Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տնական հավը՝ տապակած բանջարեղենի հետ

Հոկտեմբեր 21,2018 11:01

Եթե ձեր բախտը բերել է, եւ կարողացել եք ձեռք բերել տնական հավ, մի կարծեք, թե այն միայն խաշելով է հնարավոր ուտելի դարձնել: Իրականում, եթե շատ պառավ աքլոր չէ, ապա այս եղանակով տապակել-շոգեխաշելուց հետո այն դառնում է նուրբ ու փափուկ, կարեւորը՝ շատ համեղ:

 Անհրաժեշտ մթերքները

Հավ- 1 հատ

Սոխ- 1 գլուխ

Սխտոր-4-5 պճեղ

Գազար-1 հատ

Կարմիր եւ կանաչ թարմ պղպեղներ-1-ական հատ

Դդմիկ (կամ՝ ցուկինի)- 1 հատ

Բրոկոլի- 1 փոքրիկ գլուխ

Բուսական յուղ-4-5 ճաշի գդալ

Սպիտակ գինի-100 մլ

Կարագ-50 գրամ

Համեմունքներ- ըստ ճաշակի

 Պատրաստման եղանակը

Հավը լավ մաքրել, լվանալ: Եթե տնական է՝ ավելի ուշադիր մաքրեք, երբեմն վրան սեւ կետիկներ են լինում՝ փետուրների հետքերը, դրանք նույնպես մանրակրկիտ ձեւով հեռացրեք:

Լվանալուց հետո լավ չորացրեք, կտրատեք: 1-2 պճեղ սխտորը մի քանի կտորի բաժանեք: Հավի կտորների վրա՝ ոսկորների մոտ անցքեր բացեք եւ այդ անցքերի մեջ սխտորների կտորները խցկեք: Աղ ու պղպեղ արեք եւ թողեք մի քանի ժամ հանգստանա: Կարող եք մինչեւ 2 օր սառնարանում պահել:

Թավայի մեջ բուսայուղ լցրեք, թողեք տաքանա եւ հավի կտորները բոլոր կողմերից լավ տապակեք:

Մինչ հավը տապակվում է, լավ մաքրեք, լվացեք եւ կտրատեք բանջարեղենը:

Տապակած հավի կտորները հանեք, դրեք մի կողմ եւ նույն թավայում տապակեք բանջարեղենը: Սկզբում սոխը, գազարը, սխտորը, մի քանի րոպե հետո նոր պղպեղները, ցուկինին ավելացրեք:

Համեմեք աղով, պղպեղով, չորացրած կանաչիներով, թողեք տապակվի եւս մի քանի րոպե, այդ ընթացքում մեկ-երկու անգամ խառնեք, որ բոլոր բանջարեղենները հասցնեն տապակվել, ապա հավի կտորները հետ վերադարձրեք թավայի մեջ, ավելացրեք նաեւ բրոկոլին (սա ամենաքիչ ջերմամշակում պահանջող բանջարեղենն է, դրա համար ենք թողնում ամենավերջում), ավելացրեք նաեւ գինին, կափարիչը փակեք եւ թողեք 10-15 րոպե շոգեխաշվեն բանջարեղենն ու հավը:

Անջատեք գազը եւ թողեք եւս մի քանի րոպե կափարիչը փակ վիճակում, որպեսզի հավն ամբողջությամբ փափկի: Մատուցելիս բանջարեղենի վրա թարմ կանաչի կարող եք կտրատել:

Բնականաբար, այս նույն եղանակով կարելի է պատրաստել նաեւ ոչ տնական, բրոյլեր տեսակ շատ արագ եփվող հավերը, ուղղակի այդ պարագայում ջերմամշակման ընթացքն ավելի կարճ կլինի՝ ավելի արագ կտապակվի եւ շոգեխաշելու կարիք կամ չի լինի կամ կլինի ոչ ավելի քան 5 րոպե:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031