Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքը դիրքերում

Հոկտեմբեր 20,2018 12:30

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերն ապրիլյան պատերազմի ողջ ընթացքում անառիկ մնացին. հայ հրետանավորները, անվրեպ ջախջախելով հակառակորդի սպառազինությունը, կասեցրին նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք:

Թշնամու արձակած կրակոցներն այստեղ հաճախակի բնույթ են կրում, սակայն ինչպես հավաստիացնում են մեր դիրքապահները՝ պատասխան կրակ լինում է միայն անհրաժեշտության դեպքում: Զինվորները մշտական դիտարկում են կատարում՝ միմյանց փոխարինելով մարտական հերթապահությունն իրականացնում անթերի: Հակառակորդի ցանկացած շարժ որսում են նաեւ դիրքապահ շները՝ դիրքի մշտարթուն պահապանները: Փոքրիկ այս շունը, որը տեղավորվում է դասակի հրամանատարի ափի մեջ, յուրօրինակ իր հաչոցով ազդարարում է՝ օտար մարդ է մոտենում դիրքին, շնագայլ (շակալ), թե յուրայիններից մեկը: Սպիտակը՝ Բելկան, որսորդական շուն է, սիրում է որսի գնալ, ինչպես նաեւ առաջապահ ստորաբաժանման հրամանատարի հետ տարածքը վերահսկել: Իսկ այս գեղեցկադեմ շունը, որին զինվորները Լեդի անունն են տվել, չի սիրում անծանոթներին ու հաչոցով փորձում է կանխել օտարների մուտքը իրենց պաշտպանության տարածք:

Հակառակորդի դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ծառայություն իրականացնող զինվորների համար իրենց առօրյան սովորական է, մեզ համար են նրանք հերոս տղաներ՝ կյանքի ու մահվան սահմանագծում արիաբար ծառայող: Նրանք համեստ են, բարձր պատասխանատվությամբ իրենց պարտքն են կատարում՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանների իրենց վստահված հատվածը:
Դիրքում մի փոքրիկ սրբատեղի կա, աղոթարան, հաճախ են զինվորներն այստեղ մոմ վառում, իրենց աղոթքներում շշնջալով՝ խաղաղ այգաբացներ մեր հայրենիքին, առողջություն ծնողներին ու համբերություն սիրած աղջիկներին…

Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներն արդեն զորացրվել են, նորակոչիկներն են եկել, վեցամսյա պարապմունքներից հետո, համալրելու առաջապահ ստորաբաժանման շարքերը: Իսկ ավագ լեյտենանտ Տ. Հակոբյանն արդեն հինգերորդ տարին է՝ դիրքապահ դասակի հրամանատար է, տարվա մեծ մասն ապրում է դիրքերում՝ իր տղաների հետ… Նա շատ է սիրում իր զինվորներին ու մեծ պատասխանատվություն կրում յուրաքանչյուրի անվտանգության, անգամ լավ տրամադրության համար: Նրա դասակում տխուր կամ ընկճված զինվորի դժվար է հանդիպել, բոլորի մարտական ոգին բարձր է:

Սահմանապահ հրամանատարն անքնությամբ է տառապում, անհագ կլանում է ծխախոտի ծուխն ու բացվող առավոտի ձայներն ունկնդրում։ Նա գիտե, թե ինչ արժե պատերազմող երկրի խաղաղ այգաբացը։ Նրան է վստահված սահմանագծի հարավարեւելյան հատվածի պաշտպանությունը, նրան է վստահված դեռ 20-ը չբոլորած տաքարյուն երիտասարդների մի դասակ, որոնց համար վտանգի պահերին պաշտպան է, պատանեկան տաքարյուն վեճերի պահին՝ խորհրդատու։ Զինվորները սիրում են իրենց հրամանատարին ու հասուն զգոնությամբ հերթափոխն իրականացնում։ Դիրքապահի պատասխանատու դերում առաջին անգամ հայտնված զինվորներն արդեն հրահանգավորված են, որ դիրքերում՝ հակառակորդի դիպուկահարի տեսադաշտում, մարտական ծառայության կարեւորագույն նախապայմանն իրենց զգոնությունն է, պատրաստվածությունը, ծառայակիցների միջեւ լիարժեք փոխվստահության մթնոլորտը եւ միմյանց օգնելու պատրաստակամությունը:

Այստեղ կյանքն ասես այլ արժեք ունի: Դիրքերում ծառայությունը յուրովի հավասարության նշան է դրել սպայի եւ զինվորի միջեւ: Նրանք մարտական ընկերներ են, մի ընտանիք, եւ ինչպես ավանդական հայկական ընտանիքում՝ մեկը պատասխանատվություն է կրում բոլորի համար, բոլորը՝ մեկի:

Հենց այս դիրքերում զինվորներին եւ երիտասարդ հրամանատարներին երկարամյա ծառայության իր հարուստ փորձն է փոխանցում Մոնթե Մելքոնյանի զինվորը` արցախյան ազատամարտի եւ ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, վաշտի ավագ Ս. Ղահրամանյանը: Խստապահանջ եւ բարի զինվորականը, զորամասի պահպանության տեղամասերում շրջելով, տարիներ շարունակ դիրքապահ զինվորներին է փոխանցում մարտական հերթապահության իրականացման, կցագրված զենքերի կիրառման հմտությունները, քանզի պատերազմական իրավիճակում յուրաքանչյուր զինատեսակի ճշգրիտ կիրառումն է կանխում հավանական կորուստները:

Սահմանին խաղաղությունը հիրավի չափազանց փխրուն է, երերուն, եւ նրա արժեքը թերեւս լավ գիտեն հայոց աշխարհի խաղաղության պահպանումն իրենց իրական կոչումը համարող դիրքապահ սպան ու զինվորը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

19.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031