Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններն ընթանում են պասիվ

Հոկտեմբեր 21,2018 11:21

Այսօր`հոկտեմբերի 21-ին, Հայաստանի 49 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են: Այդ համայնքներից առավել ուշագրավ են Էջմիածին, Արմավիր, Հրազդան եւ Կապան համայնքներում ընթացող քաղաքապետի արտահերթ ընտրությունները: Դրանք այն քաղաքներն են, որոնց քաղաքապետերը հրաժարականներ տվեցին գարնանը` Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների պաշտոնի առավելագույն հավակնորդներ կան`12: Մրցակիցների առաջին եռյակն այստեղ համարվում են իշխող ՔՊ-ի անդամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար Վահե Մովսիսյանը: Վերջինս ԲՀԿ-ական է:

Հրազդանում թեկնածուները երկուսն են,՝ ՔՊ-ի վարչության ղեկավար Սասուն Միքայելյանի որդին`Սեւակ Միքայելյանը եւ ՔՊ-ական մարզպետի մտերիմ, հեղափոխական ակտիվիստ Լեւոն Ստեփանյանը:

Արմավիրում պայքարելու են չորս թեկնածու: Ֆավորիտները երեքն են` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական-հեղափոխական Դավիթ Խուդաթյանը: Նախկին քաղաքապետի մտերիմ, Արմավիրի ավագանու անդամ Օհան Հարությունյանը եւ 2011 թվականից քաղաքապետի պաշտոնի համար պայքարող անկուսակցական Սեւակ Մինասյանը:

Կապանում քաղաքապետի թեկնածուները երեքն են`ՔՊ-ական հեղափոխական քաղաքապետի պաշտոնակատար Նարեկ Բաբայանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեւորգ Փարսյանը:

Քարոզարշավը, ի հակառակ սպասումների, բուռն չէր, բավական պասիվ էր, բացառությամբ վերջին օրվա, երբ Հրազդանում եւ Էջմիածնում հայտնվեցին սկանդալային ձայնագրություններ: Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական  քարոզչության մեջ են ներգրավված նաեւ համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին եւ անգամ աշակերտներին։ Թեկնածուի նախընտրական շտաբը հերքեց, սա, ավելին, այն սադրանք որակեց: Հայտարարեցին` պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ- ից ի պատասխան նշեցին, որ   Սեւակ Միքայելյանը կարող է դիմել դատախազություն: Կոտայքի ՔՊ-ական մարզպետն էլ Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին «խիստ նկատողություն» հայտարարեց:

Ուշագրավ էր, որ Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանի շտաբը չհերքեց իրենց հետ կապված մեկ այլ ձայնագրություն, որում թեկնածուի հայրը` Մնացական Գասպարյանը, զանգահարում է դստեր հասցեին սոցիալական ցանցում գրառումներ կատարած Գեւորգ Մանուկյանին, որը այժմ բնակվում է եվրոպական երկրներից մեկում, սպառնում եւ վիրավորում նրան: Գեւորգ Մանուկյանը 2008-ին քաղաքական նկատառումներով դատապարտվեց: Նրա գրառումն էլ վերաբերվում է այդ ժամանակ դատավորի օգնական Դիանա Գասպարյանի կեցվածքին: Դիանա Գասպարյանը սահմանափակվեց ընտրողներից ներողություն խնդրել: Գործով հետաքրքրվեց դատախազությունը:

Այս ընտրությունների ինտրիգը նաեւ այն էր, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց` Հրազդանում Սասուն Միքայելյանի որդուն չեն պաշտպանելու: Ի դեպ, քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղավ Էջմիածնում, Արմավիրում, Կապանում եւ ի պաշտպանություն Դիանա Գասպարյանի, Դավիթ Խուդաթյանի, Նարեկ Բաբայանի հանդես եկավ: Հրազդան վարչապետը չգնաց:

Այսօր առավոտից մեկնարկած ընտրական գործընթացը բավական պասիվ է: Մարդկանց մասնակցությունը`շատ քիչ: Մեզ հետ զրույցներում տեղացիները նույնքան անհաղորդ էին բուն ընտրությանը, որքան անհաղորդ մնացին ողջ քարոզարշավի ընթացքում: Եթե մյուս ընտրություններում ընտրողներին շահագրգռելու այլ խթանիչ հանգամանքներ էլ կային`ընտրակաշառքի տեսքով, այս անգամ դա դեր չի խաղում: Ինչեւէ, մարդիկ հավաստիացնում են, որ իրենց պասիվությունը պայմանավորված է առավելապես եւ մեծամասամբ թեկնածուների անձով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031