Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Հոկտեմբեր 22,2018 09:30

Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը նոր չէ: Տվյալ գաղափարը քննարկվում էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ժամանակներից, երբ ժամանակավոր Վիրահայոց թեմը տեղափոխվել էր Ջավախք։ Մեր օրերում Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը եւս մշտապես քննարկվում է տարբեր մակարդակներում: Ինչպես Սամցխե-Ջավախքի հայ հասարակությունը, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ մշտապես բարձրացրել են տվյալ հարցը Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Վիրահայոց թեմի առաջնորդի մոտ։

Հարցն այն է, որ Սամցխե-Ջավախքում առանձին թեմի ձեւավորումը դրական ազդեցություն կունենա Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր ժողովրդի վրա եւ կնպաստի տարիներով կուտակված մի շարք խնդիրների լուծմանը: Ինչքան էլ հոգատար ու բարեխնամ լինի Վիրահայոց թեմի առաջնորդը եւ ինչքան էլ հաճախակի այցելի Ջավախք, միեւնույն է տեղում ունենալը առանձին թեմ լիովին փոխում է հոգեւոր կյանքի պատկերը Ջավախքում: Այն անկասկած կարող է մտցնել մեծ ակտիվություն շրջանի հոգեւոր կյանքի մեջ, ինչի կարիքը մեծապես զգացվում է Սամցխե-Ջավախքի քաղաքներում ու հեռավոր գյուղերում:

Դրանից բացի առանձին թեմի գոյության պարագայում Վրաստանի պետական բյուջեից հատկացվող գումարների մի մասը կծախսվի Սամցխե-Ջավախքի եկեղեցական կարիքների վրա: Խոսքը Վրաստանի պետական բյուջեից հատկացվող ֆինանսական օգնության մասին է, որպես խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցու կրած նյութական վնասների փոխհատուցում: Այդպիսի ֆինանսական աջակցությունը միանշանակ դրական ազդեցություն կունենա հոգեւոր կյանքի ակտիվացման վրա: Էլ չենք ասում, որ Մայր Աթոռը, որպես առանձին միավորի, հատուկ ուշադրության կարժանացնի Սամցխե-Ջավախքի նորաստեղծ թեմին:

Այսօր Սամցխե-Ջավախքում ծառայություն է մատուցում հինգից-վեց հոգեւորական, սակայն միայն Ախալքալաքի շրջանում կան մոտ վեց տասնյակից ավել հայ առաքելական գյուղեր։ Նինոծմինդայում նրանց թիվը մոտ երեք տասնյակ է, իսկ Ախալցխայում` մեկ տասնյակից ավելի։ Էլ չենք խոսում Ասպինձայում, Ադիգենիում եւ Բորժոմիում գոյություն ունեցող Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների գոյության մասին։ Ընդհանուր հաշվով Սամցխե-Ջավախքում միասին վերցված ապրում է մոտ 100 000 հայ առաքելական եկեղեցու դավանորդ եւ նրանց սպասարկում են ընդամենը հինգից-վեց հոգեւորականներ։

Առանձին թեմի ձեւավորման պարագայում տվյալ խնդիրը եւս մասամբ լուծում կստանա եւ ներկայիս հոգեւորականների թիվը առնվազն կկրկնապատկվի, ինչը նոր զարթոնք կապահովի ամբողջ շրջանի հոգեւոր կյանքի համար։

Համեմատության համար կարելի է օրինակ բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն, որի հետեւորդների թիվը պաշտոնապես ավելի քիչ է Սամցխե-Ջավախքի շրջանում, սակայն նույն ժամանակ եկեղեցին ունի միանգամից մի քանի թեմեր։ Վրաց ուղղափառ եկեղեցին առանձին թեմ ունի Բորժոմիի, Ախալցխայի, Ախալքալաքի եւ Ծալկայի շրջաններում։ Բոլոր թեմերում միասին վերցրած ծառայում է մոտ յոթ տասնյակից ավել հոգեւորական։

Պատմականորեն Ջավախքը նախկինում ունեցել է այլ շրջաններից առանձին իր հոգեւոր կենտրոնը: Միջնադարում շրջանը ակտիվ հոգեւոր կյանք է վարել, ինչի վկայությունն են բազմաթիվ հին հայկական եկեղեցիները եւ նրանց կողքին գտնվող հարուստ արձանագրություններով տապանաքարերը ու խաչքարերը։ XIX դարում Ախալցխան դարձել է առաջնորդանիստ քաղաք, ինչի համապատասխան արձանագրությունները պահպանվել են բազմաթիվ արխիվներում, այդ թվում նաեւ եկեղեցիների պատերի արձանագրությունների վրա: Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդանիստ եկեղեցին այն ժամանակ դարձել է Ախալցխայի Սբ. Ամենափրկիչը, որը XX-րդ դարի երկրորդ կեսին մասամբ քանդվել եւ ձեւափոխվել է որպես սպայի տուն: Այժմ Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ձեւափոխված շինության մեջ գտնվում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը:

Եկեք կողքի թողնելով պատմությունը խոսենք այսօրվա իրականության մասին եւ մտածենք այն հոգեւոր խնդիրների շուրջ, որոնց լուծում կարող է տալ Ջավախքում ձեւավորվող առանձին թեմը: Բոլորի համար գաղտնիք չէ, որ հայ առաքելական եկեղեցու ամենախնդրահարույց թեման Վրաստանում դա վիճելի եկեղեցիների հարցն է: Տվյալ հարցը ծագել է անմիջապես խորհրդային միության փլուզումից հետո, քանզի խորհրդային իշխանության տարիներին բազմաթիվ եկեղեցիներ քանդվելուց ու ոչնչացվելուց բացի խլվել էին Հայ առաքելական եկեղեցու ձեռքից: Խորհրդային միության փլուզումից հետո Հայ առաքելական եկեղեցուց բացի տվյալ եկեղեցիներով հետաքրքրվեց նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցին, ինչը բարդացրեց եկեղեցիների վերադարձի հարցը:

Վիճելի համարվող եկեղեցիներ կան նաեւ Սամցխե-Ջավախքի շրջանում։ Դրանցից ամենահայտնին Ախալցխայի Սբ․ Նշան եկեղեցին է, որը 1990-ական թվականներին իր շուրջ համախմբեց շրջանի ամբողջ հայությանը, սակայն այդպես էլ չվերադարձվեց Հայ առաքելական եկեղեցուն։ Ջավախքում առանձին թեմի ձեւավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ վիճելի համարվող եկեղեցիների խնդրի լուծման վրա այն իմաստով, որ Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերը միասին համագործակցելով ավելի շատ ջանք կգործադրեն ու անշուշտ նոր լծակներ ձեռք կբերեն խնդրի արդարացի լուծման համար։

Ինչպես տեսնում ենք, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու առանձին թեմի ձեւավորումը միայն նպաստելու է տասնամյակներով կուտակված խնդիրների լուծմանը։ Այն անկասկած ակտիվացնելու է հոգեւոր կյանքը ամբողջ շրջանում եւ նպաստելու է վիճելի համարվող եկեղեցիների լուծման խնդրին։ Անկասկած առանձին թեմի ձեւավորման պարագայում հոգեւոր կյանքից բացի նոր զարթոնք է ապրելու նաեւ շրջանի մշակութային կյանքը։ Հայ հոգեւորականների ավելացման պարագայում նվազելու է նաեւ աղանդավորականների թիվը, որը եւս մեծ խնդիր է դարձել Ջավախքում Հայ առաքելական եկեղեցու համար։

Այս ամենի հետ հարկ է նշել, որ վերջնական որոշում կայացնողը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն է Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։ Վերջին անգամ տվյալ հարցը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտ բարձրացրել են Ախալցխայի ուխտավորները այս տարվա հունիսին, որին ի պատասխան Ամենայն հայոց հայրապետը ասաց, որ առանձին թեմի հարցը մշտապես քննարկվում է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ եւ խորհուրդ տվեց ժողովրդին տվյալ հարցի լուծման ուղիները գտնելու համար հարցը քննարկել Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ։

Հարկ է նաեւ նշել, որ Ջավախքում առանձին թեմի հռչակումը ըստ ժողովրդավար Վրաստանի սահմանադրության՝ դա եկեղեցու ու կրոնական համայնքի ներքին գործն է եւ այդ առումով պետությունը համայնքի ներքին հոգեւոր կյանքին միջամտելու իրավունք չունի, ինչպես նաեւ նման իրավունք չունի երկրի տարածքում գործող ոչ մի այլ հոգեւոր հաստատություն կամ եկեղեցի։ Այսպիսով կարելի է փաստել, որ ցանկացած խոսակցություն, թե թեմի ձեւավորմանը դեմ է Վրաստանի Հանրապետությունը կամ Վրաց ուղղափառ եկեղեցին, դրանք մեր կողմից թույլ կամքի դրսեւորումներ են եւ առանձին թեմի հռչակման պարագայում ոչ մեկը ոչ մի լուրջ փաստարկ կամ նույնիսկ միջոց չի ունենալու խոչընդոտ հանդիսանալու նորաստեղծ թեմի գոյությանը ու աշխատանքին։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031