Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեղափոխությունը

Հոկտեմբեր 21,2018 12:00

Առանց այդ էլ պարզ էր, որ Հայաստանի Ազգային ժողովն իր ներկայիս կազմով չի համապատասխանում մեր ընտրողների քաղաքական ճաշակին ու նախասիրություններին, այդուհանդերձ, վերջին ամիսներին Հայաստանում ծավալված հեղափոխական ու քաղաքական իրադարձություններն առավել պարզորոշ ցույց տվին, որ Հայաստանի ներկայիս Ազգային ժողովն իր կազմով ոչ միայն չի համապատասխանում մեր ժողովրդի ու ընտրողների քաղաքական ճաշակին ու նախասիրություններին, այլև գրեթե բոլոր հարցերում ընտրողներից ու ժողովրդից ակնհայտորեն տարբեր է մտածում:

Չենք ուզում մի ավելորդ անգամ մեր հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, բայց իրենք՝ հեղափոխական և հակահեղափոխական կոչեցյալներն են իրենցից կախված ամեն ինչ անում, որպեսզի էս թեման մշտապես ակտուալ լինի, չնայած, խոսքը մեր մեջ, արդեն դժվարանում ենք տարբերել հեղափոխականին ոչ հեղափոխականից, որովհետև, չնայած այս անգամ բացահայտ ու ակնհայտ առնետավազքի ականատես չեղանք, այդուհանդերձ, պատեհապաշտ պահպանողականներից շատերը անսպասելի ու հանկարծակի հեղափոխական դարձան, և չնայած բոլորն են արհամարհում պատեհապաշտներին, այդուհանդերձ, երբեմն կյանքը ցույց է տալիս, որ պատեհապաշտներն էլ կյանքում ու մանավանդ քաղաքական կյանքում իրենց տեղն ու դերն ունեն, ընդ որում՝ դրական, և, անկեղծ ասած, եթե քաղաքական կյանքում պատեհապաշտներն ու առնետներ բացարձակապես չլինեն, քաղաքական անցանկալի բախումներն ու առճակատումները մշտապես անպակաս կլինեն, և հատկապես ու առանձնապես հիմա ու այսօր՝ հետհեղափոխական նոր Հայաստանում կլինեին, և հատկապես Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով անցանկալի բախումներ ու առճակատումներ կլինեին, և անհամաձայնության պատճառով բախումներն ահա-ահա սկսվում էին, բայց բարեբախտաբար դրանք կանխվեցին, ընդ որում՝ ինչ-որ տեղ ու ինչ-որ չափով նաև շնորհիվ պատեհապաշտների, ովքեր չնայած ամբողջ հոգով էին դեմ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելուն, այդուհանդերձ, ի վերջո համաձայնվեցին, որ էդ արտահերթ ընտրությունները տեղի ունենան, ընդ որում՝ հենց այս տարվա մեջ, որովհետև այդպես էր կամենում գործող իշխանությունը, ավելի կոնկրետ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան Ազգային ժողովը ցրելն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարելի էր որակել անձնազոհություն, եթե անձամբ Փաշինյանն ու բոլորս վստահ չլինեինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժամանակավորապես թափուր մնացած պաշտոնին որևէ վտանգ չի սպառնում՝ ոչ միայն այն առումով, որ այս պահի դրությամբ ժողովուրդը գրեթե հարյուր տոկոսով աջակից է Նիկոլ Փաշինյանին, այլև հարյուր տոկոսով վստահություն կա, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող հանրությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ որևէ ուրիշ մեկը վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրի:

Բոլոր դեպքերում Փաշինյանը որոշակի ռիսկի է դիմում՝ թեկուզև ժամանակավորապես հրաժարական տալով վարչապետի պաշտոնից: Սա, փաստորեն, հեղափոխության շարունակությունն է, և սա նշանակում է, որ հեղափոխությունը շարունակվում է, չի ավարտվել:

Վերադառնալով պատեհապաշտներին՝ պետք է ասենք, նշենք ու շեշտենք, որ առանց վերջիններիս պատեհապաշտության՝ հեղափոխության վերջնական ու համոզիչ հաղթանակն իրականություն չէր դառնա: Պատեհապաշտ ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք այն հանրապետականներին, ովքեր համաձայն են, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի ունենան այս տարվա ընթացքում:

Վերադառնալով պատեհապաշտների թեմային՝ պիտի ասեմ, որ նրանցից շատերը, ում մենք պատեհապաշտ ենք համարում, իրականում ոչ թե պատեհապաշտ են, այլ, ընդհակառակը, լրջմիտ ու շրջահայաց գործիչներ ու անհատներ, և մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները շարունակեին դիմադրել և դեմ արտահայտվել տարեվերջին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ու նախաձեռնությանը:

Փաստորեն, կստեղծվեր շիլաշփոթ, որից հաստատ ոչ ոք չէր շահի, բայց պետությունն ու պետականությունը կտուժեին: Եվ նրանք, ովքեր իրենց կարծիքից հետ կանգնելով՝ փոխզիջման գնացին նոր Հայաստանի իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում ոչ թե պատեհապաշտ են, այլ՝ իսկապես լրջմիտ ու շրջահայաց:

Ինչ վերաբերում է անձամբ Նիկոլ Փաշինյանին, նաև իր շնորհիվ է, որ պատեհապաշտներ չկան կամ եթե կան էլ՝ շատ քիչ են, և վերստին անձամբ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է, որ համատարած առնետավազք չեղավ. որովհետև եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանար ու տոն տար, ոչ միայն պատեհապաշտները չափից շատ կլինեին, այլև Ազգային ժողովում ու ամենուր համատարած ու տարերային առնետավազք տեղի կունենար. մի էնպիսի առնետավազք, որ նույնիսկ իրական ու իսկական առնետները կզարմանային, և մի օրում բոլորը շուռ կգային ու կանդամագրվեին Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, և այսօրվա դրությամբ Նիկոլն Ազգային ժողովում առնվազն վաթսուն տոկոս ձայն կունենար, և վարչապետի պաշտոնից էլ հրաժարական չէր տա, որովհետև եթե համատարած առնետավազք լիներ, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չէր լինի:

Բայց այդ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորված կլիներ աշխատել ու համագործակցել առնետների հետ, մինչդեռ վարչապետ Փաշինյանը գերադասում է աշխատել բացառապես իր թիմով ու իր թիմի հետ, և, կարծում ենք, հիմնականում դա է պատճառը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ինչը, համաձայնվեք, իր մեջ չափազանց լուրջ ռիսկ է պարունակում:

Թե ինչքանով է Նիկոլ Փաշինյանի թիմն արժանի իր առաջնորդի այս ինքնազոհաբերությանը, ժամանակը ցույց կտա: Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականով, փաստորեն, շարունակում է իր իսկ սկսած հեղափոխությունը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031