Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կյանքը պարալիզացվել է, քաղաքի մուտքը փակվել․ մտավորականներն իրար են խառնվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 21,2018 00:26

Գյումրիում սկսված լայնածավալ փողոցաշինությունը լուրջ անհանգստության տեղիք է տվել քաղաքի բնակչությանը, մեքենաների վարորդներին, խանութների, սրճարանների, հյուրանոցների տերերին։ Քաղաքի տարբեր հատվածներում փողոցները քանդվել են, սակայն շինարարական աշխատանքներ կամ ընդհանրապես չեն ընթանում կամ չափազանց դանդաղ տեմպերով են ընթանում։ Փորված փոսերում էլ մարդիկ հասցրել են աղբ լցնել։ Անգամ քաղաքի մուտքն են փակել փողոցաշինության պատճառով։

Որոշ փողոցներում էլ, օրինակ՝ Վարդանանց կենտրոնական հրապարակին հարակից Գայի փողոցում փողոցաշինությունը մեկնարկել է տաս օր առաջ, այսինքն՝ խորը աշնանը։ Նման քարուքանդ վիճակի պատճառով սննդի օբյեկտներ են փակվում, խանութներում առևտուր չի լինում, տրանսպորտը փոխում է իր երթուղին՝ հարուցելով բնակիչների դժգոհությունը, իսկ որ ամենամտահոգիչն է՝ շուտով Գյումրիում սկսվում է անձրևային եղանակի շրջանը։

Պատմական փողոցներից մեկի՝ Շիրազի անվան փողոցի սպասարկման օբյեկտների տերերն էլ գրեթե ամեն օր մեզ են դիմում՝ իրենց փողոցաշինությունից մի լուր հայտնելու խնդրանքով․ դեռ մայիս-հունիսից փողոցը քանդված է, սակայն շինարարություն սկսելու աննշան հույս անգամ չի նշմարվում։

Նշենք, որ Գյումրու պատմական կենտրոնի մի քանի փողոցներ վերանորոգվում են այն 23,5 միլիոն եվրո վարկով, որը Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի նախօրեին՝ Սերժ Սարգսյանը խոստացել էր Գյումրիի բարեկարգման համար։

Երեկ փողոցաշինության խնդիրը «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ քննարկվեց քաղաքի մտավորականների կողմից, քննարկմանը մասնակցում էին նաև ավագանու անդամներ։

Նախագահ Ղարիբ Հարությունյանը նշեց, որ իրենք հավաքվել են լուծումներ փնտրելու ու քաղաքային իշխանություններին առաջարկներ ներկայացնելու նպատակով, կառուցողական մոտեցում են ցուցաբերելու, իրենց խնդիրը քննադատելը չէ։ Նա թվարկեց մի քանի փողոցներ, որոնց շինարարությունը պիտի ավարտվի մինչև դեկտեմբերի վերջ։ Նա ասաց, որ տեղեկատվություն են ուղարկել քաղաքապետարանին՝ հետաքրքվելով մրցույթի անցկացման ձևաչափով, հաղթած շինկազմակերպություններով, կնքված պայմանագրերով, նախանշված ժամկետներով,սակայն քաղաքապետարանից, չգիտես, ինչու պատասխան չեն ստացել։

Իր բողոքը ներկայացրեց կենտրոնական Գայի փողոցում «Համով լանչ» անունով ժամանակակից ճաշարան բացած Միշա Պողոսյանը, որը ստիպված է եղել իր բիզնեսը կասեցնել փողոցաշինության պատճառով։

 

«Ես տնտեսվարող եմ, ունեմ սննդի կետ, որն անհնար է աշխատեցնել, 40 սանտիմետր փորված է մուտքի դիմաց,անհասանելի է նույնիսկ երիտասարդներին, ուր մնաց միջին տարիք ունեցող անձանց համար, որտեղ հակահիգիենիկ պայմաններ են, որտեղ մի տեխնիկա գնում, գալիս է։ Ու էդ պայմաններում ասում են՝ մի կերպ աշխատի, փայտ դիր աշխատի սննդի ոլորտում», ասաց գործարարը։ Նա նաև նշեց, որ առավոտյան եկել է աշխատանքի, առանց բացատրության իր օբյեկտի առաջ սկսել են փորել, քաղաքապետարանի կողմից բացարձակ ծանուցում չի եղել, թե փողոցաշինություն է սկսվելու։ Գործարարն ասաց, որ ստիպված է պարտքեր վերցնի, որ իր հարկերն ու տուրքերը մուծի։ Նա հարցնում էր՝ ասեք ի՞նչ անեմ։

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանն էլ հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետարանը ձախողել է այս պրոցեսը։

Մասնակիցներին զարմացրեց այն, որ քաղաքապետարանը որպես պատասխանատու քննարկմանը ուղարկել էր քաղաքապետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանին։

«Անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանից ներկայացել մշակույթի ոլորտից շատ լավ հասկացող և մեր շատ սիրելի տիկին Կիրակոսյանը, ուրեմն դուք մարդ չունե՞ք այդ ոլորտում, որ տիկին Կիրակոսյանն է եկե՞լ, թե՞ տիկին Կիրակոսյանը լավ կարող է խոսել, դրա համար է եկել»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Նա հարցրեց, թե արդյո՞ք իրավունք ունի շինկազմակերպությունը հողը փորելու ու փողոցի վրա լցնելու։ «Ես վարորդ եմ, ինչո՞ւ պիտի ամեն անգամ շրջանցեմ էդ թմբերը։ Պատկերացրեք մի քիչ ձյուն, մի քիչ ջուր և մի քիչ սառույց, երեխեքը որոշեն ասենք դրանց վրա խաղ անել փողոցի մեջտեղը։ Միգուցե շինարարը փորված հողն այլ տեղ տեղափոխի և երբ որ աշխատանքներն ավարտի, բերի էդ փոսերը լցնի։ Ցանկացած փողոցի մեջտեղում կա մեծ փոս կա և մեծ մասի վրա էլ նշանները չկան։ Աստված ոչ անի, մի քաղաքացու բան լինի, ով ՞է սրա համար պատասխանատու։ Երբ որ խոսում ենք, քաղաքապետը հայտարարություն է անում, ասում է՝ ֆեյսբուքներով եք խոսում։ Քաղաքապետին փոխանցեք, որ «ֆեյսբուքը սոցիալական հարթակ է, և երկրի վարչապետն էսօր իր մեսիջների կեսը հաղորդում է նույն ֆեսբուքներով, և սա ամոթ չէ»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Նա մեջբերեց նաև իրենց բուհի օրինակը, որը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցում, որը ևս քարուքանդ է արված։ Կարեն Պետրոսյանն ասաց, որ մի օր անձրև է եկել, ու բուհի հավաքարարները յոթ անգամ սրբել են հատակը, որը սևացել էր։

Նա ասում էր, թե պատկերացրեք լսարանների վիճակը, երբ սկսվեն Գյումրու անձրևները։ Մասնակիցներին զայրացրել էր այն, որ շինանձնակազմ, աշխատողներ չունենալով՝ քաղաքապետարանն ամբողջ քաղաքն է իրար խառնել, փոխանակ շինարարությունը փուլ առ փուլ սկսեին ու նորմալ ավարտին հասցնեին։

«Թող մի կայք պատրաստեն, ծանուցեն ում դուռն են փորելու, ում բիզնեսն են վարի տալու։Խնդիրն ավելի խորքային է, մեր Գյումրու փողոցաշինության խնդիրը հին ու նոր Հայաստանի խառնուրդում է. պայմանագրերը կնքեցինք Հին Հայաստանի նորմատիվներով, սկսեցինք սարքել Նոր Հայաստանի նորմատիվներով, դրա համար ստացանք այս վիճակը»,- ասում էր Կարեն Պետրոսյանը։ Քննարկումը թեժացավ, բանավեճի մեջ բռնվեց ավագանու անդամների հետ։

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն էլ նշեց, որ եթե շինարարն այնպիսի ծախսեր աներ, որոնք լրիվ ավելորդ են թվում, օրինակ՝ փայտյա բարձր ցանկապատեր, թեքահարթակներ տեղադրեր, այդ դեպքում բիզնես չէր կասեցվի։ «Միշա Պողոսյանի հարցը կլուծվեր միանգամից, եթե շինարարը մտածեր մարդկանց մասին, ամեն մեկի բիզնեսի մասին և իր օբյեկտ տանող հանող հատվածում մի թեքահարթակ դներ», ասաց Սեյրան Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ ինքը, լինելով «ոլորտից կիլոմետրով հեռու մարդ», հասկանում է անվտանգության նորմատիվների պահպանման անհրաժեշտությունը։

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ ասաց, որ իր ինքը քննարկումից եկավ այն եզրահանգման, որ ժամկետների շեղում է կատարվել, աշխատանքի համակարգում տեղի չի ունեցել, աշխատանքի հերթականությունը չի պահպանվում, հաշվի չեն առնում, թե մեծածավալ աշխատանքների համար ինչքան աշխատող է պետք։ Ըստ Արտաշես Բոյաջյանի,այս հաշվարկը թերի է կատարվել։

Մասնակիցները նաև պահանջում էին ուժեղացնել վերահսկողությունը, նրանց մտահոգում էր, որ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը լուծարվել էր։ Նրանք նաև առաջարկեցին օպերատիվ խումբ ստեղծել։

Այս թեմայի շուրջ մենք կփորձենք լսել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031