«Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Էդգար Առաքելյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Այս պահի դրությամբ պատրաստվում ենք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ունենք ձեւավորված քաղաքական թիմ, լավ ուժեղ խորհուրդ, մարդիկ, որոնք եւ մարզերում են, եւ Երեւանում, ներկայացնում են տարբեր ոլորտներ, իրենց ոլորտներում կայացած մարդիկ են»,-ասաց նա:
Հարցրինք, թե ինչով են այլընտրանք արդեն եղած կուսակցություններին:
«Մենք այլընտրանք ենք նախկին համակարգին, քանի որ համարում ենք, որ մեզանում հեղափոխությունը դեռեւս ավարտված չէ: Ես եւ իմ համախոհները ակտիվ մասնակցություն ենք ունեցել հեղափոխությանը: Մեզ համար հեղափոխությունը զուտ անձերի եւ իրավիճակի մեխանիկական փոփոխություն չէ; Հեղափոխությունը նախևառաջ քաղաքակրթական արժեք է, եւ մենք տեր ենք կանգնելու այդ արժեքին, հասնելու ենք նրան, որ Հայաստանում վերջնականապես տեղի ունենա հեղափոխություն, որի արդյունքը կլինեն երկրում արմատական ու խորը բարեփոխումները»,-ասաց Էդգար Առաքելյանը:
Հարցրինք, թե որոնք են իրենց ծրագրի ուժեղ կետերը: «Շատ ուժեղ կետեր ունենք՝ հատկապես սոցիալական շեշտադրումներ, մարդու իրավունքներ, աշխատանքային իրավունք, որ ոտնահարված է մեր երկրում: Մեզ շատ են դիմում քաղաքացիներ, որ աշխատավայրում իրենց իրավունքները ոտնահարվում են: Նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր ձեւաչափ կմշակենք, որը շատ կարեւոր ենք համարում հատկապես այս ժամանակահատվածում: Ինչ վերաբերվում է կրթական ոլորտին, կարծում ենք, որ բարձր տեխնոլոգիական կրթությունը Երեւանից պետք է կտրուկ տեղափոխվի մարզեր, այլ դրույթներ էլ կան մեր ծրագրում, որոնք կմանրամասնենք հետագայում»,-ասաց «Այլընտրանքի» ներկայացուցիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան էջից: