Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ, Սարիգյուղ եւ Բերքաբեր գյուղերում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Հայտնել ենք, որ Լուսահովտի ընտրություններում հաղթել է Գրիգոր Սարհատյանը:
Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ Բերքաբերում ցուցակային 435 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 244-ը, որից 235-ը կողմ է քվեարկել համայնքի ղեկավարի միակ թեկնածուին`անկուսակցական Արգամ Արզումանյանին: 4 ընտրող դեմ է քվեարկել, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Սարիգյուղում ցուցակային 996 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 654-ը: Գործող համայնքապետ, անկուսակցական Կոմիտաս էլլարյանի օգտին քվեարկել է 285, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեյրան Սարիբեկյանի օգտին`336 ընտրող, 33 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Կոմիտաս Էլլարյանը եւ Սեյրան Սարիբեկյանը համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցել են նաեւ 4 տարի առաջ: 2014թ. դեկտեմբերի 14-ին կայացած ընտրություններում Սարիգյուղ համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն էին`այն ժամանակ ՀՀԿ անդամ Կ. Էլլարյանը, անկուսակցական Ս. Սարիբեկյանը եւ ՀՀԿ անդամ Գագիկ Մադաթյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ