Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շատ տգեղ երեւույթ է տեղի ունենում, մարդիկ նստած են ու չեն քվեարկում». Պատգամավորները ալարում են քվեարկել ԱԺ-ում

Հոկտեմբեր 22,2018 11:40

Այսօր ԱԺ արտահերթ նիստում մանդատ ստացավ ու հրապարակավ երդվեց ժողովրդի շահերին ծառայել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Ուշագրավ է, որ այսօր ԱԺ-ում պետք է քննարկվի Ընտրական օրենսգիրքը, սակայն ե՛ւ պատգամավորների գրանցման ժամանակ եւ նիստի անցկացման որոշման հարցի քվեարկության ժամանակ էլեկտրոնային լուսավահանակը ցույց էր տալիս, որ բավարար ձայներ չկան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զարմացած էր՝ ԱԺ նիստերի դահլիճում նստել են, բայց չեն ուզում քվեարկել. «Ես ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ նստած են, եկել են այստեղ հատուկ մասնակցելու, բայց ուշադիր չեն հետեւում ու չեն իրականացնում իրենց պարտավորությունը»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ քվեարկությունը կրկնել, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Հասկանում եմ, կարող ենք կրկնել քվեարկությունը, բայց շատ տգեղ երեւույթ է տեղի ունենում, որ մարդիկ նստած են ու չեն քվեարկում: Կա՛մ թող արտահայտեն, որ իրենք չեն ուզում նիստը կայանա…»: Նաիրա Զոհրաբյանը Բաբլոյանին հորդորեց՝ «Մեր խմբակցությունը ամբողջությամբ քվեարկել է, դուք մեր կողմ եք նայում, էն կողմ նայեք, պարո՛ն Բաբլոյան»: Բաբլոյանը ծիծաղեց. «Ես բոլորին եմ նայում, կներեք, ձեզ չեմ նայում»:

Ի վերջո, ևս մեկ անգամ հարցը դրեցին քվեարկության եւ որոշումն ընդունվեց մի կերպ՝ 51 կողմ, 2 դեմ-ով:

Բայց հարցի քննարկման տեւողությունը երբ պետք է քվեարկությամբ հաստատեին, այն նորից չընդունվեց: ԱԺ նախագահն ասաց, որ եթե տեւողությունը, որը առաջարկում է կառավարությունը՝ 3 ժամ, չընդունվի, ստիպված պիտի լինեն հարցը քննարկել 1 ժամում:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց եւս մեկ անգամ քվեարկություն կազմակերպել, որովհետեւ ԸՕ-ն 1 ժամում քննարկել հնարավոր չէ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք շահագրգիռ կողմ են, որ ԸՕ-ն ընդունվի ու նորմալ քննարկվի:

Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց. «Բա որ ասվում է Ազգային ժողովը պիտի ցրվի, այ հենց սրա համար էլ ասվում է: Հորդորում եմ արագ քվեարկել, ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել ու ընտրվել ժողովրդի կամոք»:

ԱԺ նախագահն արձագանքեց. «Նույնիսկ Ազգային ժողովը ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել, որպեսզի մինչեւ վերջ մենք մեր պարտավորություններն իրականացնենք»:

Եվս մեկ անգամ քվեարկություն կազմակերպելով՝ այն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031