Հոկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած «Արարատի հայացքը» ֆիլմը պրեմիերան: Ֆիլմը «Ա1+»-ի նվերն է 2800-ամյա Երեւանին: Դա նախագծի պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի ցանկությունն է եղել:
Ֆիլմի օպերատորը եւ ռեժիսորը Վահագն Տեր-Հակոբյանն է, ստեղծագործական կազմում են Լիլիթ Բլեյանը, Ռուզաննա Մկրտչյանը: Ֆիլմում նկարված է Երեանի գրեթե ամեն անկյուն, մայրաքաղաքը նկարվել է նաեւ թռչնի թռիչքի բարձրությունից: Ստեղծագործական կազմն այնպես է աշխատել, որ ամեն ոք «Արարատի հայացքը» ֆիլմում տեսնի հենց իր Երեւանը:
Վահագն Տեր-Հակոբյանն ասում է, որ էտյուդից ֆիլմը դարձել է կինոէսսէ: «Արարատի հայացքը» ֆիլմի պրեմիերային ներկա էին տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ՝ քաղաքական գործիչներից մինչեւ մշակութային, որոնց թվում էին Ստեփան Դեմիրճյանը, Արտակ Զեյնալյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Մովսիսյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ պարզապես երեւանցիներ:
Ֆիլմում Երեւանի մեկ օրն է՝ ամեն ինչ Արարատի հայացքի ներքո: Երեւան, որ 2800 տարվա պատմություն ունի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ