Պարզվում է, որ բազմազավակ ընտանիքների խնդիրները տարիներ շարունակ ոչ միայն չեն լուծվում, այլև գնալով ավելի են մեծանում: Եվ այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ծնելիությունը խթանող քարոզարշավներն ու միջոցառումներն իրականում պե՞տք են, թե՝ ոչ:
Դեմոգրաֆիական տեսանկյունից, անշուշտ պետք են, սակայն անհրաժեշտ է նաև, որ պետական կառույցները նյութական օգնություն տրամադրելուց բացի կարողանան շատ այլ հարցերում նույնպես օժանդակել: Բազմազավակ ընտանիքներից շատերն այսօր երրորդ, չորրորդ և դրանից հետո ծնվող երեխաների համար տրվող 1 մլն դրամ միանվագ նպաստի հաշվին են ապրում: Եվ չնայած այդ գումարն ամբողջությամբ չի տրամադրվում ծնողին, բայց նման ընտանիքների համար այն դիտվում է որպես եկամտի աղբյուր: Ինչ վերաբերում է ամսական նպաստներին, ապա պարզվում է, որ նման ընտանիքները պետության կողմից որևէ այլ օգնություն չեն ստանում այն պարզ պատճառով, որ օրենքներով նման դրույթ ընդհանրապես սահմանված չէ:
Այսինքն, գործում է միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստն ու՝ վերջ: Ու չնայած, կրկնենք, այդ գումարն ամբողջությամբ ծնողին չի տրամադրվում, բայց, ինչպես ասում են, դա էլ բավարար է մի քանի ամիս կիսակուշտ ուտելու համար, մինչև կծնվի հաջորդ երեխան: Եվ այսպես շարունակ:
Բազմազավակ մայրերի աջակցության միավորում հ/կ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը կարծում է, որ գումարն ամբողջովին ծնողին չտրամադրելն արդեն իսկ օրենքի խախտում է: Ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքներին կարգավիճակ տալուն, ապա Հայաստանը բազմազավակ ընտանիքի մասին օրենք դեռ չի ընդունել, ինչի պատճառով էլ նման ընտանիքների խնդիրները կարգավորել հնարավոր չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում