Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները մեկնում են մարտական հերթապահության: Ժամեր անց նրանք կլինեն պետական սահմանի դիրքերում: Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: Դիրքապահների համար անակնկալ էր պատրաստել ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթը:
Հաջորդ օրը դիրքերից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս ստորաբաժանումը:
Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ նշեց, որ վերջերս որոշ զանգվածային լրատվության միջոցներ կեղծ տեղեկություններ էին տարածում, թե, իբր, ոստիկանները չեն ցանկանում մեկնել առաջնագիծ: «Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք՝ պետական սահմանին ձեր դժվարին ու անձնվիրաբար ծառայությամբ»,- նշեց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին: Կարճատև արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը, ինչից հետո կրկին կմեկնեն արդեն հարազատ դիրքեր:
ՀՀ ոստիկանություն