Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ, Սարիգյուղ եւ Բերքաբեր համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Լուսահովտում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն էին՝ անկուսակցականներ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը, սեպտեմբերի 27-ին Հ. Անանյանն ինքնաբացարկ է տվել:
Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 21-ին Լուսահովտում կայացած ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Ցուցակային 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը, կամ ՝ ցուցակային ընտրողների 66.2 տոկոսը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Գ. Սարհատյանը ստացել է 97, Լ. Թիրաբյանը՝ 74 քվե:
Սահմանամերձ Բերքաբերում մրցակցություն չկար, քանի որ համայնքի ղեկավարի 2 թեկնածուներից Բերքաբերի համայնքապետարանի գյուղատնտես, հողաշինարար Գրիշա Դիլբարյանը ինքնաբացարկ է հայտնել, համայնքի ղեկավարի միակ թեկնածուն այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արգամ Արզումյանյանն էր: Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն էին՝ 2004 թվականից այդ համայնքի ղեկավար, անկուսակցական Կոմիտաս Էլլարյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեյրան Սարիբեկյանը: Վերջինս համայնքի ղեկավար թեկնածու է առաջադրվել ինքնաառաջադրմամբ: Մեր ունեցած նախնական տեղեկություններով` Սեյրան Սարիբեկյանը 52 քվե ավել է ստացել, քան` Կոմիտաս Էլլարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ