Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունը չէ, որ պետք է որոշի մամուլի ազատության աստիճանը

Հոկտեմբեր 22,2018 10:00

Ստահոդ. այս բառն իր կայուն տեղն էր գրավել դեռեւս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բառապաշարում, երբ բնորոշում էր «հին Հայաստանի» շատ իրողություններ:

Ստահոդ. ամեն անգամ մտաբերում եմ այդ ձեւակերպումը, երբ լսում եմ հայտարարություններ, որոնք ակնհայտ քարոզչական բնույթի են կամ գուցե արված են կողմնակիցներին ոգի կամ օտարահունչ «դուխ» հաղորդելու համար:

Նման հայտարարություն է, ասենք, պնդումը, թե մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել: Որքան նկատել եմ՝ այժմ էլ, ինչպես եւ նախկինում, ինչպես եւ թերեւս լինելու է միշտ՝ չեն ժպտում այն մարդիկ, որոնք չունեն դրա առիթը: Եվ հակառակը՝ փողոցներում չկան անտեղի ժպտացողներ:

Նույնպիսի պնդում է նաեւ հավաստիացումը, թե այսօր Հայաստանում կոռուպցիա չկա: Իհարկե, ուղղակի արտակարգ կլինի, եթե նոր իշխանավորները շարունակեն մնալ չկոռումպացված եւ, եթե տասնամյակներով ձեւավորված համակարգը նրանց էլ չձեւափոխի, ինչպես ժամանակի ընթացքում արել է ոչ պակաս ազնիվ եւ արդար շատերի հետ: Բայց այսուհանդերձ՝ մոլորակի վրա չկա եւ որեւէ երկիր՝ մեզնից ավելի ժողովրդավարական էլ, մեզնից ավելի օրինապաշտ էլ, որտեղ չլինի կոռուպցիա, որտեղ զրո լինի կոռուպցիան:

Սակայն այս ամենը քաղաքականություն է, որն ինձ համար գերակա է դառնում միայն այնժամ, երբ իբրեւ ընտրող մոտենում եմ քվեատուփին: Իսկ իբրեւ լրագրող ինձ համար առավել բովանդակազուրկ է իշխանությունը գլխավորած մեր նախկին գործընկերոջ արդեն բազմիցս արած այն պնդումը, թե «Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր»:

Նախ, հիշեցնենք, որ Հայաստանի եւ ոչ մի իշխանավոր երբեւէ չի էլ ընդունել մամուլի առումով խնդիրների առկայությունը: Եվ անգամ երբ եթերազրկվեց «Ա1+»-ը եւ այդ պատճառով Հայաստանը հայտնվեց ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում՝ էլի մեր իշխանավորները շարունակում էին կրկնել հանգերգը, թե Հայաստանում խոսքի ազատության խնդիր չկա, եւ գտնվեցին տասնյակի չափ ԶԼՄ-ներ՝ հիմնականում հեռուստաընկերություններ, որոնք երկրորդեցին նրանց:

Գուցե հիմա էլ գտնվեն իշխանությանը երկրորդողներ՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե մի շարք հասարակական կազմակերպություններ՝ նաեւ լրագրողական, ազդարարեցին իշխանությանն իրենց աջակցելու պատրաստակամության մասին: Բայց առայժմ հնչում են նվազագույնը հաստատումներ, թե «Այն դժվարությունները, որոնք ունենք հիմա, ունեցել ենք նաեւ նախորդ իշխանության օրոք. որեւէ բան այս իմաստով չի փոխվել: Լավ իմաստով էլ որեւէ բան չի փոխվել. այնպես չէ, որ մենք այն ժամանակ կաշկանդված էինք աշխատում՝ հիմա բացարձակ ազատություն ունենք»:

Իսկ լրագրողների մի խումբ էլ մտահոգությամբ արձանագրում է այլակարծության եւ ընդդիմախոսների կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության սաստկացած մթնոլորտը, մեկ այլ իրողություն, որը բազմիցս փաստել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը՝ «ատելության խոսքի տարածվածությունը»:

Նախկինում առանձին գործիչներ էին անհանդուրժող քննադատության հանդեպ: Եվ այս դեպքում չեմ զատորոշի իշխանական ու ընդդիմադիր գործիչներին, քանի որ վերջիններս նույնպես կարողանում են, մեղմ ասած, նեղացկոտ դառնալ, երբ որեւէ լրատվամիջոց «տրորում է նրանց կոշտուկները»: Այլ հարց է, որ իշխանական գործիչներն անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ ունեին խոչընդոտելու ԶԼՄ-ների աշխատանքը եւ գործադրում էին դրանք:

Սակայն մամուլի աշխատանքի խոչընդոտման փորձերը չեն վերացել՝ ուղղակի ձեւափոխվել են. և, մասնավորապես, ֆիզիկական բռնություններին փոխարինել է «կիբեռբուլինգը»: Անհանդուրժողականությունը վիրտուալ տարածքում ստացել է զանգվածային բնույթ: Եվ գուցե դեռ ուրախ կլինեինք, եթե այն սահմանափակվեր միայն վիրավորանքներով ու հայհոյանքներով, որոնք թափվում են լրագրողների գլխին որեւէ քննադատական հրապարակումից հետո՝ ոմանց ստիպելով անգամ լռել: Դրանով չսահմանափակվելով՝ նաեւ փորձում են վնաս հասցնել՝ ֆեյսբուքյան էջերը շարքից հանել կամ գոնե վարկանիշը նվազեցնել եւ այլն:

Ու չնայած նման փորձեր անողները հիմնականում հենց իշխանության համակիրներն են՝ վաղուց արդեն չենք ակնկալում, թե փորձ կարվի նրանց կարգի հրավիրել: Մանավանդ որ ականատես ենք՝ մի քանի հորդորները մնացել են անարձագանք:

Բայց մանավանդ այս պայմաններում, երբ գործում ենք քննադատական խոսքը լռեցնել փորձող տարափի ներքո՝ գոնե չարժե միջազգային ու տեղական լսարաններում, ըստ էության, ստահոդ պնդում անել, թե մամուլը երբեք չի եղել այսքան ազատ: Ու ոչ այն պատճառով, որ մի քիչ էլ ծաղրական է հնչում: Ուղղակի իշխանության գործը չէ նման գնահատականներ տալը. դա պետք է ասեն իրենք՝ լրագրողները, երբ կունենան դրա համար հիմնավոր առիթ:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031