Հոկտեմբերի 21-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրություններում 10021 ձայնով քաղաքապետ ընտրվեց անկուսակցական 33-ամյա Գեւորգ Փարսյանը։ Անկուսակցական թեկնածու Էդգար Հովհաննիսյանը ստացել է 277 քվե, իսկ Սյունիքի փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նարեկ Բաբայանը՝ 8071: Վերջինս քարոզարշավին մասնակցեց ողջ մարզպետարանը, անգամ կառավարության որոշ անդամներ հասան Կապան եւ կոչ արեցին ընտրելու հեղափոխության թեկնածուին։ Քարոզարշավի վերջին օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ կապանցիներին հորդորեց քվեարկել իր կուսակցի օգտին։
Ըստ կապանցիների՝ Գեւորգ Փարսյանի ընտրվելու գործում մեծ ներդրում ունեցավ հայրը՝ շինարար Ռազմիկ Փարսյանը, որը շատ է օգնել կապանցիներին։ Միաժամանակ ընտրողներին դուր չի եկել Նարեկ Բաբայանի թիմի այն գործելաոճը, երբ գործարարների հետ նախընտրական հանդիպումներում հասկացնել էին տալիս ԱԱԾ-ի կողմից հնարավոր ստուգումների մասին։
Ի դեպ, շատերի կարծիքով կապանյան ընտրությունները ոչ թե Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր, այլ հաղթանակը: «Ապացուցվեց, որ նոր Հայաստանում ընտրության արդյունքները չեն կեղծվում, որ նախկին իշխանությունների նման երկու հազար ձայն չեն փչում-դզում»,- նշեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանը նախընտրական հարցազրույցներից մեկում նշել էր , որ ինքը ոչ մի մտավախություն չունի թե մրցակցի քարոզարշավին կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։ Փարսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետն է, իր երկրի ղեկավարը, որն բազմիցս ասել է, որ արդար ընտրությունների երաշխավորն է։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ