Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Ֆրանսիայի Սենթ-Քուենտին քաղաքում երեկ մասնակցեց աշխարհի գավաթի առաջին փուլի խմբային մրցավազք միավորներով մրցաձևին:
Հեծանվորդի մարզիչ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը մրցման ավարտից հետո Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Դա կիսաեզրափակիչն էր: Հեծանվորդները պետք է հաղթահարեին 160 շրջան եւ երկու խմբերից եզրափակիչ անցնելու էին 12-ական լավագույնները: Մեր խմբում չափազանց թեժ մրցակցություն էր: Էդգարը շատ լավ ու գրագետ էր պայքարում: Նա մինչեւ վերջին շրջանները հիմնական խմբից բավականին հեռու «պոկված» առաջատարների խմբում էր ու շատ մոտ էր եզրափակիչ մտնելուն: Սակայն մի պահից սկսած զգացնել տվեց ոտքի նախկին վնասվածքը: Նման դեպքերում շատերը դուրս են գալիս պայքարից, սակայն Էդգարը մնաց ու ամեն բան արեց վճռորոշ փուլ անցնելու համար: Բայց ի վերջո, եզրագիծը հատեց 14-րդը:
Մրցման ավարտից հետո Էդգարին զննելու եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու պատրաստակամություն հայտնեցին Ավստրիայի եւ Կանադայի հավաքականների բժիշկները: Նրանք արեցին հնարավոր ամեն բան, եւ Էդգարը այսօր կմեկնարկի սկրեչ մրցաձեւի կիսաեզրափակչում: Մենք մեր մրցակիցների բժիշկներից անչափ շնորհակալ ենք»:
Քիչ անց կտրվի սկրեչի կիսաեզրափակչի մեկնարկը: Այստեղ եզրափակիչ մտնելն ավելի դժվար է լինելու: Յուրաքանչյուր խմբից պայքարը շարունակելու իրավունք տրվելու է 11-ական հեծանվորդի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ