«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հին ու նոր Երևանի վավերագրերի յուրօրինակ ցուցադրություն է բացվել «Մետրոնոմ» կենտրոնում։ Երևանի 2800 ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ, որոնցից ամենահինը` Երևանի բերդի և Ձորագյուղի ընդհանուր տեսարանը պատկերող լուսանկարն է /1885թ./։
ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի կազմակերպած ցուցահանդեսի 60-ից ավելի լուսանկարները պատմում են հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, նշանավոր անձանց մասին։
Ցուցահանդեսը բացվել է Հին Երևանի մասին պատմող ֆիլմով, որն ուղեկցվել է Շառլ Ազնավուրի կատարումներով: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի առաջարկով միջոցառման մասնակիցները ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափահարություններով են հարգել մեծ հայի ու շանսոնյեի հիշատակը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը։ Ողջունելով միջոցառման նախաձեռնությունը Ն․ Ղարիբյանն անկեղծացել է` «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը իրեն տեղափոխել է մանկություն։
«Եթե մենք կարողանայինք պահպանել հին Երևանի ամբողջական կենտրոնը, պահպանել հին կառույցների արտաքին տեսքը և ձևափոխել միայն ներսը, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում կա հին կենտրոն հասկացությունը, ապա մենք էլ այսօր կունենայինք դարերի շունչը, հոգին պահպանած հին քաղաք, որը ցավոք չկա», -նշել է Մշակույթի նախարարի տեղակալը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով ցուցահանդեսում ներկայացված են Հին Երևանի մասին վկայող հրաշալի վավերագրեր:
«Մենք ցանկացել ենք հին Երևանի վավերագրերը մեր բնակչությանը ավելի հասանելի դարձնել ցուցադրության միջոցով ոչ թե թանգարաններից մեկում, այլ դուրս ենք բերել հանրային վայր` նպատակ ունենալով ավելի մոտ լինել հասարակությանը։ Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդը հնարավորություն ունենա տեսնել 2800-ամյա Երևանը, նրա ճարտարապետական դիմագիծը, ինչպես Սևակն է բնորոշել՝ քարե նազանքը, ուզում ենք այդ նազանքի բոլոր նրբերանգները ցույց տալ այսօրվա երիտասարդներին», -ասել է Արա Թարվերդյանը։
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ