Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ափալ-թափալ ընտրությունների ղարաբաղյան պատճառը

Հոկտեմբեր 21,2018 10:00

Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը չտվեց բավարարող պատասխան, թե ինչու է անհրաժեշտ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը։ Սեփական համակիրներին մատուցվեց «շուտ լուծենք էս հարցը, որ երկիրը սկսենք կառուցել» մոտիվացիան», ինչը միգուցե բավարարեց բորբոքված հանրահավաքին, իսկ շուտափույթ արտահերթ ընտրություններին հասնելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հաղթահարել բավականին լուրջ ռիսկային գոտի, եւ ԱԺ-ի հետ հակամարտությունում հաղթելու նրա շանսերը 100% չէին։

Մի կողմ թողնենք բավականին լուրջ հիմնավորումները, թե կար ռեյտինգի անկման սպառնալիք, թե ցուրտ ու սոված ձմեռվանից հետո դժվար կլիներ հաղթել ընտրություններում, եւ ուշադրություն դարձնենք կոնկրետ ժամկետին՝ դեկտեմբերի սկիզբ։ Այսինքն, անգամ հնարավորություն չի թողնվում մեկ-երկու լրացուցիչ շաբաթվա, որ գոնե մի նորմալ ընտրական օրենք ընդունվի, այն դեպքում երբ նախկին ընտրությունների ողջ մեղքը բարդվում էր օրենսգրքի վրա։

Տպավորությունն այնպիսին է, որ կան ե’ւ ժամկետային, ե’ւ բովանդակային տեսանկյունից խրթին ու համալիր փոխհամաձայնություններ, որոնք փոխելը կամ հետաձգելը Նիկոլ Փաշինյանի ուժերի վեր է, քանի որ դրանք կայացել են Հայաստանից դուրս։ Չխորանալով աշխարհաքաղաքական բարդ համատեքստում, որոնք ստիպել են կայացնել այդ փոխհամաձայնությունները, իհարկե, պետք է հասկանալ, որ արագացված օրակարգը վերաբերում է ղարաբաղյան խնդրի վերբերյալ նոր որոշման կայացմանը։

Իր իշխանության շուրջ վեց ամիսների ընթացքում առերես կարծես թե Հայաստանի նոր կառավարությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններով չի զբաղվել։ Նիկոլ Փաշինյանը հռչակել է լուծման իր տեսլականը, Նյու Յորքում հպանցիկ հանդիպել են համանախագահները, իսկ Դուշանբեում Փաշինյանն ու Ալիեւը հայտնվել են նույն վերելակում։ Թերեւս երկու երկրների շփումների մասին կարելի է նշել միայն այսքանը։

Մինչդեռ այս ընթացքում աննախադեպ արագությամբ զարգանում են շփումները միջնորդ երկրների հետ։ Ռուսաստանն առաջ քաշեց այսպես կոչված Շոյգուի պլանը, որը նախորդից՝ Լավրովի պլանից, ունի չնչին տարբերություն, եւ այն հիմնականում անվան փոփոխության մեջ է։ Պլանը Ռուսաստանի պաշտպանության նախարարի անվամբ կոչելը նախ նշանակում է ռազմական շեշտադրության ուժեղացումը, բայց ամենակարեւորը՝ այն այլեւս Լավրովի պլան չէ, որը մերժվեց Հայաստանի քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ռուսաստանի հետ Հայաստանի ղեկավարության շփումները աննախընթաց թափ են հավաքել։ Նիկոլ Փաշինյանը շփվում է Պուտինի հետ համարյա ամսեկան ռիթմով, Ռուսաստանը այնպիսի ճնշումներ է գործադրում, որին նախկինում երբեք չէր դիմի՝ Սիրիա զորք ուղարկելը, Լավրովի հայհոյանքը ԱԳՆ ոչ պրոֆեսիոնալներին, ՀԱՊԿ ղեկավարությունը Հայաստանի ձեռքից խլելը, եւ այլն։

Ֆրանսիայի ղեկավար Մակրոնի հետ այս կարճ ընթացքում Նիկոլ Փաշինյանը նույնպես ունեցել է ե’ւ նախապես պլանավորված, ե’ւ չպլանավորված բազմաթիվ հանդիպումներ։ Ճիշտ է, ԱՄՆ նախագահը դեռեւս չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, սակայն ամերիկյան բարձրաստիճան դիվանագետները աննախընթաց ինտենսիվությամբ այցելում են Երեւան, իսկ հրաժեշտի խոսքում ԱՄՆ դեսպանը նշեց խնդրի լուծման իրենց մոտեցումը, նշելով, որ դրան խանգարում է հանրային կարծիքը։ Համանախագահ երկրները այնքան են ցանկանում շուտափույթ լուծում, որ Ալիեւ-Փաշինյան վերելակային խոսակցությանը փորձում են տալ լուրջ բանակցային նշանակություն։

Աշխարհի հզորները այս բուռն աշխատանքը Հայաստանի հետ հուշում է, որ արդեն կա կոնկրետ պլանավորում եւ կոնկրետ ժամկետ։ Իր հերթին, Նոր Հայաստանը նույնպես ակամա նպաստում է ղարաբաղյան խնդրի առաջադրված հանգուցալուծումներին, մի կողմից նվաստացնելով Արցախի դերը Հայաստանի կյանքում, մյուս կողմից անխնա քննադատության ենթարկելով բանակին, ազատամարտիկներին եւ հարակից ուժերին։ Փոխվում է անգամ հայրենասիրության մոդուսը, ազատամարտի մասնակիցներից սահուն իջնելով դեպի տեռորիստները, որոնց ոչ միայն արդեն չեն դատապարտում, այլեւ արդեն հերոսացնում են։

Այսպիսի լարված գործընթացների համատեքստում ներկա խորհրդարանը ցրելը կարող է տանել տրամագծորեն հակառակ երկու զարգացման։ Մի տարբերակում Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել խորհրդարանական ընտրությունների եւ դրան հաջորդող կառավարություն կազմելու ժամանակաշրջանը, հետաձգելու այս աննախադեպ ճնշումը, հույսով, որ ժամանակի ընթացքում կամ էշը կմեռնի, կամ իշատերը։ Սակայն այս դեպքում Նիկոլ Փաշինյանը կրկին պետք է փորձեր ձգձգել խորհրդարանի լուծարումը, խորացներ կոնֆլիկտը հանրապետականների հետ, որպեսզի դրսի պահանջատերերին ցույց տար, որ հիմա ոչ ժամանակ ու լեգիտիմություն ունի բանակցությունների համար, ոչ էլ կարող է հաղթահարել խորհրդարանի դիմադրությունը։

Մյուս տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանին շատ արագ անհրաժեշտ է այնպիսի խորհրդարան, որը չի խոչընդոտի իր կողմից պարտադրվող լուծումներին, որոնք իրենց հերթին իրեն եւս պարտադրվում են։ Ակնհայտ է, որ նոր խորհրդարանում կլինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանին հարմար իշխող կուսակցություն, այլեւ հարմար ընդդիմություն։ Նրա բացարձակ փողոցային լեգիտիմությանը կգումարվի նաեւ վերջին բարիկադի անկումը, եւ այլեւս որեւէ հնարավորություն չի լինի դիմագրավել հրամցվող լուծումներին։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031