Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրու կենտրոնում տուրիստների սիրած ճաշարանը դադարեցրել է աշխատանքը

Հոկտեմբեր 22,2018 12:30

Պատճառը, ըստ գործարարի,
նորմերին չհամապատասխանող փողոցաշինությունն է

Գյումրու տարբեր հատվածներում ընթացող փողոցաշինությունը մեծ անհարմարություններ է ստեղծել ոչ միայն բնակիչների ու վարորդների, այլ գործարարների համար։ Սպասարկման օբյեկտների եկամուտները կտրուկ նվազել են, որոշ հյուրանոցներ ու ճաշարաններ էլ փակվել։

Բանն այն է, որ փողոցաշինություն է ընթանում ողջ քաղաքով, ասել է թե՝ ամբողջ քաղաքը քարուքանդ է արված. մի կողմից սա պիտի որ ուրախացներ այս քաղաքի բնակիչներին կամ հենց գործարարներին ավելի բարեկարգ տարածքում ապրելու ու աշխատելու առումով, սակայն ճիշտ հակառակը՝ մտահոգության մեծ տեղիք է տվել։ Շուտով ցրտերը կընկնեն, իսկ փողոցաշինությունը դանդաղ տեմպերով է ընթանում, եթե չասենք, որ որոշ հատվածներում չի էլ ընթանում, այդպես քանդված մնացել են։

Միշա Պողոսյանը, որը վեց ամիս է՝ Վարդանանց հրապարակին հարակից կենտրոնական Գայի փողոցում «Համով լանչ» անունով ճաշարանն էր բացել ու մեծամասամբ տուրիստների էր հյուրընկալում, «Առավոտ»-ի հետ զրույցում դժգոհեց, որ փողոցաշինության սկսվելուն պես այն ստիպված փակել է։ Հոկտեմբերի 10-ին ճաշարանի դիմաց փոսեր են փորվել՝ մուտքը դարձնելով անանցանելի։ Մեր զրուցակցի հաշվարկներով՝ Գյումրու քաղաքապետարանն իրեն արդեն 5 միլիոն դրամի վնաս է տվել։ Նա ստիպված չեղարկել է բոլոր պայմանավորվածությունները, տուրիստական գործակալությունների հետ կնքած պայմանագրերը, նախքան փողոցաշինությունը մեծ գումարի գնումներ էր կատարել. միրգ-բանջարեղենը փչացել է, նաեւ սպասք էր գնել «խաշի սեզոնի» մեկնարկը տալու համար։

Երիտասարդ գործարարը քաղաքապետարան դիմում է ներկայացրել՝ փոխհատուցման շուրջ խոսելու համար, սակայն, ըստ նրա, իր հետ բանակցային սեղանի շուրջ նստելու փոխարեն քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում իրեն զրպարտել են, էժանագին հարձակում գործել ֆեյքերի միջոցով, անձնական վիրավորանքներ հասցրել, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ այդ վիրավորանքները «լայքել» են։
Նա պատրաստվում է դատի տալ Գյումրու քաղաքապետարանին՝ շինաաշխատանքերի կանոնները չպահպանելու ու անփութություն ցուցաբերելու պատճառով իր բիզենսը դադարեցնելու համար։ Նա կներկայացնի նաեւ երկրորդ հայցը քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջում իրեն զրպարտելու համար, եթե այդ գրառումը չհեռացնեն ու իրենից ներողություն չխնդրեն։

«10 օր առաջ հայտնաբերեցինք, որ մեր սպասարկման մուտքի մոտ շինաշխատանքներ են սկսվել, բնականաբար ոչ ոք չէր ծանուցել, ոչ ոք չէր տեղեկացրել։ Երբ ես դժգոհություն հայտնեցի քաղաքապետարանի համապատասխան բաժնին, քաղաքապետի անունով նամակ-դիմում ներկայացրեցի, փոխանակ իմ դիմումին պատասխանեն, երկու ժամ առաջ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրել են մի տեքստ, որով ինձ տեղեկացնում են, թե նախքան իմ բողոքելը ես կարող էի վճարել իմ տուրքերը։ Անկեղծ ասած, ես նոր եմ իմանում, որ ինչ-որ պարտք ու տուրք ունեմ, կարող է իմանամ ու զարմանամ, բայց դա նաեւ խոսում է իրենց դիլետանտության մասին, որ քաղաքապետարանի համապատասխան բաժիններն այնքան էլ լավ չեն աշխատում, որ ես տեղյակ չեմ՝ ինչ-որ կուտակված տուգանքներ ու պարտքեր ունեմ։ Միգուցե սա էլ առիթ է իմանամ, որ էդպիսի բաժին գոյություն ունի։Փոխանակ ինձ իրավական տեսակետից պատասխանեն, հիմնավորեն իմ դիմումը, իսկ ես պահանջեմ՝ եկեք նստեք բանակցային սեղանի շուրջ եւ ինձ փոխահատուցեք այն կորուստը, որ ես ունեցել եմ։ Ես տնտեսվարող մարմին եմ, ունեմ հիմնական ծախսեր, որոնք ամսական 600-800 հազար են կազմում, հարկային պարտավորվածություն ունեմ, աշխատավարձ եւ այլն, եւ այլն։ Դա ահռելի գումար է, երբ որ չեմ աշխատում, նշանակում է ինչ-որ մի տեղից դա պիտի ճարեմ ու տրամադրեմ։ Ես ավել բան չեմ ուզում իրենցից, իրենք թող վերցնեն նախկին ամիսների շրջանառությունը, դրա հիման վրա փոխահատուցեն ինձ համապատասխան օրերի քանակով», -ասում է գործարարը։


Մեր զրուցակիցը մտահոգված է, որ կենտրոնական փողոցի շինարարության վրա ընդամենը երեք հոգի են աշխատում։ «Նման աշխատաոճն անընդունելի է քաղաքի ամենակենտրոնական հրապարակում, այս փողոցը Վարդանաց հրապարակը կապում է տարբեր կարեւոր նշանակություն ունեցող կառույցների՝ Տեխնոպարկի, «Թումոյի», «Հայորդաց տան» ու բազմաթիվ այլ կառույցների հետ։ Որ մի քիչ մնաք այս փողոցում, կտեսնեք, որ ուսանողները կամազների, վերամաբարձների, տարբեր վտանգավոր տեխնիկայի արանքով են անցնում, դա շինարարության տարրական նորմերի խախտում է։ Շինարարական կազմակերպությունը պետք է թեքահարթակների, հատուկ նախազգուշական նշանների հարց լուծեր, իսկ այս դեպքում ոչինչ չեն անում, նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս բանավոր ասեն՝ գիտես ինչ կա ախպեր ջան, քո մուտքը քանդում ենք, արի մի բան նախաձեռնի։ Իսկ ես, ունենալով խոշոր պատվերներ, նախօրոք մեծ գումարի գնումներ էի կատարել, բոլոր անդորրագրերն ունեմ, ապացույցներն ունեմ, իմ ապրանքը փչացավ, ես թափեցի բանջարեղենն ու մրգեղենը, որը որ պետք է սպասարկեի, ունեի պայմանավորվածություններ, պայմանագրեր տուրիստական գործակալությունների հետ, ով՞ է այդ ամենը փոխհատուցելու։ Իսկ ինձ ասում են, թե քո մեղավորությունն է, գայիր հանրային լսումների, իսկ ես՝ որպես քաղաքացի, պարտավոր չեմ գալ ձեր բոլոր հանրային լսումներին, որոնք որ ծածուկ են տեղի ունենում։ Ձեր կայքի այցելությունների թիվը նայելով՝ դուք պետք է հասկանայիք, որ ինչ-որ բան սխալ եք անում եւ օգտագործեիք ուրիշ գործիքներ, 21-րդ դարում նույնիսկ վարչապետը սոցցանցերով է ժողովրդի հետ իր կապը պահպանում, իսկ դուք ձեզ նեղություն չեք տալիս տարրական տեղեկատվությունը տարածելու»,-քննադատում է Միշա Պողոսյանը։

Թե ե՞րբ է ավարտվելու վերոհիշյալ փողոցի շինարարությունը, Միշա Պողոսյանի փոխանցմամբ, տեղեկություներ չկան, քանի որ Գյումրու քաղաքապետարանը մոնիտորինգ անցկացնող կառույցների հարցումներին անգամ չի պատասխանում։

«Էսօր շեշտվեց, որ մինչեւ մարտ ամիս կտեւի, ասում են՝ եթե պետք եղավ, կդիմանաք մինչեւ մարտ ամիս, բայց իմ բիզնեսը մի ամիս չի դիմանում, ուր մնաց մինչեւ մարտ ամիս։ Եթե մինչեւ մարտ ամիս է, շատ լավ, ես դուռը կփակեմ, թող իրենք իմ ամեն ամսվա կորուստը փոխհատուցեն։ Ես ունեի չորս աշխատակից, որոնք գրանցված են, ես նորմալ հարկատու եմ, այն դեպքում, երբ պարոն Բալասանյանի գարեջրի գործարանը, որը խուսափում էր հարկերից՝ մոտ 360 միլիոնի, նրա մուտքը, փողոցն արդեն վերանորոգվել է, իսկ իմ՝ պարտաճանաչ հարկատուիս փողոցը սկսում են խորը աշնանը շինարարություն անել, դա չի տեղավորվում ոչ մի կանոնի, ոչ մի նորմի մեջ, ո՞վ կբացատրի ինչո՞ւ է այսպես», -հարցնում է մեր զրուցակիցը։

Նա ասում է, որ ըստ վիճակագրության, Գյումրի եկող տուրիստները միջին տարիքից բարձր են, նրանք հարթ փողոցներով անգամ զգույշ են քայլում, ուղեկցողներ ունեն, իսկ Գյումրիում ընթացող փողոցաշինությունը նաեւ տուրիզմի զարգացումը կանխեց. մեկ դժգոհող տուրիստը ապագայում 10 տուրիստի չի թույլ տա այցելելու։

Մենք զրուցեցինք նաեւ «Համով լանչ» ճաշարանի դիմաց գործող խանութի աշխատակցի՝ Նելի Մալխասյանի հետ, որը դժոգհեց, թե փողոցաշինության պատճառով կտրուկ նվազել է իր առեւտուրը. մինչ շինարարությունը օրական մոտ 230-250 հազար դրամ եկամուտ էր ստանում, իսկ հիմա հազիվ 120 հազար դրամ։ «Դիմում եմ քաղաքապետին եւ՛ խնդրանքով, եւ՛ նաեւ պարտադրանքով, այս հարցին լուծում տա՝ կամ շինարարական ընկերությունը փոխհատուցի մեր վնասը կամ շինարարությունն այնպես կազմակերպեն՝ նորմերին համապատասխան, որ չխանգարի մեր բիզնեսին։ Եթե օրական 120 հազար դրամ նվազ առեւտուր ենք անում, պատկերացրեք ամսվա կտրվածքով ինչ կլինի, փակման է գնում խանութը։ Առայժ դիմում եմ քաղաքապետին, չբավարարելու դեպքում դատի կտամ»,-նախազգուշացրեց տիկին Նելին։
Նա մտահոգված է, որ սննդի անվտանգության տեսչությունից ամեն վայրկայն կարող են գալ ու տեսնելով փողոցաշինության պատճառով ստեղծված հակասանիտարական միջավայրը՝ տուգանեն իրեն։

Մենք պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջական միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանից։

Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ Գայի փողոցի մի մասն են վերանորոգում, փուլ առ փուլ են անում, որպեսզի մարդկանց համար, որքան հնարավոր է քիչ անհարմարություններ ստեղծեն։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ այդ փողոցի շինարարության պատվիրատուն ոչ թե քաղաքապետարանն է, այլ Հայաստանի համայնքների զարգացման հիմնադրամը, որը եւ հայտարարել է մրցույթ, վճարում է շինարարին։
Գյումրու քաղաքապետարանը, ըստ Կնյազ Մանասյանի, իրավական առումով դերակատարություն չունի այստեղ, սակայն ելնելով քաղաքի ու բնակիչների շահերից՝ ամենօրյա վերահսկողություն է իրականացնում։ «Գիտեք, որ քաղաքապետն այդ թաղամասում է ապրում, օրական գոնե երկու անգամ անցնում-դառնում է, բնականաբար եւ ոչ մեկին հաճելի չէ նման վիճակ տեսնել, բայց գիտեք ինչ, սա նման է մի բանի, երբ տան մեջ ապրելով՝ տունը վերանորոգում ես։ Բնականաբար անհարմար վիճակ կստեղծվի, մենք չենք բացառում, որ փողոցի վրա գտնվող խանութները կամ այլ սպասարկման օբյեկտները տուժեն, հնարավոր է, որ տուժեն ինչ-որ չափով, բայց եթե չվերանորոգենք, թողնենք այդպես մնար, կլինի՞։ Այսինքն երկու երնեկ մի տեղ չի լինի, սա ժամանակավոր բան է, կանցնի մի քանի օր էլ, աշխատանքները կավարտվեն, եւ բոլորս էլ հաճույք կստանանք, որ շատ գեղեցիկ փողոց ունեցանք», -ասում է պաշտոնյան։

Իսկ թե ինչո՞ւ են խորը աշնանը սկսել շինարարությունը, պաշտոնյան դա բացատրում է կազմակերպչական ընթացակարգով, այսինքն՝ ֆինանսական միջոցները ուշ են հայթայթել, որին հաջորդել է ծրագիր կազմելը, ծրագիր մտցնելը, հաստատելը, համապատասխան մարմիններով՝ ասենք փորձաքննություն անցնելը, շինարարության մրցույթ հայտարարելն ու կազմակերպելը։
«Հիմա կատարվում են այն աշխատանքները, որոնք որ կարող են անձրեւի ժամանակ ձգձգվել, մնացած աշխատանքները կկատարվեն այն ժամանակ, երբ որ բնակլիմայական պայմանները թույլ տան։Մենք այս տարի հնարավոր է ասֆալտին ձեռք չտանք, ասֆլատը մնա նույնությամբ, մայթերը կկառուցենք, եզրաքարերը տեղադրենք, հենասյուները կտեղադրենք, որ լուսավորության հարցը լուծվի, եթե եղանակները թույլ տվեցին, ասֆալտի հարցը կլուծենք, եթե չէ՝ չէ»,- պարզաբանեց Կնյազ Մանասյանը։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

20.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031