Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ե՞րբ ներկայանալ այդ նոր դեմքով ու ասելիքով, եթե ոչ՝ ներքաղաքական գլխավոր իրադարձությանը, այն է՝ ԱԺ ընտրությունների ժամանակ. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 20,2018 11:26
hhk

Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն չի փլուզվել, չի կազմաքանդվել, չի դադարեցրել կուսակցական կառույցների ու մարմինների աշխատանքը: Տեղին է ասել, որ ՀՀԿ-ն որոշակի ինքնամաքրման փուլ է անցել, լինի՝ խորհրդարանական խմբակցության շարքերի ինքնամաքրվելը, թե ուղղակի՝ շարքերի:

Էականն այն է, որ ՀՀԿ-ն պահպանել է կուսակցական կառույցներն ու ենթակառուցվածքը, իր կազմակերպական եւ մարդկային ռեսուրսների զգալի մասը:

Ավելին՝ ՀՀԿ-ն պահպանել է այն քաղաքական կորիզը, որն ապահովում է կուսակցության գաղափարական-քաղաքական-կազմակերպչական կարողականությունը: Իսկ դրանք այն կարեւոր բաղադրիչներն են, որոնք Հանրապետական կուսակցությանը լիարժեք հնարավորություն են տալիս, ինչպես ասվում է, հանրությանը ներկայանալ նոր դեմքով ու նոր ասելիքով:

Եվ էլ ե՞րբ ներկայանալ այդ նոր դեմքով ու ասելիքով, եթե ոչ՝ ներքաղաքական գլխավոր իրադարձությանը, այն է՝ ԱԺ ընտրությունների ժամանակ:

Ավելի՛ն: Պետք է ընդգծել, որ վերջին 5-6 ամիսներին ՀՀԿ-ն միակ կազմակերպված ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ հստակ դիրքորոշումներ ու գնահատականներ է արտահայտել հիմնական քաղաքական իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ: Մինչ մնացյալ գրեթե բոլոր ուժերն ու կուսակցությունները (չնչին բացառությամբ) ձգտել են հնարավորինս սիրաշահել Նիկոլ Փաշինյանին, «ժողովրդի» աչքին լավամարդ երեւալ, իրենց բաժին «հու-հա»-ն արտաբերել, ՀՀԿ-ն հակառակը, մշտապես հանդես է եկել քննադատական դիրքերից, ցույց տվել այն սխալները, որ, իրենց կարծիքով, թույլ են տալիս իշխանությունները:

Հանրապետական կուսակցությանը, այդ թվում՝ ՀՀԿ-ի առավել ակտիվ քաղաքական գործիչներին այս ընթացքում իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցները գերազանցապես պիտակավորել են, հակահեղափոխական ու հակապետական, հակաժողովրդական ու ինչ ասես, որ չեն ասել, վիրավորել են, հայհոյել, սպառնացել, բայց հիմնականում ապարդյուն, քանզի ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ նոր իշխանավորների ուղղորդած «տրալյայի» թիրախում հայտնված ՀՀԿ-ական ակտիվ գործիչները այս ամիսներին չեն շեղվել իրենց քաղաքական գծից:

Բացի ընդդիմադիր միակ ընդգծված ուժը լինելուց, կարծում ենք, ՀՀԿ-ն քաղաքական դաշտում գոյություն ունեցող այն սակավաթիվ կենսունակ կազմակերպություններից է, որ ունակ է ընտրապայքարի մեջ մտնել եւ ընտրողներին ներկայացնել ողջամիտ, իրատեսական, եթե կուզեք՝ այլընտրանքային ծրագիր, ի հակակշիռ եւ ի տարբերություն հույզերի եւ տրամադրությունների վրա «խաղացողների»:

Լավ, ենթադրենք, ՀՀԿ-ն որոշում է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, ինչը, կարծում ենք, ճիշտ քաղաքական քայլ կլինի, ամեն դեպքում: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ ներկայացնում են ՀՀԿ ցուցակով առաջադրվելիք թեկնածուների առաջին հնգյակը. Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին, Դավիթ Հարությունյանին, Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին:

Ավելին՝ բացարձակապես առանց լարվելու, կարելի է էլի երկու հնգյակ ՀՀԿ-ական գործիչների նշել, որոնց ներկայությունը մեր պետության խորհրդարանում կարող է միայն ցանկալի ու նպաստավոր համարվել, առաջին հերթին՝ պետության շահերի, ներքաղաքական հարաբերությունների ու զարգացումների մակարդակի տեսանկյունից:

Բայց վերցնենք «հնգյակում» անվանապես նշված գործիչներին: Ոչ մեկին չենք թերագնահատում, բայց, օրինակ, շատ հետաքրքիր կլիներ տեսնել մյուս քաղաքական ուժերի, կուսակցությունների, դաշինքների թեկնածուական ցուցակները (առաջիկայում այդ առիթը լիուբոլ լինելու է), իրենց առաջին «հնգյակ»-ները եւ պարզապես համեմատել, մեր նշածի հետ՝ ինտելեկտուալ ներուժի, պատրաստվածության աստիճանի, քաղաքական փորձառության, կազմակերպչական ունակությունների առումներով:

Մեկնաբանություններն ակնհայտորեն ավելորդ են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031