Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ Ձեզ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք:
Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երևանցիներ: Ուզում եմ հատկանշել, որ այսօր վաղ առավոտյան սկսվում են մեր տոնական միջոցառումները, Երևանի տարբեր հատվածներում լինելու են տարաբնույթ հանդիսություններ, նորաձևության ցուցադրություն, թեմատիկ բեմեր, հեծանվավազք, ի դեպ, որի մեկնարկին մասնակցելու եմ նաև ես: Ամբողջ օրը շրջելու եմ մայրաքաղաքում, հանդիպելու եմ ձեզ, շնորհավորելու ենք միմյանց ու միասին տոնելու ենք մեր քաղաքի հոբելյանը: Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու:
Երեկոյան՝ 19: 30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի գլխավոր միջոցառումը՝ տոնական գալահամերգը, որը, հուսով եմ, դրական լիցքեր ու հաճելի ակնթարթներ կպարգևի ձեզ: Տոնական երեկոն հագեցած կլինի օրվա խորհրդով ընտրված երևանյան երաժշտությամբ, նաև պատմական անդրադարձով, Երևանի կենսագրությանը և մեր օրերի մայրաքաղաքը ներկայացնող բեմականացումներով, իսկ ավարտին՝ հրավառություն:
Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ, սիրելի երևանցիներ, սիրում եմ ձեզ, բոլորիս բարձր տրամադրություն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության