Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արվեստը պետք է հանել դատաիրավական համակարգի գնահատականներից»

Հոկտեմբեր 20,2018 13:00

Ռուբեն Բաբայանի դիտարկումները

Եթե Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքի շնչով անդրադառնանք ժամանակակից հայ թատրոնին, ապա կստացվի հետեւյալ պատկերը. բազմաթիվ թատրոններ կան Հայաստանում, բայց նոր ներկայացումներ գրեթե չենք տեսնում: Նոր ներկայացումներ չենք տեսնում, բայց ամեն տարի միջազգային հեղինակավոր փառատոների են մասնակցում եւ բազմաթիվ մրցանակներ են նվաճում հայ թատերախմբերը: Թատերախմբերի ու թատրոնների անուն ենք տալիս, բայց հիմնականում մենաներկայացումներ են ներկայացվում ամենուր, մենաներկայացումներ են ներկայացվում, բայց հանդես են գալիս ժամանակակից հայկական թատրոնի անունից: Հայ հանդիսականը առաջվա նման «թատերասեր» չէ, եղած թատերասերներն էլ մեծամասամբ դժգոհում են հրամցվածի որակից, բայց պարբերաբար մամուլում հայտնվում են հոդվածներ միջազգային բեմերում հայկական թատրոնի «հաղթարշավների» մասին. Դերենիկ Դեմիրճյանը, իհարկե, կասեր՝ «Արդեօք մի բան հասկանո՞ւմ եք Հայից»…

Թեմայի վերաբերյալ ռեժիսոր, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց. «Գնահատական հնչեցնելիս խանգարում է ընդհանրացումը, այն է՝ թատրոն չկա, կինո չկա, գրականություն չկա եւ այսպես շարունակ: Հայտարարում եմ՝ ամեն ինչ կա եւ շատ տարբեր: Հաճախ «թատրոն չկա» արտահայտությունը լսում ես մարդկանցից, որոնք պարզապես թատրոն չեն հաճախում, այդ թվում՝ նաեւ մասնագետներ: Կամ՝ դիտում են մեկ-երկու ներկայացում եւ ստացած կարծիքը ընդհանրացնում ողջ թատերական դաշտի համար: Տիկնիկային թատրոնը նոր է վերադարձել Մոսկվայից, մասնակցում էինք «Օբրազցով ֆեստ» միջազգային փառատոնին՝ Զարուհի Անտոնյանի ռեժիսուրայով Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թեւավորը» եւ ռեժիսորի հեղինակած «Ամպից պոկված հեքիաթը» բեմադրություններով: Ընդ որում, միայն մեր թատրոնն էր ներկայացնում երկու աշխատանք….Վերջերս, օրինակ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցի «Սասնա ծռերը» (ռեժիսոր՝ Սամսոն Մովսիսյան), փայլուն էր, ժամանակակից՝ իր ֆորմայով, նյութի մատուցման ձեւով… Թատրոնն այն արվեստն է, որը չունի դասական ձեւ, թատրոնի պարագայում այդ դասական ձեւը մեռածն է: Սա երաժշտություն չէ, ոչ էլ կերպարվեստ, ստեղծվում է այս վայրկյանին, իհարկե՝ կյանքի կոչվում հանդիսատեսի շնորհիվ, իսկ ներկայացման ավարտից հետո՝ մահանում: Ի դեպ, արվեստի գործիչներից ոչ ոք այդքան արագ չի ստանում լայն ճանաչում հասարակության կողմից եւ ոչ ոք այդքան շուտ չի մոռացվում, ինչպես դերասանները: Օրինակ՝ ժամանակակից սերնդի համար Հրաչյա Ներսիսյան, Ժան Գաբեն եւ այլ անուններ, մեծ հաշվով ոչինչ չեն ասում»: Հետո էլ հավելեց. «Թատերարվեստի կենտրոնում պետք է լինի մարդը, բայց դա չի նշանակում, որ ես բացառում եմ ստենդափ սկզբունքով արված շոուներ: Թատերարվեստն իր առջեւ դնում է ուրիշ խնդիր՝ մարդու ներաշխարհն ուսումնասիրելու եւ հանդիսատեսին երկխոսության հրավիրելու: Անկասկած, ներկայացումը վերջնական տեսք է ստանում, երբ միանում է հանդիսականի երեւակայությունը, երբ նա սկսում է մեզ հետ միասին ստեղծագործել»:

Ռեպլիկին՝ հաճախ պրեմիերաներից հետո թատերագետները հրաժարվում են կարծիք հայտնել, պարոն Բաբայանն ասաց. «Թատերագետը դատավոր չէ, նա ընդամենն իր կարծիքն է հայտնում: Չգիտեմ՝ ինչու են հրաժարվում: Յուրաքանչյուր կարծիք արժանի է ուշադրության: Իսկ ընդհանրապես արվեստը պետք է հանել դատաիրավական համակարգի գնահատականներից: Մեկ ցանկություն ունեմ, ինչը չեմ հոգնի անվերջ կրկնելուց՝ հայ արվեստը համաշխարհային արվեստի մի մասն է, մի փակվեք նեղ սահմաններում, լայն մտածեք, շարունակեք սովորել ու սովորել»:

Մենք էլ փոքր-ինչ շեղվելով թեմայից, Ռուբեն Բաբայանին տեղեկացրինք, թե մեր պետական թատրոններից մեկում որոշվել է մեկ ներկայացման մեջ գլխավոր դերակատարման համար վճարել ընդամենը 7000 դրամ: Մեր կարծիքով՝ դա վիրավորական է ցանկացած դերասանի համար: Ռեժիսորն ասաց. «Սա լուրջ թեմա է, ոչ մի իշխանություն, պետություն ու կառավարություն չի կարող ստեղծել մշակութային արժեք, փոխարենը սահմանելով օրենսդրական դաշտ, նա կարող է նպաստել այդ արժեքների ստեղծմանը: Պետության գործառույթն այստեղ ես տեսնում եմ համակարգային փոփոխությունների շրջանակում, որոնք, ցավոք, այսօր չեն իրականացվում: Մեր թատրոնները գործում են կարծրացած, ժանգոտած եւ արվեստագետներին նվաստացնող համակարգում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031