«Ցանկանում եմ շնորհավորել ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ցավում եմ, որ ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուներից ոմանք չհաղթեցին, սակայն ուրախ եմ, որ եւս մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին»,-այսօր «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:
Ըստ պարոն Փաշինյանի, երկու թեկնածու պարտվել է. «Նրանք հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից: Էականն այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք: Ասել եմ եւ ասում եմ՝ ընտրություններն այլեւս ընտրակեղծիքներով չեն լինելու»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով, մինչ քվեարկությանը օրը ՔՊ-ի թեկնածուների վարկանիշը գնալով բարձրանում էր, սակայն որոշ տեղերում չհասցրին գործն ավարտին հասցնել:
«Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը: Եթե կան եւ կարող են լինել դետալներ, ըստ որոնց միշտ չէ, որ նշանակում են ազատ կամարտահայտություն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել: Մենք տեսականորեն այդպիսի դետալ չենք բացառում: Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այդ պարագայում քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, որևէ այլ տարբերակ չի կարող լինել: Ակնհայտ է հեղափոխության հաղթանակը»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Կապանում քաղաքապետի ընտրություններում հաղթեց անկուսակցական Գեւորգ Փարսյանը, որը քաղաքապետի աթոռի համար մրցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանի հետ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ