Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաարժանավորը

Հոկտեմբեր 22,2018 12:00

2017 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անգլերենով լույս է տեսել «Խաղացողը» գիրքը՝ Ուիլյամ Չ. Ռեմփելի հեղինակությամբ: 2018 թվականին գիրքը հայերեն են թարգմանել Ալինա եւ Աննա Միրզոյանները: Փաստավավերագրական գիրք է՝ հիմնված ականատեսների եւ նախկինում հրատարակված պատմությունների հիման վրա՝ իննսունութամյա Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Գրիգորյանի) անցած կյանքի ճանապահի մասին է:

Քըրքի ընտանիքը խիստ կարիքի մեջ է եղել, ինքն էլ ոտաբոբիկ. նա հինգ տարեկան էր, երբ ընտանիքը դատարկ գրպանով տեղափոխվում է Լոս Անջելես, այդպես շարունակ տեղից տեղ տեղափոխվելով գտնվում էին նորանոր վտանգների մեջ: Փոքրիկ Քըրքը անգլերեն էր սովորում Լոսի փողոցներում, լրագրեր վաճառում, գրոշներ վաստակում, իսկ ութերորդ դասարանից էլ ուսումը կիսատ է թողնում: Նա պինդ տղա էր, լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ բիզնեսում, հանճար, մոլի խաղացող խաղատներում, առաջատար օդաչու ԱՄՆ-ում:

Քըրքը սկսել է ոչնչից (զրոյից), առանց անգամ մի գրոշի, այդ ոչինչը խաղասեղանին դնելով՝ դարձավ 20 միլիարդ դոլարի տեր: 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էին պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցները եւ խաղատների մեծ մասը: Երեք անգամ նա կառուցել է աշխարհի ամենամեծ հանգստի ու ժամանցի հյուրանոցները, նույնքան անգամ էլ գնել ու վաճառել է:
Քըրք Քըրքորյանի ընկերներն ու ծանոթները գործարար մարդիկ էին, զվարճանքի եւ սպորտի խոշոր դեմքեր: Նա գործարքներ կատարող հանճարեղ վարպետ էր, հանդուգն, ամենահամարձակը, բիզնես նախաձեռնությունների հեղինակ: Որպես նախաձեռնող ամեն բան մանրամասն հաշվարկում էր, ամեն ինչ դնելով խաղասեղանին:

Հետաքրքրաշարժ է Քըրք Քըրքորյանի կյանքը, ամեն ինչին հասել է թերի կրթությամբ, ինքնուրույն, թողնելով հսկայական կարողություն: Հայ ժողովուրդն ունի մեկ տասնյակի հասնող խոշոր բարեգործներ, բայց Քըրքը տասնյակ անգամ ավելին է արել:

1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ իր պատմական հայրենիքին նվիրեց միլիարդավոր դոլարներ, որի համար նա սրբացավ: Քըրքի բարեգործությամբ հազարավոր մարդիկ ունեցան բնակարան: Երախտապարտ հայ ժողովուրդը նրան տվեց ազգային հերոսի կոչում. գտնում եմ, որ նա ավելիին է արժանի:

«Խաղացողը» գիրքը տպվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում եւ վաճառվում է գրախանութներում:

Քաղաքամայր Երեւանի կենտրոնական հրապարակում կանգնեցված էր հայ ժողովրդի մեծ թշնամի Լենինի արձանը, որը հանվեց Երրորդ հանրապետության ժամանակ, բայց պատվանդանը հանելը սխալ էր: Այսօր առանց արձանի Հանրապետության հրապարակը կարծես դատարկ է. արդարացի ու ճիշտ կլինի հրապարակում կանգնեցվի Քըրք Քըրքորյանի արձանը: Գոյություն ունի Քըրքի ունեցվածքը տնօրինող հանձնախումբ, նրանց հետ կապ պաշտպանելով՝ հնարավոր կլինի Քըրքի միջոցներով ավարտին հասցնել այս հայրենանվեր գործը: Կարծում եմ՝ հանրապետության այրերը կընդունեն ճիշտ որոշում:

ՍՈՒՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
փաստավավերագրող

«Առավոտ»

20.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031