Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրում ֆորս-մաժորային վիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի ֆորս-մաժորային լուծում է առաջարկում». Արտակ Զեյնալյան

Հոկտեմբեր 22,2018 12:11

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է «Ընտրական օրենսգիրքը», մասնակցում է ընդամենը 53 պատգամավոր ու օրակարգի հետ կապված տեւողությունը, քվեարկության անցկացման ժամերը հաստատելու քվեարկություններն անընդհատ ձախողվում էին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ասաց. «Դուք նորմա՞լ եք համարում,որ սահմանադրական օրենքը՝ ԸՕ-ն ընդունվի այսպիսի հապշտապ ռեժիմով՝ առաջին ընթերցումն այսօր, երկրորդը ընթերցումը՝ վաղը»: Ըստ նրա, բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկման խնդիր են, համաձայնեցնելու հարցեր կան. «Ես ընդհանրապես չեմ հիշում, որ «Ընտրական օրենսգիրքը» երբեւէ այսպիսի հապշտապությամբ որեւէ Ազգային ժողովում ընդունվեր: Երբ որ տեղի են ունենում իսկապես արմատական կարեւորագույն փոփոխություններ ԸՕ-ի մեջ: Ձեր կարծիքն եմ ուզում՝ որպես արդարադատության նախարար՝ սահմանադրական օրենքը այսպես հապշտապ փոխելը ճի՞շտ բան է մեզ համար»:

Զեյնալյանը պատասխանեց, որ սովորական պայմաններում կհամաձայնի իր հետ, որ ճիշտ կլինի ավելի երկար քննարկել օրենքը, թողնել, որ այն «հասունանա», մտքերը խմորվեն եւ ընդունվի հնարավորինս անթերի իրավական ակտ, մանավանդ՝ սահմանադրական օրենքը. «Բայց հիմա երկրում իրավիճակը ֆորս-մաժորային է, այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել: Ես ձեզ հետ, ընդհանուր առմամբ, համաձայն եմ, բայց սովորական պայմանների դեպքում: Այսօր երկրում ֆորս-մաժորային վիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի ֆորս-մաժորային լուծում է առաջարկում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ Զեյնալյանին ասաց. «Ես ձեզ ճանաչում եմ՝ որպես ժողովրդավար եւ ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ: Ինձ համար զարմանալի է, որ դուք ասում եք ֆորս-մաժորային իրավիճակ, երբ այդպիսի իրավիճակ չկա, արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից: Արհեստականորեն օրակարգ է դարձվում այն, ինչը մեր ժողովրդի համար օրակարգ չպիտի լիներ: Դուք գտնում եք, որ կարելի՞ է այդ արհեստական օրակարգով  ստեղծել իրավիճակ, երբ որ 24 ժամվա մեջ քննարկվում է օրենսդրությունը, այն էլ՝ այսպիսի կարեւոր: Անգամ, եթե դուք ամեն ինչ իրականացնեք, արդյոք կուսակցությունները հնարավորություն կունենան նորմալ ժողովրդավարական վիճակում մասնակցել այդ ընտրություններին, եթե այդպիսի հապճեպությամբ է իրականացվում»:

Զեյնալյանը պատասխանեց, որ համաձայն չէ Բաբուխանյանի եզրակացությունների հետ. «Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդն այլ սպասումներ ունի երկրի քաղաքական իշխանություններից: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեղ է գտել կառավարության ծրագրում, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից, ըստ որի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն 1 տարվա ընթացքում եւ դեկտեմբերին այն անցկացնելու հավանականությունը շատ քիչ է տարբերվում 100 տոկոսից: Այսինքն, դեկտեմբերին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ որպեսզի այդ ընտրություններն անցկացվեն ավելի հրապարակային եւ այնպիսի պայմաններում, որոնց շուրջ քաղաքական կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը համաձայնության է եկել, անհրաժեշտ է, որ ընդունվի այն օրենսդրական փաթեթը, որն այսօր մենք ներկայացրել ենք»:

Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը հանձն է առել նաեւ կառավարության ծրագրով, որ այնպիսի ընտրություններ կանցկացնի, որի արդյունքների նկատմամբ ժողովուրդը կտածի վստահություն, անկախ նրանից, թե ով ինչպես է քվեարկել. «Այդպիսի վստահություն կա նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ: Վերջին տարիների ընթացքում դա աննախադեպ բան է»:

Զեյնալյանն ասաց, որ իրավիճակը երկրում իսկապես ֆորս-մաժորային է, ինչքան էլ որ չհամաձայնեն, երկրում հակասահմանադրական վիճակ է. «ԱԺ-ում բացակայում է կայուն մեծամասնությունը, ինչը մեր Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկն է: Սա սահմանադրական ճգնաժամ է, ինչը պետք է օր առաջ լուծվի»:

Բաբուխանյանն արձագանքեց, որ չի բանավիճի սահմանադրականության հետ կապված, Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված գնահատականի առումով, քանի որ իրենց կարծիքները չեն համընկնում, բայց մի հարց էլ է մնում՝ եթե ԸՕ-ն ընդունվի, ստացվում է, որ նոյեմբերի 1-ից արդեն կուսակցությունները նախընտրական գործընթացի մեջ են մտնելու, 7 օրը բավարա՞ր է, որ շտաբեր ձեւավորեն, ցուցակներ ձեւավորեն եւ այլն:

Զեյնալյանը պատասխանեց, որ կատարվող փոփոխությունները եղած իրավակարգավորումների պարզեցում են ու նոր ԸՕ-ին հարմարվելու հարց, ըստ էության, չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031