Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես իմ երազանքի դպրոցը դեռ կառուցելու եմ»

Հոկտեմբեր 22,2018 13:00

Ինչո՞ւ էր «խոպանի» ճանապարհն ընտրել հայ կինը՝ սիրված մանկավարժը

Զրուցակիցս ճանաչված ուսուցչուհի էր, աշխատում էր Հրազդան քաղաքում:

Գայանե Սիմոնյանը 2015 թվականի հունիսի 7-ից գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում:

– Ինչո՞վ էիր զբաղվում այստեղ մինչ ՌԴ մեկնելդ:

– Մանկավարժությամբ։ 18 տարի անընդմեջ աշխատել եմ Հրազդան քաղաքի թիվ 6 նախկին միջնակարգ, հետո՝ հիմնական դպրոցում (Վանատուր թաղամաս), որպես ֆրանսերեն լեզվի եւ հոգեբանության ուսուցչուհի: Վերջին 7 տարին նաեւ դպրոցի հոգեբանն էի։ Հավելեմ, որ 2014 թվականի աշնանը ԿԳՆ-ում հանձնել եմ քննություններ եւ ստացել հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագիր։

– Ի՞նչն էր պատճառը, որ ունենալով առաջխաղացման հնարավորություն, աշխատանք, մանկահասակ երեխաներ, գնացիր ՌԴ:

– Ընտանեկան խնդիրներ առաջացան, մեծ խնդիրներ, որոնք չեմ ցանկանա մանրամասնել։ Լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ հայտնվեցինք: Իմ՝ ՌԴ մեկնելը տվյալ պահին ճահճից դուրս գալու միակ փրկօղակն էր։ Այո, իհարկե, նաեւ աշխատավարձը։ Տվյալ ժամանակահատվածում ես ստանում էի 60 000 դրամ աշխատավարձ, ծիծաղելի մի թիվ չորս երեխա ունեցող, վարձով բնակվող մեկի համար: Երբ հիմա հետ եմ գնում, ժապավենի պես պտտում ժամանակը ու նայում….. սարսափում եմ: Որտեղի՞ց եմ այդքան ուժ գտել նման որոշման գնալու համար…

– Գայանե, ինչպե՞ս գտար աշխատանք, ի՞նչ աշխատանք ունես, ի՞նչ աշխատաժամով, աշխատավարձով:

– Սկզբում աշխատեցի աղցան պատրաստելու ցեխում: Աշխատաժամանակը երեկոյան 6-ից առավոտյան 6-ն էր։ 6 օր դիմացա: Ծանր աշխատանք էր, ինչ խոսք, բայց ինձ դա չէր սարսափեցնում, ես ամեն աշխատանքի պատրաստ էի։ Բայց եւս վեց օր ու հոգեկանս կխանգարվեր: Հիմա կատակում եմ, բայց սարսափելի էր։ Աշխատում էի տաջիկների եւ ուզբեկների հետ, չնայած որ տերը հայ էր։ 12 ժամ ոչ մի ռուսերեն բառ չէի լսում, դրանց խոսակցություններից արդեն քիչ էր մնում ինքս իմ հաճախորդը դառնայի: Դուրս եկա ու նորից սկսեցի աշխատանք փնտրել։ Երկրորդ աշխատանքս ընկերուհիս օգնեց, անշարժ գույքի գործակալությունում աշխատանքի ընդունվեցի, որպես … հաշվապահ: Ես ո՞ւր, հաշվապահությունն՝ ո՞ւր։ Բայց թեթեւ ծրագիր էր, երկու օրում սովորեցի։ Աշխատում էի առանց հանգստյան օրերի, առավոտյան 9-ից երեկոյան 9-ը։ Այստեղ էլ երկու ամիս աշխատեցի, մինչեւ իրենց մոտ խնդիրներ առաջացան ու հիմնարկը փակվեց։ Օրական 1300 ռուբլի էի վաստակում: Եվ վերջապես արդեն երեք տարին լրացել է, աշխատում եմ մի ռուս ընտանիքում, մի հրաշալի բալիկի դաստիարակ եմ: Վաստակում եմ մոտ 50-60 000 ռուբլի, դրամով՝ մոտ 400 000 դրամ:

– Ասացիր, որ աշխատում էիր աղցանի արտադրամասում, հայեր կային: Նման արտադրամասերում գործատու-աշխատող հարաբերությունները պայմանագրո՞վ էին կարգավորվում:

– Իհարկե, պայմանագրով։ «շ սþոօՎՌռ» խանութների ցանցում էր, որտեղ միայն օրինական էիր աշխատանքի ընդունվում։ Հայեր շատ կային ցանցում, բայց աղցանի արտադրամասում չկային:

– Իսկ աշխատանքի անցնելու համար կայի՞ն ԽԾԲ-ներ, կոռուպցիոն ռիսկեր, ինչպես տեղի ունեցավ ընտրությունը:

– Ոչ մի կոռուպցիոն ռիսկ։ Լրացված դիմում-հայտ էիր ներկայացնում իրենց գլխավոր օֆիս, նշում, թե որ վականսիաներում կցանկանայիր աշխատել, իրենք հետո զանգահարում ու քեզ ասում էին, թե ինչ ազատ վականսիա կա։ Որոշումը քոնն էր, գնալ, թե՝ չէ… Իհարկե, ես այստեղ շատ երկար աշխատանք փնտրեցի, ավելի արժանապատիվ, բայց բոլոր դռները փակ էին իմ առաջ, այ, այնտեղ անշուշտ պետք էր ԽԾԲ, քաղաքացիություն։ Ես ցանկանում էի դպրոց մտնել, «Հայորդյաց տուն» փորձեցի, եկեղեցի գնացի բազմիցս, Եզրասի հետ հանդիպեցի… բայց իզուր էր ամենը…. Հետո երեւի հիասթափվեցի, երեւի հարմարվեցի, հրաժարվեցի դպրոց մտնելու մտքից: Չգիտեմ:

– Ի՞նչ էին պատճառաբանում, երբ մերժում էին:

– «Տեղ չկա»: «Հայորդյաց տան» տնօրենը, անունը հիմա չեմ հիշում, նույնիսկ ասաց՝ գիտե՞ս ինչքան մարդ կա հերթի կանգնած, սրա կինը, նրա հարսը, էն մեկի խնամին:

– Դու միայն երեխա՞ ես պահում, թե՞ լեզու էլ ես սովորեցնում, դրա համար առանձին վճարվո՞ւմ ես:

– Ոչ, լեզու չեմ սովորեցնում։ Երեխայի եմ պահում, լրացուցիչ պարապմունքների տանում, խնամում։ Ինչպես քո երեխային կպահես: Կարելի է ասել՝ նաեւ լեզու եմ սովորեցնում: Շատ լավ հայերեն է հասկանում: Խմբում, որտեղ նաեւ իմ Իգորիկն է, չորս հայ կա։ Հայ երեխաներից մեկի մաման տանն ամուսնուն պատմել է՝ խմբում չորս հայ կա, բայց միայն Իգարյոկն է հայերեն խոսում:

– Ի՞նչ սովորեցրեց «դուրսը»: Մտադիր չե՞ս գալ Հայաստան, աշխատել դպրոցում. իրավիճակ է փոխվել:

– Առանց իրավիճակի փոփոխության էլ վերադառնալու էի, իսկ հիմա առավել եւս։ Պարզապես, հիմա այնքան անձնական խնդիրներ կան, որ վերադառնալը դեռ չի երեւում, ցավոք։ Ի՞նչ տվեց դուրսը։ Սա մի մեծ դպրոց էր։ Ինքս ինձ հետ մենակ մնալու, ինքնաճանաչման մի մեծ ճանապարհ։ Վայրէջքներ ու վերելքներ… Բայց երբեք չհուսահատվել, քանի որ դրա իրավունքը չունեի։ Տանը ինձ էին սպասում չորս անչափահաս երեխա, որոնց կյանքին, ապագային մոտենում եմ մեծագույն պատասխանատվությամբ: Անշուշտ, դպրոց։ Միայն դպրոց։ Ես իմ երազանքի դպրոցը դեռ կառուցելու եմ։ Երբ տնօրենի հավաստագրի բանավոր քննությունն էի հանձնում, շատ հարգելի Անահիտ Բախշյանը հարցրեց՝ պատկերացրու արդեն տնօրեն ես, ինչպիսի՞ն է լինելու քո ղեկավարած դպրոցը։ Պատասխանեցի՝ իմ դպրոցում ՍԵՐ է լինելու։ Իմ դպրոցում աշխատելու են երեխա սիրող մանկավարժներ։ Իմ դպրոցում բարձրագույն դիպլոմներով, գերազանց գիտելիքներով, բայց երեխա չսիրող, դպրոցի հետ կապ չունեցող մարդիկ չեն աշխատելու։

– Այս տարիներին շփվել ես նաեւ հայերի հետ: Առհասարակ, նրանց որ աշխատանքների համար են նախընտրում վերցնել:

– Իմ շրջապատի հայերը գործատուներ չեն: Սովորական մարդիկ են, ամեն մեկը մի աշխատանք գտած «յոլա» են գնում: Այո, մեծ պահանջարկ ունեն։ Երբ իմ գործատուին հարցրի՝ ինձ ո՞նց առանց ճանաչելու միանգամից աշխատանքի վերցրիք ու վստահեցիք ձեր ամենաթանկը, պատասխանեցին՝ մեզ որոշ չափով բավարարեց քո ազգությունը։ Հայ ես, հայերը լավ մամա են լինում, հետեւաբար, մեր երեխուն էլ լավ կպահես: Տեղի գործատուները պարզեցին, որ ներգաղթող աշխատուժի բոլոր հնարավոր տարբերակներից ամենալավը հայերն են` ուկրաինացիներից եւ բելառուսներից հետո, քանի որ նրանք հեշտ են ադապտացվում, անկլավներով չեն ապրում, բացասական տրամադրվածություն չեն առաջացնում տեղի բնակչության մոտ, հիմնականում վատ չեն խոսում ռուսերեն, լավ են աշխատում, չեն խմում:

– Գայանե, գալու մտադրություն ունե՞ն քո ճանաչած հայերը:

– Շատերի մոտ հայրենիքի զգացողություն էլ չկա։ Լեզու չգիտեն երեխաները, շատ ցավոտ հարց է:

– Մի ժամանակ հայ տղամարդկանց էին ասում «խոպանչի», հիմա կանանց: Ինչո՞ւ են «խոպանի» ճանապարհն ընտրում հայ կանայք:

– Ես ճիշտ չեմ համարում, որ կինը խոպան գնա, որքան էլ որ երբեմն կատակով խոսում եմ այդ մասին։ Առավել եւս տանը թողնի երեխաներին՝ իրենք իրենց խնամքին, սա ողբերգության մի արար էր, որ մենք հաղթահարեցինք, կարողացանք թռնել այն անդունդի վրայով, որը մեր համար փորել էին «հարազատ» մարդիկ։ Բայց դա ուրիշ պատմություն է։ Լավ կյանքից ոչ մի կին չի բռնում այդ ահավոր դժվար ճանապարհը։ Հիմա այլեւս այդ մասին չեմ էլ մտածում։ Հիմա մտածում եմ երեխեքս կրթություն ստանան, կարողանամ հնարավորինս անել ամեն ինչ, որ չորսն էլ մասնագիտություն ունենան ու գտնեն իրենց արժանի տեղն այս կյանքում։ Դա իմ համար ամենակարեւորն է հիմա։

– Տարբեր գործատուների հետ ես աշխատել, թե հայ, թե ռուս: Տարբերություն կա՞ նրանց մեջ:

– Չգիտեմ բոլո՞րն են այստեղ ազնիվ, թե ոչ, իմ գործատուները շատ ազնիվ են, բարեխիղճ։ Մանավանդ ֆինանսական հարցերում։ Շատ հարգանքով են։ Դպրոցում այլ էր։ Դպրոցում ես գիտեի ով եմ, ինչ եմ ուզում, ուր եմ գնում, ես իմ երկրում էի, ոտքս հաստատ իմ հողի վրա։ Ես այստեղ ինձ չեմ զգում, ես այստեղ չկամ, ես ես չեմ, այստեղ լրիվ ուրիշ մարդ է: Մեկ-մեկ հայտնաբերում եմ։ Սա կուլ տվող երկիր է, շատ արագ քեզ կլանում է, սարքում իր պես: Անժպիտ, անտարբեր, սառը երկիր… Պիտի երեւի դրսում լինենք, որ մերը կարողանանք գնահատել ու ավելի քնքշությամբ սիրել:

– Երբ Հայաստանից գնում էիր, նեղացա՞ծ էիր:

– Նեղացած էի… Ասել թե Հայաստանից, սխալ կլինի։ Հայաստանը ծնող է, երեխա, քույր, եղբայր, հարազատ, ո՞նց նեղանաս: Հայաստանով է բացվում օրս ու անցնում։ Նեղացած էի էն ամենից, ինչը ստիպեց, որ թողնեմ ամեն ինչ ու գնամ Հայաստանից։ Նեղացած էի, շատ էի նեղացած։ Հիմա նորմալ է։ Հիմա ներել եմ ինձ ու բոլորին։ Կյանքը սիրուն է։ Կյանքը հրաշք է։ Ու այդ հրաշքը ուզում եմ իմ երկրում վայելել: Ի՞նչը կարող էր ստիպել ինձ հեռանալ իմ բնականոն կենսակերպից, շրջապատից, թողնել քաղաքս, որտեղ ծնվել ու մեծացել եմ, ծնողներիս, մեկնել օտար երկիր: Սովորաբար այդպիսի որոշումը հանկարծակի չի ծնվում, մարդու մոտ այդ քայլը երկար է հասունանում, գուցե եւ ենթագիտակցության մեջ: Մենք ունենք բազմաթիվ զգացումներ, բայց դրանցից միայն մեկն ունի ժամանակի ընթացքում կուտակվելու եւ նույնիսկ ամենապասիվ մարդկանց գործողությունների դրդելու հատկություն: Դա տագնապի զգացումն է: Գուցե այդպես եղավ նաեւ ինձ հետ. մեկնում են ոչ թե ինչ-որ բանի հետեւից, այլ` հեռանում ինչ-որ բանից։ Որտեղի՞ց է գալիս այդ վախը: Թերեւս, հասկանալի է` որտեղից: Նախ, նախկին իշխանությունը կամա թե ակամա մարդկանց վախ էր ներարկում գոյատեւման մարտավարությանը հետեւելով: Հայաստանը մշտապես գտնվում էր ու է գոյատեւման ռեժիմում: Գոյատեւումը նաեւ հանդիսանում էր իշխանության ռազմավարությունը` այդ իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով: Իշխանությունը պահպանելու լավագույն մեթոդը վախեցնելն է: Երկրորդ, մեր ժողովուրդը չունի վերնախավ, չունի «ազգի հայրեր»` մարդիկ, որոնց վստահում են, որոնց հետեւից պատրաստ են գնալ: Նրանք, ում հետեւից ժողովուրդը գնացել է, բազմիցս հուսախաբ են արել նրան: Դա նույնպես խռովություն է առաջացնում հոգիներում: Մեր ազգը նման է հոտի, որը մնացել էր առանց հովվի: Այս օրերին ազգը հուսառատ է, ժպիտ կա դեմքին, բայց վախը բաց չի թողնում։ Իսկ եթե՞…

Զրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

20.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031