Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքում հստակ երեւում է, որ հարկայինը ճիշտ չի աշխատում»

Հոկտեմբեր 22,2018 14:00

Անհատ ձեռներեցը դժգոհում է

Ա/Ձ Գեւորգ Քոթանջյանը Վանաձորում ընտանեկան բիզնեսը հիմնել է հեղափոխության օրերին: Զբաղվում է տարբեր համերով գետնանուշերի արտադրությամբ: Ասում է՝ սեփական բիզնես ունենալը տարիների ցանկություն ու նպատակ է եղել, որը հնարավոր է դարձել կյանքի կոչել միայն թավշյա հեղափոխությունից հետո. «Առավոտները գալիս էի ցույցի, երեկոները գնում արտադրամասի վերանորոգման աշխատանքներ էի անում: Հեղափոխությունից մոտ 15 օր հետո բացվեց: Կարելի է ասել՝ հեղափոխությունն օգնեց, որ ես իմ բիզնեսը հիմնեմ: Օգնեց նրանով, որ նախորդ տարիներին, երբ փորձել եմ բիզնես դնել, միշտ պետությունը խանգարել է, այս անգամ չխանգարեց: Միշտ արհեստականորեն խնդիրներ էին ստեղծում, որ հասկանում էիր, որ կա՛մ պետք է գումար տաս, կա՛մ չպետք է անես: Հեղափոխությունից առաջ, երբ որ ուզում էի ընտանեկան բիզնես գրանցել, թույլ չէին տալիս, 3-4 անգամ գնացել եմ, ասում էին՝ հնարավոր չէ եւ այլն: Այս անգամ գնացի, ասացին՝ հնարավոր է, բայց ընդամենը 20 օր առաջ ասել էին՝ չես կարող»:

Բիզնեսը հիմնել է, սակայն խնդիրներ դեռ շատ կան: Գեւորգի խոսքով՝ այսօր շուկայում աշխատելը դժվար է, պատճառը ստվերային շուկան է. «Մենք լիցենզիա ենք հանում, գրանցվում, շատ այլ ծախսեր ենք անում օրինական աշխատելու համար: Եվ հանկարծ հայտնվում է մեկը, որը որ ընդհանրապես ոչ մի ստանդարտ չունի, ոչ մի ծախս չի անում, հակասանիտարական վիճակով արտադրում է, եւ շատ էժան գնով մտցնում շուկա: Իրենց հետաքրքիր չէ ոչ մի բան, կարեւորը շուկան վերցնելն է»:

Բացի այդ, խնդիրներ են առաջանում նաեւ հարկային դաշտի հետ: Նրա խոսքով՝ դաշտը կայուն չէ. «Ամենամեծ խնդիրն այն է, որ խանութները դրոշմակնիք ուզում են, բայց ոչ բոլորից: Սա հարկայինի լուրջ բացթողում է: Եթե խանութպանը հասկանա, որ դրոշմակնիքով ապրանք վերցնելն իրեն օգուտ է, կվերցնի: Էս ամեն ինչը միայն տանջանք է ու տանջանք, որի արդյունքը դու ուղղակի չես տեսնում: Այս տարի կարողացանք շուկայում տեղ գտնել, իսկ լայն սպառման մասին կարող ենք խոսել մյուս տարի: Իսկ պետության կողմից աջակցությունն այն կլինի, որ հարկայինն աշխատի եւ աշխատի ճիշտ: Մեր քաղաքում հստակ երեւում է, որ հարկայինը ճիշտ չի աշխատում: Փոքր խանութներում ՀԴՄ տալիս են, մեծ խանութներում՝ ոչ: Հիմա այլ աշխատանք եմ ուզում սկսել: Գյուղերից կմթերենք ընկույզ, պնդուկ եւ այլն, կմաքրվի, կփաթեթավորվի, եւ գնորդի համար կլինի շատ մատչելի»:

Արտադրանքն իրացնում են միայն մարզի սահմաններում: Փորձ են կատարել նաեւ Երեւանում գործը շարունակել, սակայն դրական արդյունք չեն գրանցել. «Քանի դեռ հարկայինն այս կերպ է աշխատում, անիմաստ է ընդլայնել: Փորձ ենք կատարել Երեւանում իրացնել, բայց այնտեղի շուկան մի քիչ այլ է, շատ է խոշոր, եւ բարդություններ կան»,- ասում է Գեւորգը:

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

20.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031