Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները կոոպերատիվի շուրջ միավորվում են, բայց ուղղություն տվող չկա՝ ի՞նչ ցանեն, որ տակ չտան

Հոկտեմբեր 22,2018 13:30

«Այս տարի մեր կյանքում առաջին տարին է, որ մենք ֆերմեր-գործարան խնդիր չունենք: Պահածոների գործարանին հանձնել ենք լոլիկ, վարունգ, բադրիջան, խաղող, եւ մեր գումարները ժամանակին տվել են: Ժամանակին երբ վարկ էինք վերցնում, մի վարկը փակելու համար գնում էինք ավելի բարձր տոկոսով վարկ էինք վերցնում՝ մինչեւ որ մեր սեփական քրտինքը ստանայինք, որ դա փակենք: Կրկնակի տոկոս էր գալիս մեզ վրա, եթե այս տարվա նման հաջողվի անեն, ուրեմն գյուղացին կամաց-կամաց ոտքի կկանգնի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է գյուղատնտես Վիրաբ Մանուկյանը:
Մատնացույց անելով մի քանի հեկտարանոց ծաղկակաղամբի դաշտը՝ Վիրաբ Մանուկյանը, որը նաեւ սպառողական կոոպերատիվի նախագահ է, նեղսրտած ասում է. «Սխալվեցինք, անցյալ տարվա ախորժակին գնացինք, ծաղկակաղամբ շատ դրեցինք: Խելքներս գնաց անցյալ տարվան, ծաղկակաղամբի պահանջարկ կար, կիլոգրամը 180 դրամով եմ հանձնել, այս տարի 100 դրամ ենք ասում, չեն վերցնում: Երեւանի շուկայում հեսա գինը կիջնի»:

Կոոպերատիվը, որն իր շուրջն է միավորել եւս 64 ֆերմերի, գործում է Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում: Ֆերմերներն ասում են, որ կոոպերատիվով ավելի հեշտ է գումարներ ներգրավել, ընդ որում՝ արտոնյալ պայմաններով: Սակայն պատասխանատվությունն էլ մեծ է: Վիրաբ Մանուկյանն ասում է, որ «իրար գլխի հավաքվելու» նպատակն այն է եղել, որպեսզի կարողանան հիմնական խնդիրները լուծել` սերմը, պարարտանյութերը, որակովը գնել, բերքի իրացման խնդիրը լուծել:

«Պետությանն էլ է ձեռք տալիս, որ ասոցիացիաները ստեղծվեն, հիմնական մեր գործունեությունը ծառայություն մատուցելն է, դրանով մենք կարողանում ենք մեր գոյությունը պահպանել: Մեր խնդիրն այն էր, որ չէինք կարողանում իրացման խնդիրը լուծել. գործարանները մեր բերքը մթերում էին, փողը տալիս էին մեկ տարի հետո: Հետո սկսեցին անախորժություններ, դժվարություններ, մեր դոնորները 3 տարի չֆինանսավորեցին, կառավարությունը դեմ արեց բանկերին, բարձր տոկոսներով: Չնայած կառավարությունը փոխվելուց հետո տոկոսներն իջեցրել են»,- ասում է գյուղատնտես Մանուկյանը` համոզմունք հայտնելով, որ գյուղացուն սուբսիդիայով պարարտանյութերի տրամադրումն անիմաստ է. «Դա իբր գյուղացուն օգուտ ա, բայց օգուտ չի, միատարր պարարտանյութ ա: Ոնց որ պարտադիր միայն պիտի բորշ ուտես: Բայց ընտեղ ուրիշ ճաշատեսակներ էլ կան, չէ՞»:

Կոոպերատիվով ջրի խնդիրն են կարողացել հաղթահարել, արդեն 4-րդ տարին է՝ ֆերմերների դաշտերը կաթիլային ոռոգում ունեն: Ասում են` այս պարագայում պարարտանյութն էլ ավելի լավ է բերքը սնուցում, ջրի ծախսն էլ 20 անգամ պակաս է լինում:


Հարցին, թե՝ կոոպերատիվով աշխատելու տարիներին ինչպիսի՞ թերություններ են ի հայտ եկել, Վիրաբ Մանուկյանը նկատում է` թերությունը պետությանն է, մենք թերություն չունենք:
Գյուղատնտեսի խոսքով՝ պլանավորում չկա, գյուղացուն որեւէ մեկը, մասնավորապես` պետությունը, չի ուղղորդում, պատվեր չի տալիս, թե ինչ է իրեն պետք. «Շուկան ա որոշում պահանջարկը, ու ինչը թանկ ա, մյուս տարի դա ենք անում: Լատարեի նման ա, կշահենք` կշահենք: Մեզ պետք է պետությունը մթերի՝ բանակ ունի, հիվանդանոց ունի, գա ասի` էսքան կարտոֆիլ եմ ուզում, սոխ եմ ուզում, մենք էլ արտադրենք: Որակով չի` թող չվերցնի, ես կտանեմ կովիս կտամ, բայց ինքը չկա, ոչ էլ փող տվող կա»:

Ֆերմեր Մանուկյանն ասում է, որ խորհուրդ տվող էլ չկա` այդ տեսակի սերմը հողի այդ կատեգորիայում կաշխատի՞, թե՞ այն ավելի լավ է, ասենք, Կոտայքի մարզում ցանել, որտեղ այլ կատեգորիայի հող է: Ստիպված փորձարկումներ են անում: Մի տարի ցանում են, եւ եթե չի արդարացնում, եկող տարի սերմը փոխում են, սակայն արդյունքում վնասներ են կրում: Այս խնդիրների պատճառով, ինչպես մեր զրուցակիցն է ասում, գյուղատնտեսների գործը դժվար ու դանդաղ է առաջ գնում, սակայն, նրա խոսքով, կարեւորը արտասահման չեն գնում, եւ իրենց երեխաներն իրենց կողքին են եւ ուս ուսի տված աշխատում են: Այգիները մշակելու աշխատուժի պահանջարկը ներգաղթ էլ է ապահովել. «խոպան» գնացած գյուղացիները վերադարձել են տնտեսությունը զարգացնելուն օգնելու:

Վիրաբ Մանուկյանն ասում է, որ այս տարի առաջին անգամ է, որ գործարանին ինչ տալիս են՝ մթերում է, եւ իրենց կապը վերամշակողի հետ բանկի միջոցով է` նախապես կնքված պայմանագրով: Բանկը վճարում է արտադրողին՝ ըստ իր մթերված ծավալի:


«Տարի է եղել, որ ես պոմիդորը հանձնել եմ, բայց փողը ստացել եմ երկու տարի հետո, 25 դրամով եմ հանձնել: Վարկային պատմությունս ընկավ «սեւ» ցուցակ, ես ումի՞ց փող վերցնեմ: Պիտի կովերս ծախեմ, կովերս ծախեմ՝ ի՞նչ ուտեմ: Եվ միայն ինձնով չի, ես իմ անդամների բոլորի դարդ ու ցավի մասին էլ մտածել եմ: Եգիպտացորենից առաջ ցորեն էի ցանել, ստացել եմ 7 տոննա ցորեն, տունը դրած ա, պետությունը չի մթերում»,- գյուղացու խնդիրները բարձրաձայնում է կոոպերատիվի նախագահը: Նրա խոսքով՝ կոոպերատիվով ներգրավված գումարների 2 տոկոսը հետ է գալիս համայնքի զարգացմանը. «Մեր կոոպերատիվով 2 միլիոն դրամով գյուղում մանկապարտեզի խոհանոցն ենք կառուցել, իսկ գյուղամիջում այգի ենք հիմնել»:

Այս համայնքում բերքը կարկուտից քիչ է տուժում. կոոպերատիվի նախագահը վստահեցնում է, որ իրենց դաշտերի շուրջ դրված հակակարկտային կայանները արդյունավետ են աշխատում, սակայն ցրտահարությունն իր գործն անում է. դրա դեմ պայքարի ավանդական միջոցներն էլ չեն օգնում:

Ասում են` կոոպերատիվի հանգամանքը հաշվի առնելով մի անգլիական կազմակերպություն ցանկացել է այստեղ գյուղապահովագրության պիլոտային ծրագիր իրականացնել` ապահովագրելով բարձրարժեք մշակաբույսերը, որոնց եկամուտը բարձր է: Ըստ մասնագետների՝ մեկ վեգետացիայի ընթացքում պետք է բերքը հինգ անգամ սրսկվի, որը մինչեւ -24 աստիճան ցրտից կպաշտպանի: Ծաղիկը պատվում է հատուկ նյութով: Այս մեթոդով ապահովագրելու 1 հեկտարի ծախսը 900 դոլար է:

Կոոպերատիվի նախագահը կարծում է, որ ամեն տարի բնակլիմայական աղետներից տուժած գյուղացու խնդիրների լուծման ճանապարհներից մեկն էլ մեր երկրում ագրոապահովագրության ներդրումն է:
Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ, ապահովագրության ոլորտի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը նույնպես կարծում է, որ այդ հիմնախնդրի լուծման առավել ընդունելի եղանակը գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունն է: Սակայն նշում է, որ այն իրականացնելուն խոչընդոտող գլոբալ խնդիրներ կան. «Առաջին խնդիրն այն է, որ չունենք վնասների պատմություն ու ոչ մի կերպ չենք կարողանում գնահատել ռիսկերը: Դրա մասով տարբեր լուծումներ կան. միջազգային փորձը տարբեր տեսակներ է առաջարկում ապահովագրության, մասնավորապես` ինդեքս ապահովագրություն, այսինքն` ինչ-որ ցուցիչի վրա հիմնված ապահովագրություն: Բայց ապահովագրության այդ տեսակներն աշխարհում իրենց չեն արդարացնում: 2-3 տոկոսի ծածկույթ ունեն ընդհանուր ապահովագրատեսակների մեջ: Հակառակ դրա՝ մենք ունենք բավականին լուրջ հիդրոմետ ծառայության բազա` մոտավորապես 60-70 տարվա, ինֆորմացիան բնակլիմայական աղետների հետ կապված: Հորդառատ անձրեւներ, կարկուտ եւ այլն: Միգուցե մենք հնարավորություն ունենանք այդ տվյալները պրոյեկտենք եւ հասկանանք, որ այդտեղ ինչ-որ բերք լինի՝ այդ պարագայում ինչքան կլինի վնասաբերությունը: Լուծումներից մեկն այդ է»:

Արտակ Մարտիրոսյանը մեկ այլ տարբերակ է առաջարկում. «Մյուս տարբերակն այն է, որ գնանք ծախսերի ապահովագրության ճանապարհով: Քանի որ մենք չգիտենք՝ այդ վիճակագրությունն ինչպիսին է, գոնե բանկերից ստացված տեղեկատվության միջոցով տեսնենք՝ իրենց վարկերը չմարելու գրաֆիկը ոնց է, ու մոտավորապես հասկանանք` ինչի համար չեն փակել, եւ կապելով բնակլիմայական աղետների ժամկետների հետ՝ մոտավորապես դուրս գանք այդ ռիսկայնության վրա»:

Մյուս խնդիրն էլ, ըստ Արտակ Մարտիրոսյանի, վնասների հաշվարկի մեթոդաբանությունն է:

Ոլորտի փորձագետի խոսքով՝ ապահովագրությունը ունի նաեւ սանիտարի դերակատարություն ոլորտում. «Տեսեք` կոոպերատիվի անդամներից մեկն ասում է` այս ծաղկակաղամբի սերմը լավը չէ, ցանում ենք՝ բերք չի տալիս, հարցնում ենք` սերմն ումի՞ց եք գնում, ասում է` ով բերում է, գնում ենք, բայց ապահովագրողն ունի պատասխանատուից, մեղավորից հետ ռեգրես անելու իրավունք, որը որ մեր օրենսդրությամբ ամրագրված է: Այսինքն` ապահովագրությունը ունի նաեւ սանիտարի դերակատարություն ոլորտում: Մենք ստիպելու ենք, որ ինքն այդ սերմը պատասխանատու մարդուց գնի, սերտիֆիկացված որակյալ սերմ ներկրողից: Շատ լուրջ հարցեր է լուծելու»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

20.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031