«Նույն ընտրատեղամասում երկու դեպք ենք ունեցել, երբ ընտրողները լուսանկարել են քվեարկած քվեաթերթիկը: Ոստիկանությունն է զբաղվում այդ դեպքերով: Մեկ անձ բերման է ենթարկվել, մեր վստահված անձն էլ բացատրություն է տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանը: Առավոտյան, Էջմիածնի մի քանի տեղամասերում էլ են եղել քվեաթերթիկը նկարելու դեպք, ապա դադարել է այդ խախտումը: «Մի քանի առանձին դեպքեր են եղել, նաեւ մի քանի ահազանգ ենք ստացել, որ մեքենաներով մարդկանց են տանում, բայց դա այդքան համատարած չի: Ամեն դեպքում լսել ենք նաեւ մի քանի դեպքեր`ընտրողներին տեղամասեր տանելու»,- ասաց մեր զրուցակիցը`հրաժարվելով թեկնածուների անուններ հնչեցնել, որոնց հետ կապվում են այդ դեպքերը: Ասում է`կոռեկտ չէ, նաեւ ուղղորդում կլինի:
ԿԸՀ-ի տվյալներով, 14.00-ի դրությամբ Էջմիածնում ընտրությունների է մասնակցել ընտրողների մոտ 17 տոկոսը: Դիանա Գասպարյանը սա ընտրողների կողմից պասիվություն չի համարում: Ավելին, ինքը «շատ լավ» է գնահատում մասնակցությունը: Ասում է, նախորդ ընտրությունների համեմատ գուցե փոքր ինչ պասիվ են ընտրողները, սակայն, սա թեկնածուն պայմանավորում է նրանով, որ հիմա միայն քաղաքապետի ընտրություններ են. նախորդը ընտրությունները նաեւ ավագանու էին, որոնց մասնակցում էին մեծ թվով ավագանու թեկնածուներ: Ինքն ակնկալում է, որ մինչեւ օրվա վերջ կունենան նախորդ ընտրությունների չափով մասնակցություն:
Հետաքրքրվեցինք`քարոզարշավի վերջին օրը հրապարակված հայտնի ձայնագրությունը, որում թեկնածուի հայրը վիրավորում է Դիանա Գասպարյանի հասցեին գրառում կատարած անձին, որքանո՞վ է ազդել իր վարկանիշի վրա, Դիանա Գասպարյանը պատասխանեց, որ իր կարծիքով էականորեն չի ազդել. «Մարդիկ ըմբռնումով են մոտեցել, ծնող է նյարդերը չեն դիմացել, ես էլ ներողություն եմ խնդրել կատարվածի համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ