Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունեց Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների:
Հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշեցին, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը:
Աշխատակիցների հիմնական պահանջն էր ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից:
Վարագ Սիսեռյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով: Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:
Վարագ Սիսեռյանը նաև հավելեց, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ