Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական փոփոխությունները եւ Կենտրոնական բանկի անկախությունը

Հոկտեմբեր 20,2018 14:30
Քաղաքական իրադարձությունները անմիջական ազդեցություն են ունենում տնտեսական եւ ֆինանսական ոլորտի վրա: Դրա մասին են վկայում տարբեր երկրներում քաղաքական ճգնաժամերի եւ փոփոխությունների հետազոտությունները: Հաճախ այդպիսի իրադարձությունները, քաղաքական դաշտում չառաջացնելով անկայունություն, այնուամենայնիվ, պատճառ են հանդիսանում ֆինանսական շուկաների լայն տատանումների եւ անկայունության, ինչն իր հերթին տնտեսությունում հանգեցնում է անցանկալի հետեւանքների: Այդպիսի իրավիճակներում չափազանց կարեւոր է դառնում ֆինանսական շուկայի կարգավորողի դերը եւ նրա ունակությունը՝ արագ եւ համապատասխան արձագանքել փոփոխվող իրավիճակին:
Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ քաղաքական փոփոխությունները կարող էին առիթ հանդիսանալ ֆինանսական շուկաների տատանողականության բարձրացմանը: Սակայն ֆինանսական շուկաների բոլոր ցուցանիշներն այս ընթացքում մնացին համեմատաբար կայուն մակարդակի վրա:
Դիտարկենք Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամսական պարբերականությամբ հրապարակվող ֆինանսական կայունության հիմնական 6 ցուցանիշներից կարեւորագույն երկուսը՝ չաշխատող վարկերի հարաբերությունը ընդհանուր վարկերին եւ բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորություններին: Առաջին ցուցանիշը 2018թ. առաջին կիսամյակում 5.56%-ից փոխվել է 6.3%-ի, ինչը խոսում է այն մասին, որ չաշխատող վարկերի մասնաբաժինը մի փոքր ավելացել է, իսկ երկրորդ ցուցանիշը նույն ժամանակահատվածում 150.1%-ից  փոխվել է 132.1%-ի: Պետք է նշել, որ այս փոփոխությունները դուրս չեն գալիս երկարաժամկետ կտրվածքով ընդհանուր միտումներից: Բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորություններին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նվազել է գրեթե նույն չափով՝ 8.5%-ով: Բացի այդ, տատանողականության ցուցանիշը 2018թ. առաջին կիսամյակում «չաշխատող վարկերի հարաբերությունը ընդհանուր վարկերի» ինդիկատորի համար կազմել է 8% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6%-ի նկատմամբ: Իսկ «բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորություններին» ինդիկատորի տատանողականությունը կազմել է 5% նախորդ տարվա 3%-ի նկատմամբ:
Դիտարկենք նաեւ շուկայական մի այլ կարեւոր ցուցանիշ՝ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը նշված ժամանակահատվածում: Դրամի փոխարժեքը 2018թ. առաջին կիսամյակում արժեւորվել է 0.5%-ով, իսկ ամսական կտրվածքով հաշվարկված տատանողականությունը կազմել է 3.3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 0.8% եւ 4.4%: Համեմատության համար նշենք, որ նույն մեթոդաբանությամբ  հաշվարկված տատանողականության ցուցանիշը՝ ռուսական ռուբլի/ԱՄՆ դոլար փոխարժեքի համար 2018թ. 1-ին կիսամյակում եղել է շուրջ 20 անգամ ավելի բարձր, իսկ Դոու-Ջոնսի ինդեքսի համար շուրջ 10 անգամ ավելի բարձր, քան դրամ/ԱՄՆ դոլար կուրսի տատանողականությունը: Այս ամենը վկայում է այն մասին, որ 2018թ. առաջին կիսամյակում Հայաստանի ֆինանսական շուկաները մնացել են կայուն, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկն ի վիճակի է եղել արագ եւ համապատասխան արձագանքելու փոփոխվող իրավիճակին:
Հայտնի է, որ տնտեսական զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունի ինստիտուտների կայացման մակարդակը: Վերջին տարիների ուսումնասիրությունները (այդ թվում նաեւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում իրականացված) ցույց են տալիս, որ անցումային եւ զարգացող երկրների համար այդ գործոնն ունի որոշիչ նշանակություն: Որոշ ինստիտուտների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է իրենց անկախության մակարդակով: Օրինակ՝ դատական համակարգը կարող է արդյունավետ գործել միայն անկախ լինելու պայմաններում:
Շուկայական տնտեսություններում ֆինանսական շուկաների արդյունավետ գործունեության համար ամենակարեւոր նախապայմանը Կենտրոնական բանկի անկախությունն է: Ապացուցված փաստ է այն, որ արագ եւ ադեկվատ արձագանքելու համար Կենտրոնական բանկը պետք է կայացնի անկախ որոշումներ: Դա հատկապես կարեւոր է անցումային շրջանում, երբ տեղի է ունենում քաղաքական էլիտաների վերաձեւափոխում: Այս պայմաններում անկախ գործելու իրավական եւ փաստացի բավարար լծակների առկայությունը հնարավորություն է տալիս ԿԲ-ին չենթարկվել տարատեսակ ճնշումների եւ գործել ի շահ ֆինանսական շուկաների եւ գների կայունության պահպանման:
Այն բարեփոխումները, որոնք այսօր տեղի են ունենում մեր երկրում, պետք է նաեւ միտված լինեն ՀՀ Կենտրոնական բանկի դե յուրե եւ դե ֆակտո անկախության ամրապնդմանը: Այս հանգամանքի կարեւորությունը երեւաց նաեւ մեր երկրում տեղի ունեցած վերջին ամիսների իրադարձություններից եւ ֆինանսական կայունության պահպանման հնարավորությունից:
ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր

«Առավոտ»

19.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031