Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր կյանքի կկոչեն:
«Երևանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման առումով: Վստահ եմ, որ գալիք տարիներին ևս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր՝ ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու կարևորել հայազգի փոխքաղաքապետի անձնական ներդրումը երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության հարցում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ երկու քաղաքների համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու համար:
Կողմերն անդրադարձել են նաև Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նախանշել անելիքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն