Աղվերանում կայացած սեմինարի ժամանակ, որտեղ ներկայացվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) գործունեությունը, ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն ասել էր, թե կրթական համակարգն ըստ արժանվույն չի օգտագործում ԿՏԱԿ-ի բազան, նաեւ փաստել էր, որ դպրոցներն ամբողջությամբ չեն լրացնում այն տվյալները, որոնք պահանջում է ԿՏԱԿ-ը:
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը քննարկման ժամանակ թեմայի վերաբերյալ խոսելիս նշեց, որ դրա համար դպրոցը պետք է ունենա հաստիք, որով զբաղվի այդ գործով: Նրա խոսքով, ստացվում է այնպես, որ ամեն ինչ բարդվում է ուսուցչի վրա եւ նրան չարաշահում են: «Ես հստակ գիտեմ, որ սովորաբար դպրոցներում դա անում են գործավարները, ինֆորմատիկայի ուսուցիչները, մինչդեռ դպրոցներ կան, որ անգամ գործավար չունեն, որովհետեւ համապատասխան բյուջե չունեն»,-ասաց տիկին Ստեփանյանը; Նաեւ ընդգծեց, որ շատ դպրոցներ անգամ ինտերնետ ու համակարգիչ չունեն:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համակարգի մեջ աշակերտների տվյալները ներմուծելը բարդ է մեկ անգամ, սակայն հետագայում հեշտացնում է նույն տնօրենի աշխատանքը: «Եթե դու մեկ անգամ մուտք արեցիր համակարգում տվյալները, դրանից հետո ընդամենը փոփոխություններ ես անելու: Օրինակ, եթե երեխան դպրոցից գնաց, ընդամենը սեղմակներով դա փոխելու ես:
Խնդիրը վերաբերմունքի մեջ է՝ թվային տվյալների նկատմամբ: Ցույց տվեցինք դա Արմավիրի հինգերորդ դպրոցի օրինակով: Եվ եթե Արմավիրում տնօրենը ցանկություն է ունեցել դա անել ու ավարտել է մեկ շաբաթում, ուրեմն հիսուն երեխա ունեցող դպրոցը դա կանի մեկ օրում»,-ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը; Նա փաստեց, որ համակարգը շատ պարզ է ստեղծված եւ մատչելի է բոլորին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ