Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի նախկին պետ Վահե Մովսիսյանի օգտին կայացրած վճիռը պակաս խոսուն չէր՝ 37 էջ է:
Վահե Մովսիսյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, խնդրել, որպեսզի անվավեր ճանաչվեն պատասխանող թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից այս տարվա մարտի 23-ին կայացրած թիվ 66- Ա, ինչպես նաեւ մարտի 30-ի թիվ 85-Ա հրամանները:
Հայցվորն աշխատել է տասնչորս տարի: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Պատասխանող տնօրենն աշխատում է անցյալ տարվանից:
Վերջինի հրամանով էլ Վ. Մովսիսյանին հանձնարարվել էր աշխատակիցների անձնական գործերը, հրամանները, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները, հրամաններն ու հրամանագրքերը հանձնել իրեն: Հայցվորը ցանկացել էր պատշաճ ձեւով իրականանա այդ ամենը, այսինքն՝ ընդունման եւ հանձնման ակտով, ինչը մերժվել էր տնօրենի կողմից: Հայցվորը գրավոր նշում էր կատարել տնօրենի հրամանի վրա:
Ըստ հայցվորի, տնօրենը նկատողություն էր տվել իրեն, իսկ նկատողություն տալու հաջորդ օրն էլ տնօրենն առանց Վ. Մովսիսյանի ներկայության, այլ աշխատակիցների միջոցով, նրա աշխատասենյակից աշխատակիցների անձնական գործերը տեղափոխել է իր աշխատասենյակում գտնվող պահարանը:
«Պարզ չէր, թե տնօրենի աշխատասենյակում գտնվող մետաղյա պահարանն ինչ հիմքով է հանդիսանում անվտանգության պահարան, արդյոք դրա անվտանգության պահպանման համար պայմանագիր է կնքվել ՀՀ ոստիկանության հետ, եւ այդ պահարանը կահավորված է ազդանշանային համակարգով, եւ այդ պատճառով է նշված փաստաթղթերի պահպանությունը նպատակահարմար տնօրենի աշխատասենյակի պահարանում, այլ ոչ վստահորդիս, ով ամենօրյա աշխատանքային պարտականությունները կատարելիս օգտվել էր այդ փաստաթղթերից»,- նշված էր հայցադիմումում:
Վ. Մովսիսյանը դիմել էր թատրոնի Արհեստակցական միությանը: Ի դեպ, «Առավոտի» տրամադրության տակ գտնվող դիմումում Վ. Մովսիսյանը գրել էր. «Անտեսելով գործատու-աշխատող հարաբերության, ինչու չէ, նաեւ էթիկայի եւ վարվեցողության տարրական պայմաններն ու կանոնները, տնօրենն օրենքի խստագույն խախտումով, առանց համապատասխան հրամանի ու ակտի, առգրավել է անձնակազմին վերաբերող ողջ փաստաթղթային տնտեսությունը, որոնք ունեցել են մտացածին հետեւանքներ: Հիմնա զուրկ հրամանների արդյունքում ապրիլի 17-ից ես նույնպես թատրոնում չեմ»: Արհեստակցական միությանը դիմելուց հետո էլ հետեւել է տնօրենի խիստ նկատողությունը:
Հայցադիմումում այս կապակցությամբ գրված էր. «Ենթարկվել եմ խիստ նկատողության, այն պատճառաբանությամբ, որ Արհեստակցական միությանը ուղղված դիմումի բովանդակության մեջ առկա են տվյալներ տնօրենի օգնականի եւ կազմակերպության տնտեսագետի աշխատավարձերի վերաբերյալ»:
Վ. Մովսիսյանն «Առավոտին» իր՝ աշխատանքից ազատման շարժառիթի մասին ասում է. «Պատճառն այն էր, որ տնօրենը որոշ աշխատակիցների անօրինական հեռացրել էր, ինչին ես դեմ եմ եղել: Ամեն անգամ իմ կարծիքն եմ հայտնել երկուհարյուրից ավելի աշխատակիցների մասին: Վերջին հրամանը դերասանուհիներից՝ Ա. Միքայելյանի ազատումն էր, բազմազավակ ընտանիքի մոր, որը իրականացավ «սարքովի» զեկուցագրի հիման վրա, ինչին դարձյալ դեմ եմ արտահայտվել»:
Տնօրենի հրամանը հայցվորի ներկայացուցչի՝ «սահմանված հանձնարարությունը ժամանակին չկատարելու» համար էր, ինչն իրավաչափ չէ, քանի որ ըստ փաստաբան-ներկայացուցչի. «Պատասխանողը կարգապահական տույժ կիրառելուց առաջ օրենքով սահմանված կարգով բացատրություն չի պահանջել Վ. Մովսիսյանից, վերջինս սեփական նախաձեռնությամբ է բանավոր եւ գրավոր բացատրություն տվել փաստաթղթերի հանձնումն առանց համապատասխան ընթացակարգի կատարելու աննպատակահարմարության վերաբերյալ»:
Ինչ վերաբերում էր, թե ինչու է Վահեն դիմել Արհեստակցական միությանը, նրա ներկայացուցիչը դատարանին հայտնել է. «Ակնհայտ է, որ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն- ՊՈԱԿ-ի արհեստակցական միությունը միավորել է կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին, որպեսզի իրականացնի աշխատողների մասնագիտական, տնտեսական, սոցիալական, իրավունքներն ու շահերի ներկայացումն ու պաշտպանությունը»:
Նախկին սունդուկյանցին նամակ էր ուղարկել նաեւ ՀՀ մշակույթի նախարարին, ներկայացնելով իրեն. 35 տարվա արհեստավարժ լրագրող է, Վիլսոնի անվան առաջին կարգի հուշամեդալակիր, երեք գրքերի հեղինակ:
Դատավոր Հ. Զարգարյանը բավարարել է Վահե Մովսիսյանի հայցն ամբողջությամբ, վճռել վերականգնել նրան նախկին աշխատանքում, վճռել՝ բռնագանձել թատրոնից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ենթակա գումարը, նաեւ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը:
Ուշադրության արժանի է դատարանի իրավական վերլուծություններն ու եզրահանգում հատվածը:
Մասնավորապես. «Գործում առկա է 66-Ա հրամանի վրա հայցվորի կողմից կատարված նշում, որով հայցվորը արտահայտելով իր դիրքորոշումը, չի հրաժարվել, այդ հանձնարարությունը կատարել, այլ խնդրել է նույն հրամանով սահմանված ժամկետը երկարացնել: Այդ մասին են վկայում պատասխանողի կողմից կազմված 85-Ա հրամանի երկու հավելվածները, որոնք իրենց բովանդակությամբ գործատուի՝ տնօրենի կարծիքն են հայցվորի կողմից տրված հանձնարարականների վերաբերյալ, որոնք կատարվել են փաստորեն հայցվորի կողմից, սակայն այլ բան է, որ դրանք պատասխանողին չեն գոհացրել, եւ վերջինս դրանց վերաբերյալ ունեցել է դիտողություններ եւ նկատառումներ, որպիսի հանգամանքը դեռեւս ինքնին չի նշանակում, որ այդ հրամանները եւ հանձնարարությունները նշված մասով չեն կատարվել»:
Դատարանն արձանագրել էր, որ կարգապահական տույժ տալու ժամանակ, հրամանն արձակելուց առաջ, գործատուն հայցվորի նկատմամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու տեսքով, չի պահանջել գրավոր բացատրություն, չի ներկայացվել այն պահանջված լինելու, եւ այդպիսին հայցվորի կողմից ներկայացնելուց հրաժարվելու մասին որեւէ ապացույց, որը հիմք է, ոչ իրավաչափ հրամանը ճանաչելու համար:
Դատարանը փաստել էր, որ թատրոնի կողմից չի ներկայացվել «բավարար թույլատրելի եւ վերաբերելի ապացույց առ այն, որ նկատողության տեսքով կարգապահական տույժը կիրառելուց՝ հրամանի արձակումից առաջ հայցվորից պահանջվել է բացատրագիր, եւ վերջինս հրաժարվել է այն ներկայացնելուց:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ– Այս գործով արհեստակցական միությանն ուղղված դիմումի հետ կապված թատրոնի ներկայացուցիչը հայտնել էր, թե «անձնական տվյալներ են» տրամադրվել հայցվորի կողմից, աշխատողների աշխատավարձը նշելով: Դատարանը հարկ էր համարել պատասխանել այն իրավական հարցադրմանը, թե արդյոք աշխատավարձի չափը հանդիսանո՞ւմ է օրենքի իմաստով «անձնական տվյալ», թե՝ ոչ: Հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, դատարանը հանգել էր հետեւյալին. աշխատավարձի չափն անձի ինքնության հետ որեւէ աղերս չունենալու պարագայում չի կարող օրեսդրի տրամաբանությամբ դիտվել անձնական տվյալ, դրա չափի վերաբերյալ տեղեկություններ հայտնելը չի կարող գնահատվել որպես անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական պահանջի խախտում»:
«Առավոտ»
19.10.2018