Լուսանկարիչ եւ նկարիչ, բազմաթիվ արժեքավոր գիրք-ալբոմների հեղինակ Սեն Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում հիշողություններ պատմեց աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» Արա Գյուլերի վերաբերյալ, ում հետ շփվել է տարբեր առիթներով: Գյուլերը նրան տրամադրել էր իր լուսանկարները` «Արարատ» ալբոմի համար, որի ֆրանսերեն տարբերակն օրերս է հրատարակվել:
Սեն Հովհաննիսյանը պատմում է, որ առաջին անգամ Արա Գյուլերին հանդիպել է 2005թ:
«Արարատի» վրա էր աշխատում եւ ուզում էր անպայման հանդիպել Գյուլերի հետ, քանի որ նա 60-ականներին բարձրացել էր Արարատի գագաթը: «Ուզում էի որոշակի նյութեր վերցնել Արարատ իր վերելքի մասին: 3 օր չարչարվեցի, Ստամբուլում բավականին հայտնի մտավորականներ, այդ թվում՝ Ռոպեր Հատտեճյանը, ուզում էին կազմակերպել հանդիպումը, բայց չէր ստացվում: Մի օր անցնում էի, տեսա սրճարան «Արա» ու ներս մտա: Ժամը 9-ի կողմերն էր, տեսա մի մարդ ձեռքերը մեջքին դրած անցնում է: Նայեց ինձ ու բարեւեց, թեեւ իրար չէինք ճանաչում: Հետո մոտեցավ ու հարցրեց՝ արդյոք Հայաստանի հյո՞ւրն եմ, որի հետ պետք է հանդիպեր: Ասացի` այո: Հարցրեց` անոթի՞ ես, ասացի` առավոտյան միայն սուրճ եմ խմում: Խնդրեց սպասեմ, քանի որ պետք է քիչ այնկողմ նստած անգլուհի գրողին լուսանկարեր, գործն ավարտեց, մոտեցավ ինձ»,-հիշում է Սեն Հովհաննիսյանը:
Ասում է՝ այնուհետեւ միասին սուրճ են խմել ու սկզբում խոսակցությունը այնքան էլ չի ստացվել: «Սկզբում դժվար էի իր հետ շփվում, անընդհատ մտազբաղ էր: Չէիր հասկանում` քեզ հե՞տ է զրուցում, թե՞ ուրիշի: Սուրճը խմեցինք, առաջարկեց, որ մտնենք իր տուն-թանգարանը: Դուռը, որ բացեցինք, ներս մտանք, առաջինը, որ հանդիպեցի` Սալվադոր Դալիի մեծ` 1,5 մետրանոց հայտնի լուսանկարն էր: Աստիճաններով վերեւ բարձրացանք: Ինձ գրավեց կարմիր գույնով ներկված հատակը, այդպիսին էր հատակը շատերի տներում խորհրդային տարիներին…Գյուլերի տուն-թանգարանում բազմաթիվ լուսանկարներ տեսա, ինքը չէր խոսում, նայում էր, կամ շատ քիչ էր խոսում: Ասում էր` աշխարհի բոլոր երկրներում եղել է, նկարել է, որ մարդիկ ճանաչեն աշխարհը իր լուսանկարներով: Աշխատասենյակում ուշադրությունս գրավեցին մի քանի շրջանակների մեջ դրված նկարներ: Նաեւ ալբոմ ուներ, որտեղ այն լուսանկարներն էին, որոնք ամենաճանաչված հեղինակավոր արվեստագետների հետ իր շփումն էին հիշեցնում, նաեւ իրենց արված լուսանկարներն էին` Պիկասո, Դալի, Շագալ, Փարաջանով: Զարմացած հարցրի նկարների մասին, որոնք գրաֆիկական գործեր էին, նկարված եւ ստորագրված այդ հայտնի հեղինակների կողմից ու նվիրված Գյուլերին: Հարցրի, թե չի՞ ուզում Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրել: Ասաց, որ ոչ մեկի չի պարտադրում, եթե ցանկանան, կնվիրի»,-պատմեց մեր զրուցակիցը:
Նաեւ նշեց, թե ինչպես է Արարատի վերաբերյալ լուսանկարներ խնդրել աշխարհահռչակ լուսանկարչից: Գյուլերն էլ պատմել է, թե ինչպես է ինքնաթիռով իջել Արարատի վրա, ցանկացել հավաստիանալ` իսկապես Նոյյան տապան եղե՞լ է, թե՞ գեղեցիկ առասպել է: Արա Գյուլերը մի շարք լուսանկարներ է տրամադրել Սեն Հովհաննիսյանին` Արարատը Բայազետից, Բայազետի ամրոցը, Արարատը գիշերով եւ այլն:
Մեր զրուցակիցը պատմում է նաեւ, որ Արա Գյուլերը հումորով անձնավորություն էր, օրինակ, իր լողալուց հետո կատակել է, թե ծովը գույնը փոխել է, եւ ռեստորանում հարցրել է, թե երբ են ձուկը բռնել: Նաեւ կատակել է` այս պարոնի լողալուց հետո մի քանի օր չպետք է ձուկ ուտենք:
Սեն Հովհաննիսյանն ասում է նաեւ, որ Արա Գյուլերը ուղղակի պաշտամունքային անձնավորություն էր Թուրքիայում: Հիշում է. «Քայլում էինք փողոցով, դիմացներս դուրս եկան մի քանի թուրքեր, մեկը, որ կապուտաչյա էր, մոտեցավ Արային, ձեռքը համբուրեց, դրեց ճակատին, հետո գրկեց: Պարզվեց՝ մշակութային ոլորտի պաշտոնյաներից է, իրեն շատ էին հարգում, նույնիսկ քիչ էր մնում խոնարհվեր»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Արա Գյուլերի լուսանկարները տրամադրել է Սեն Հովհաննիսյանը:
«Առավոտ»
19.10.2018