ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի վստահեցմամբ՝
ԵԺԿ խմբում կարողացել է կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ
տրամադրություններով համազեկուցողի նշանակումը:
«Առավոտի» հետ զրույցում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության աշխատանքն է ամփոփում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ըստ էության ոչ ոքի չի ներկայացնում: Արդարացվա՞ծ է վարչապետի այս տեսակետը՝ մանավանդ, որ Դուք ԵԽԽՎ-ի կողմից վերջին բանաձեւի ընդունումը ներկայացրիք որպես այս տեսակետի հակափաստարկ:
– Ես միշտ կարծել եմ, որ մտադրությունների մասին ամենալավը վկայում են գործողությունները, իսկ մեր պատվիրակության գործողությունները վկայեցին, որ նույնիսկ երկրի ղեկավարի ներքին լսարանի համար նախատեսված, սակայն արտաքին լսարանի համար վտանգավոր հաղորդագրություն պարունակող հայտարարության դեպքում էլ մենք չենք դադարել կատարել մեր աշխատանքը, այն է՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։
– Կնշե՞ք այն կարեւոր ձեռքբերումները, որոնք ունեցավ հայկական պատվիրակությունը Ձեր ղեկավարության տարիներին, եւ այն կարեւոր քայլերը, ինչ դեռ չեք հասցրել անել:
– Երբ ես դարձա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, շատ էր արծարծվում այն թեման, որ հայկական պատվիրակության համար բավական բարենպաստ ժամանակներ են, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Սակայն փորձը ցույց տվեց, որ ադրբեջանցիները չեն խորշում օգտագործել յուրաքանչյուր առիթ հակահայկական բանաձեւեր անցկացնելու համար։ Սա նշանակում էր, որ ամեն վայրկյան մենք պետք է պահպանեինք մեր զգոնությունը։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի՝ իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում մեզ հաջողվել է յոթ բանաձեւերում ու զեկույցներում ոչ միայն բացառել հակահայկական ձեւակերպումները, այլեւ հասնել նրան, որ դրանցում տեղ գտնեն հայանպաստ ձեւակերպումներ: Միայն այս հոկտեմբերի նստաշրջանի ընթացքում ադրբեջանցիները ցանկանում էին հակահայկական ձեւակերպումներ ներառել երկու բանաձեւերում: Առաջինը վերաբերում էր չճանաչված պետություններում, այսպես կոչված՝ «գորշ գոտիներում» Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մոնիթորինգային գործիքակազմի ներդրմանը։ Մենք ոչ միայն հասանք նրան, որ բանաձեւից դուրս բերվեցին Արցախին վերաբերող հակահայկական ձեւակերպումները, այլեւ բանաձեւը այնպես խմբագրվեց, որ դրան դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը։ Հաջորդ բանաձեւը «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում»-ն էր։ Բանաձեւում վերջին պահին ադրբեջանցիները ցանկանում էին ավելացնել Մեծամորի ատոմակայանի փակման վերաբերյալ դրույթ։ Սակայն նրանց այս փորձը եւս ձախողվեց։
– Ստրասբուրգում հանդիպե՞լ եք Լենա Նազարյանին, նրա այցը տարբեր կերպ մեկնաբանվեց: Լենա Նազարյանի այցելությունը Ստրասբուրգ կարո՞ղ է սկզբունքորեն փոխել ԵԽԽՎ-ի դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ:
– Այո, հանդիպել ենք տիկին Նազարյանի հետ։ Տիկին Նազարյանը այցելել էր ԵԽԽՎ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ եւ այդ հարթակում բարձրացնում էր իր կուսակցության դիրքորոշումը։ Ես չեմ կարծում, որ նրա այցելությունը սկզբունքորեն կփոխի ԵԽԽՎ դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ։ Այս կառույցի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր պետության վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է ոչ թե մեկ աղբյուրից, այլ մի շարք աղբյուրներից՝ սկսած հասարակական կազմակերպություններից, վերջացրած քաղաքական բոլոր ուժերով։ Սա է պատճառը, որ մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի դիրքորոշումը չի կարող էականորեն փոխել այն մոտեցումը, որ ԵԽԽՎ-ն ձեռք է բերում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համադրմամբ։
– ՀՀ-ի հարցերով նոր զեկուցող կա: Այս փաստը ենթադրո՞ւմ է սկզբունքային փոփոխություն ԵԽԽՎ-ի դիրքորոշման մեջ եւ Հայաստանի մոնիթորինգային պարտավորությունների զեկույցում:
– Ես նոր համազեկուցողի նշանակումը համարում եմ այս նստաշրջանում մեր ձեռքբերումներից մեկը։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը, ինչը, կարծում եմ, կնպաստի, որ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցը լինի առավել համակողմանի եւ հավասարակշռված։
– ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար լինելով ի՞նչ համբավ եք ստեղծել Հայաստանի վերաբերյալ այդ կառույցում եւ հետեւաբար ի՞նչ ժառանգություն եք թողնում նոր պատվիրակությանը:
– Այս հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ։ Սակայն մի բան կարող եմ ասել միանշանակ. նոր պատվիրակությունը ժառանգություն չի ստանա հակահայկական ձեւակերպումներով բանաձեւեր։
– Ձեր վերջին հարցազրույցում Դուք ասացիք, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց ո՞վ է չափում ժամանակը, եւ չե՞ք կարծում, որ շատ առումներով մինչեւ ժամանակը ամեն ինչն իր տեղը դնի, շատ հարցերով գնացքն անցած կլինի:
– Իմ պատասխանը մեկն է. անկախ ժամանակի չափման միավորներից՝ ես, որպես ՀՀ քաղաքացի, չէի ցանկանա, որ անցնող ժամանակը մեզ առերեսի բաց թողնված հնարավորությունների կամ ձախողումների հետ։
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
19.10.2018