Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անօրինականը բերեն օրինականի տեղ, ասեն՝ մենք հեղափոխությո՞ւն ենք արել»

Հոկտեմբեր 22,2018 14:30

«Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են գործարարներ
Արման Բաբաջանյանը եւ Արվին Նազարյանը

Նելլի Գրիգորյան.- Թավշյա հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում բոլոր գործարարները խոսում էին այն մասին, որ մաքսակետերում մաքսազերծման հետ կապված գործընթացները դյուրացել են: Շատ կարճ ժամանակ անց դարձյալ օրակարգային դարձան մաքսազերծման հետ կապված խնդիրները: Ի՞նչ եղավ, ինչո՞ւ վերադարձանք հին բարքերին:
Արման Բաբաջանյան.- Ճիշտ չի լինի ասել, որ վերադարձել ենք հին վիճակին, իրականում բարելավումներ կան, նույնիսկ անզեն աչքով էլ կարելի է նկատել, ովքեր առնչվում են՝ մաքսային մարմիններում առաջընթացը կարող են նկատել: Ինչ խոսք, խնդիրներ կան, որոնք պետք է քննարկել, բարձրաձայնել, որպեսզի լուծում ստանան:

Ն. Գ.- Որո՞նք են հիմնական խնդիրները, որ հրատապ եւ կարճ ժամանակահատվածում կարող են լուծում ստանալ:

Ա. Բ.– Ընթացակարգերի հետ կապված ամենահրատապ հարցը, որը միշտ բարձրացնում ենք, թեեւ այդտեղ էլ բավականին դյուրացումներ կան, մաքսային մարմինների կողմից կիրառվող հսկիչ կամ կողմնորոշիչ գներն են: Իմ տեսակետն այն է, որ պետք է ավելի շատ վստահեն գործարարին՝ ինչպես հարկայինի դեպքում. կարող են ընդունել գործարարի ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը՝ պայմանով, որ հետագայում կարելի է ստուգել-ճշտել դրա ճշմարտացիությունը: Վերջին տեղեկություններով՝ այս ընթացակարգն էլ փոքր-ինչ դյուրացվել է՝ կողմնորոշիչ գներն են վերանայվել հօգուտ գործարարի, նաեւ հաշիվ-ապրանքագիրը հիմք ընդունելու մասով դյուրացում կա: Այսինքն՝ եթե նախկինում մի շարք անհավանական փաստաթղթերի ներկայացում էր պահանջվում, որպեսզի այդ մեթոդը կիրառվեր, հիմա ավելի պարզեցվել է: Չնայած, ինչ խոսք, խնդիրներ դեռ կան, մի խնդիրն էլ Արվինի հետ կապված հարցն է:

Ն. Գ.– Արվին, մոտ երկու ամիս Դուք չեք կարողանում ապրանքի մաքսազերծման հարցը կարգավորել, խնդիրը ո՞րն է, ինչո՞ւ է դա անլուծելի դարձել:
Արվին Նազարյան.- Ապրանքը՝ երկու մեքենա ցեմենտ, ներմուծել եմ, դիմել եմ ՊԵԿ-ին, որպեսզի մաքսազերծեն, հաջորդ օրը բանավոր մերժում ստացանք, առանց հիմնավորումների: Միակ պատճառաբանությունը, որ բերվել է՝ պաշտպանում ենք ներքին արտադրողին: Բայց ո՞նց: Գրավոր դիմում եմ պատրաստել եւ ներկայացրել ՊԵԿ. ամբողջ օրը մենք ՊԵԿ-ում ենք եղել, ոչ ոք դիմումը չէր ընդունում, ասում էին՝ տարեք դիմումը, չենք ընդունում:

Ն. Գ.- Կա՞ նման իրավունք:

Ա. Ն.– Իրավունք չկա: Զանգել եմ ՊԵԿ, կառավարության թեժ գիծ, բոլորն ասում էին՝ հնարավոր չի, որ դիմումը չընդունեն: Ասացի՝ հնարավոր է. Արարատյան մաքսատանն ենք, դիմումը չեն ընդունում: ՊԵԿ նախագահի տեղակալի հետ քննարկումներից հետո նոր դիմումս ընդունել են, երեք օր հետո պատասխան եմ ստացել՝ մերժել են, եւ պատասխանում չկա օրենքով որեւիցե հիմնավորում: Բոլոր հիմնավորումները հակասում են օրենքի կետերին: Մենք բողոքարկել ենք, այսօր արդեն նիստի ենք, կքննարկենք: Ի դեպ, այս ընթացքում ապրանքի ինքնարժեքից երկու անգամ ավելի ես արդեն տուժում եմ պահպանման ծախսերի համար:

Ա. Բ.- Արվինի խնդիրն էլ հսկիչ գների հետ է կապված. ասում են՝ իքս գնով պետք է մաքսազերծվի, որը շատ ավելին է, քան ապրանքի ձեռք բերման գինը: Սա կիրառվում է ներքին արտադրողին պաշտպանելու հիմնավորմամբ, բայց արդյունքում տուժում է սպառողը, որը շատ ավելի բարձր գնով ապրանք է ձեռք բերում: Ազատ առեւտուրը բացառում է որեւէ պրոտեկցիոնիզմ: Եթե մենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք դարձել՝ ի սկզբանե Հայաստանն ընդունել է ազատ առեւտրի պայմանները, եւ այստեղ դեռ հարց է՝ պաշտպանելով մի արտադրողի՝ տնտեսությունը դրանից շահո՞ւմ է, թե՞ ավելի շատ կորցնում է՝ սպառողի՝ բարձր գին վճարելով, ինչի արդյունքով էլ շինարարության ինքնարժեքն է բարձրանում:

Ն. Գ.– Իսկապես պարադոքս է, քանի որ Հայաստանի նման երկրներում ներքին արտադրողին պաշտպանելը իրապես ռազմավարական նշանակության խնդիր է: Մյուս կողմից՝ ԱՀԿ-ին ենք անդամակցել՝ ստորագրելով ազատ առեւտրի մասին մի շարք պարտավորություններ: Հայրենասիրական մղումներն այստեղ առաջնային չե՞ն դառնում:

Ա. Ն.- Առաջ են գալիս: Ես էլ եմ կողմ, որ ներքին արտադրողին պաշտպանենք, բայց ինչպե՞ս: Օրենքով ԵԱՏՄ-ն դրել է 3% մաքսատուրք՝ ներքին արտադրողին պաշտպանելու համար: Հիմա պետությունը 1 տոննա ցեմենտի մաքսազերծման գինը դրել է 200 դոլար՝ այն դեպքում, երբ հարեւան երկրում 15-20 դոլար է ցեմենտի գինը: Այսինքն՝ շուկայում ցեմենտը պետք է լինի 300 դոլար, որպեսզի մեր պետությունը մաքսազերծման գին սահմանի 200 դոլար: Նման գին գոյություն չունի: Եվ երրորդ՝ գործարարը ցեմենտը ներքին շուկայում վաճառում է 120 դոլարով՝ ԱԱՀ-ով եւ այլն, 200 դոլար գինը որտեղի՞ց, եւ չորրորդ՝ 2017թ. ցեմենտի գործարանները ցեմենտը 45 դոլարով արտահանել են այլ երկիր: Եթե իրենք կարողանում են 45 դոլարով արտահանել, ինչո՞ւ են Հայաստանում 120 դոլարով վաճառում: Ավելին, արդեն 5-6 տարի շահութահարկ չեն վճարել այդ ընկերությունները: Ինչի՞ հաշվին: Համաձայն եմ՝ պաշտպանենք ներքին արտադրողին, բայց դրան ձեւ կա: Եվ այդ ձեւը ներկրողի «դեմը փակելը» չի: Մենք շուկայում գին ենք իջեցնում, արդյունքում շինարարության ինքնարժեքն էլ է իջնելու, շինարարությունը զարգանալու է: Ինձ ասում են՝ 2000 աշխատող ունեն Հայաստանի ցեմենտի գործարանները, բացառված է, հազիվ 1000-ի հասնի: Ներկրման եւ գնի իջնելու արդյունքում շինարարության ոլորտում կարող է ավելի շատ աշխատատեղեր բացվեն: Մեր հայրենակիցները գնում են դրսում շինարարության վրա աշխատելու, այստեղ կաշխատեն: Ասում են՝ 4 գործարան կա, միայն 2-ի մասին գիտենք:

Ա. Բ.– Մի սկզբունքային հարց էլ կա. երբ ամեն գնով նպատակ ես դնում պաշտպանել ներքին արտադրողին, նաեւ արդյունավետության խնդիր կա, թույլ չես տալիս, որ նա մրցունակ դառնա: Գուցե բարձր ինքնարժեքը պայմանավորված է հենց ներքին արտադրողի ոչ արդյունավետ աշխատանքո՞վ: Գուցե մրցունակությունը բարձրացնելով՝ նպաստենք հենց ներքին արտադրանքի որակին:

Ա. Ն.– Հիմնարկը, որը 5-6 տարի շահույթ չունի, իր ի՞նչն ենք պաշտպանում, բարեգործական հիմնա՞րկ է, թե՞ ցեմենտը հայկական բրենդ է՝ պիտի լինի եւ վերջ: «Նաիրիտն» էլ շահույթով չի աշխատում, ինչո՞ւ եք փակում, նա էլ աշխատեցրեք:

Ինձ բոլոր տեղերում ասում են՝ ձեր հարցը կոնկրետ վարչապետի հսկողության տակ է: Ես չեմ հավատում, չեմ էլ ուզում հավատալ, որ այսպիսի հարցը վարչապետի հսկողության տակ է:

Ն. Գ. – Սա մանր հարց չի՞ վարչապետի հսկողության տակ լինելու համար:

Ա. Ն.- Մանր հարց է, բացի այդ՝ ես կասկածում եմ, որ վարչապետը մանրամասնորեն տեղյակ է այս թեմայից: Կարող է իրեն այլ կե՞րպ են ներկայացրել: Հնարավոր չէ, որ վարչապետն ասեր՝ պաշտպանում ենք ներքին արտադրողին, որովհետեւ 2000 աշխատատեղ կա: Մնացած ժողովո՞ւրդը բա ինչ անի, չէ՞ որ 3 միլիոն մարդ է այստեղ ապրում: Բացի այդ, ես հաշվել եմ՝ եթե մենք չենք արտադրում, ներմուծում ենք ամբողջությամբ, մոտավորապես 6 անգամ ավելի հարկ ենք վճարելու, քան իրենց ասած 4 գործարանները միասին. իրենք տարեկան մոտ 1 միլիարդ հարկ են վճարում, մենք շատ հանգիստ կվճարենք 6 մլրդ հարկ:
Ես հարցնում եմ՝ 200 դոլար մաքսային արժեքը որտեղի՞ց, պատասխանում են՝ բանավոր հրաման է: Հետո՞: Ես իմ հիմնարկը օրերս փակել եմ, 40 աշխատողով ցույցերի ենք դուրս եկել որ սրա՞ն հասնենք՝ օդից ինչ-որ մեկը բան ասի, ու վերջ: Անօրինականը բերեն օրինականի տեղ, ասեն՝ մենք հեղափոխությո՞ւն ենք արել: Մենք դուրս էինք եկել, որ այսպիսի բաներ չլինեն: Է, նախկինում էլ էր էդպես: Թող հիմնավորումներ տան, թող լուրջ բան ասեն՝ ինչի համար են ինչը անում: Կարեն Կարապետյանի վարչապետ եղած ժամանակ ես զանգահարում էի կառավարության թեժ գիծ, մասնագետները ինձ լսում էին, 20 րոպեի ընթացքում հարցերը լուծում էին ստանում: Հիմա զանգահարում ես՝ մարդ չկա:

Մանրամասները՝

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. ՊԵԿ-ում նպատակահարմար չհամարեցին, որ ՊԵԿ ներկայացուցիչը մասնակցի քննարկմանը:

«Առավոտ»

20.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Պտտվիր պտտվիր կառուսել Ես քո երգը վաղուց եմ լսել: Մեկին էլ ծեծեցին. Ցեմենտի գինը Արամ Սարգսյանի ժամանակ 20000դրամի չափ էր հիմա 52000դրամ է դարձել. և բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում Արարատի ցեմենտի գործարանը. նախքինները հիմա էլ չեն տեսնում?Հենց որ ցեմենտ ներկրվի լեվի ցեմենտ չի լինի և ցեմենտը կեժանանա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031