Բաբուխանյանը, Արմեն Ռուստամյանը, դժգոհում էին օրենսգիրքն այսպես հապշտապ քննարկելու կառավարության մոտեցումից:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկեց, որ երկրորդ ընթերցումը չկազմակերպեն 24 ժամվա ընթացքում, գոնե 2-3 օր ժամանակ տան, որ պատգամավորները առաջարկություններ ներկայացնեն ու օրենսգիրքը բարելավվի: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության անունից  ընդառաջեց՝ ասելով, որ կառավարությունը պատրաստ է այդ «պատուհանը» թողնել, եթե խմբակցությունները միասնական նման համաձայնություն ունեն: «Ծառուկյան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Մինչ ընդմիջումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Բոլորս պետք է հասկանանք, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ: Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա պետք է լինենք կա՛մ խոհեմ, կա՛մ ոչ: Այլ ընտրություն չկա: Կա՛մ մենք գնում ենք նոր «Ընտրական օրենսգրքով», որն էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կա՛մ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով եւ մենք դեկտեմբերյան ընտրություններին, որն անխուսափելի է, գնում ենք հին «Ընտրական օրենսգրքով»: Ես հորդորում եմ բոլորին գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի, այն է՝ քաղաքական համախոհության ճանապարհով»:

Նաիրա Զոհրաբյանի համար տարակուսելի է, թե ինչո՞ւ են ասում՝ մենք ժամանակ չենք ունեցել «Ընտրական օրենսգրքի» նախագիծը քննարկել, երբ ողջ ամռան ընթացքում ինքն ու իր գործընկերներն այն հանգամանալից քննարկել են ու ամռան քննարկումներից հետո նոր փոփոխություններ չկան, կան մի քանի դրույթներ, որոնք առավել բարելավում են համակարգը, ընդամենը դա է ավելացվել կառավարության կողմից: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե կառավարությունն իր հաշվարկներում կարող է տեղավորվել այնպես, որ երկրորդ ընթերցումը կազմակերպվի 2-3 օր հետո, խնդիր չկա, կարեւորը ցանկությունն է:

Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքական ուժերին ուղղված բարեկամական հորդորից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում արձագանքեց. «Ես էլ կուզենայի այդ բարեկամական ոճի մեջ հորդորել իմ գործընկերներին, որ լուծումը այս քաղաքական ճգնաժամի պետք է, բայց այն պետք է ունենա օրինական, ժողովրդավարական, կոնսենսուսային լուծումներ: Ես տեսնում եմ նոր «Ընտրական օրենսգրքի» մեջ դրական փոփոխություններ, բայց դրանք պետք է լավ մշակվեն»: Նա հորդորեց 2 ամիս ժամանակ տալ կուսակցություններին, հակառակ դեպքում նման հապճեպության պայմաններում ԸՕ ընդունելով ու արտահերթ ընտրություններն անցկացնելով՝ մեր պետությունը լինելու է խոցելի, արտաքին ուժերը անընդհատ դա մեր աչքն են խոթելու՝ ասելով, որ մենք անցկացրել ենք ոչ լեգիտիմ ընտրություններ:

Բաբուխանյանն իր կուսակցության ՍԻՄ-ի անունից հայտարարեց, որ եթե իր առաջարկը չընդունվի, ինքը չի մասնակցելու քվեարկությանը:

Ի վերջո 20 րոպե ընդմիջում հայտարարվեց եւ կառավարությունը համաձայնեց ԸՕ-ի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել ոչ թե 24 ժամվա ընթացքում, այլ՝ 72: Այս ընթացքում պատգամավորները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները եւ հանձնաժողովում քննարկել դրանք: Սակայն այդ ռեժիմը պետք է քվեարկությամբ հաստատեին: ՀՀԿ շատ պատգամավորներ չքվեարկեցին, չնայած գրանցվել էին, ՀՀԿ-ականներին իր քվեարկությամբ միացավ նաեւ ՀՅԴ-ն, ՀՅԴ խմբակցության պատգամավորները քվեարկեցին ձեռնպահ ու ԸՕ քննարկման ռեժիմը չհաստատվեց՝ 44 կողմ, 1 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ինքն էլ շվարած էր՝ այս դեպքում ի՞նչ են անելու: Քարտուղարությունից տեղեկացրեցին, որ եթե ռեժիմը չի հաստատվում, «ԱԺ կանոնակարգ» օրենքով 2-շաբաթյա ժամկետ է սահմանվում: Իսկ այդ ժամկետի մեջ կառավարությունը չի հասցնի տեղավորվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հետաքրքիր է,եթե ԲՀԿ-ն Երևանի ընտրություններին մեկ տոկոսից ցածր ձայն ստանար,Նաիրա Զոհրաբյանը կհամաձայնվեր դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացվեր:Ինձ թվում է ոչ….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031