Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտաքին հատվածից մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը սկսել են կրճատվել. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 20,2018 12:05

Տեւական ժամանակ արձանագրվող աճից հետո արտաքին հատվածից մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը սկսել են կրճատվել։

Մուտքերի անկումը պայմանավորված է մեծ մասամբ ռուսական շուկայից ստացվող գումարների նվազմամբ։ Ինչպես սովորաբար լինում է, Ռուսաստանի տնտեսության մեջ ու ֆինանսական դաշտում դիտարկվող տեղաշարժերը Հայաստանի հետ հարաբերություններում ուղղակիորեն արտահայտվում են առաջին հերթին տրասնֆերտային հոսքերի վրա։ Այդ երեւույթը դրսեւորվեց հուլիսին, իսկ անհամեմատ խորացավ օգոստոսին՝ հանգեցնելով արտաքին ֆինանսական փոխանցումների ընդհանուր նվազման։

Կենտրոնական բանկի տվյալներով, բանկային համակարգի միջոցով օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ֆիզիկական անձանց փոխանցումները պակասել են 8 տոկոսով։ Սա լուրջ անկում է տրանսֆերտային շուկայի համար, որ չի կարող բացասական ազդեցություն չունենալ հատկապես հասարակության սոցիալական վիճակի վրա։ Հայաստանում կա մարդկանց մի մեծ խումբ, որոնց եկամուտները ձեւավորվում են բացառապես հիշյալ գումարների հաշվին։ Դրանք գրեթե համարժեք են պետական բյուջեի ծախսերի 70-80 տոկոսին։

Տրանսֆերտների կրճատումը, ինչպես միշտ, լուրջ լարվածություն է ստեղծում բնակչության շրջանում։ Առավել եւս, երբ դա ուղեկցվում է ապրանքային շուկաների թանկացմամբ։ Մի բան, որ վերջին ամիսներին նկատվում է Հայաստանում։ Բարձրացել են բազմաթիվ առաջին անհրաժեշտության պարենային ու ոչ պարենային ապրանքների գները։ Չեն իրականանում նաեւ ներքին տնտեսության հաշվին հասարակության սոցիալական վիճակի բարելավման վերաբերյալ նոր իշխանությունների խոստումները։

Եկամուտների աճ չի ակնկալվում նաեւ երկարաժամկետ հատվածում։ Կառավարությունը հաջորդ տարվա համար նույնպես միջոցներ չի նախատեսել ինչպես ընդհանրապես, այնպես էլ սոցիալական խոցելի խմբերի հասույթներն ավելացնելու համար։

Հիշյալ դրսեւորումները վկայում են, որ սոցիալական առումով զարգացումները հուսադրող չեն։ Օգոստոսին ֆիզիկական անձանց փոխանցումները պակասել են 14 մլն դոլարով։   Նախորդ տարվա համեմատ ռուսական շուկայից հոսքերը կրճատվել են գրեթե 17 մլն դոլարով։ Իհարկե, Ռուսաստանից ստացվող գումարները նվազել էին արձանագրվել նաեւ հուլիսին։ Սակայն օգոստոսին անկումը զգալիորեն խորացել է։ Եթե հուլիսին այն ընդամենը 2,3 տոկոս էր, ապա օգոստոսին հասել է 14 տոկոսի։ Ընդ որում, մուտքերը ռուսական շուկայից կրճատվել են ոչ միայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այլեւ հուլիսի համեմատ։ Պակաս է ստացվել ավելի քան 12 մլն դոլար։ Ռուսաստանից կատարվող փոխանցումների նվազումը բնականաբար առաջին հերթին ռուբլու դիրքերի թուլացման հետեւանք է։ Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցները զգալիորեն թուլացրին ռուբլու դիրքերը։ Կարճ ժամանակահատվածում այն հասցրեց բավականաչափ արժեզրկվել։ Մի պահ դոլարի գինը ռուսական շուկայում հատեց նույնիսկ 70 նիշի սահմանը։ Իհարկե, հաջորդող շրջանում ռուբլու դիրքերը որոշ չափով ամրացան, սակայն այն այսօր էլ շարունակում է մնալ ավելի ցածր դիրքում, քան արժեզրկումից առաջ էր։  Կենտրոնական բանկի տվյալներով, ֆիզիկական անձանց փոխանցումները Ռուսաստանից օգոստոսին եղել են 102 մլն դոլար՝ նախորդ տարվա շուրջ 119 միլիոնի դիմաց։ Թեեւ տարեկան մուտքերը դեռեւս դրական են, այնուհանդերձ աճի տեմպը գնալով կրճատվում է։

Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում Ռուսաստանից ստացվել է շուրջ 675 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավել է 33 մլն դոլարով կամ ընդամենը 5,1 տոկոսով։ Ասենք, որ յոթ ամիսների տվյալներով աճը գերազանցում էր 9,5 տոկոսը։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031