Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետը՝ Aravot.am-ի հետքերով․ Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել

Հոկտեմբեր 21,2018 23:40

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 17-ին Գյումրու ՝ Ռիժկովի ճեմափողոցում՝ «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ծեծելով բերման էին ենթարկել երկու երկվորյակ եղբայրների՝ 1993 թվականին ծնված Կ․ և Գ․ Առաքելյաններին։ Այնուհետ դատարանում ցուցմունք էին տվել, որ եղբայրները իրենց դիմադրություն են ցույց տվել և  հենց նրանք են փորձել իրենց ծեծել։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ երկու ամսով կալանավորել  է երիտասարդներին՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Սակայն  այսօր համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է ոստիկանների կողմից երկու տղաներին ծեծի ենթարկելը։ Ծեծվողներից մեկը բացականչում է․ «Ինչո՞ւ եք ինձ զարկում»։

Հենց նոր ՀՀ ոստիկանությունը իր պաշտոնական էջում պարզաբանում հրապարակեց, համաձայն որի՝ Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանը ծառայողական քննություն է նշանակել։

Պարզաբանման մեջ գրված է․

«Հոկտեմբերի 21-ին լրատվական կայքերից մեկում «Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։

Պարզաբանենք, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության «Կումայրիի» բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս՝ նկատել են բարձր արագությամբ երթևեկող «BMW» մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու Վարդանանց հրապարակում։

Երբ նշված մեքենան կանգնել է Ռիժկովի փողոցում, վարորդին են մոտեցել երկու երիտասարդ։ Պարեկային ոստիկանները ևս մոտեցել են վարորդին, ներկայացել ու պահանջել մեքենայի փաստաթղթերը և վարորդի վարորդական իրավունքի վկայականը։ Այս ընթացքում նրանց է մոտեցել «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իջել է մեքենայից և վեճի է բռնվել ոստիկանության ծառայողների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին ու բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին։

Երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, մյուս երիտասարդները ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրանց։ Երիտասարդներին բերման ենթարկած ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին առկա են եղել վնասվածքներ։

Տեղեկացնենք, որ համաձայն «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող այլ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը։

Ավելացնենք, որ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու նպատակով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։

https://www.facebook.com/karen.petrosyan.37/videos/10214484834367865/

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031